Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճգնաժամը չի ազդել

Դեկտեմբեր 03,2009 00:00

ՊՊԾ-ի աշխատակիցների կարիքը այս տարի 5-7%-ով աճել է

ՀՀ Պետական պահպանության ծառայությունն այսօր իրականացնում է 4068 օբյեկտի եւ 1200 մասնավոր բնակարանների պահպանություն: 4068-ից պետական օբյեկտ է միայն 140-ը: Պետական բյուջեից Պետական պահպանության ծառայությունը ստանում է մոտ 1 մլրդ դրամ, իսկ արտաբյուջետային միջոցներից՝ 4 մլրդ 452 մլն դրամ:
Արտաբյուջետային միջոցները գոյանում են այն օլիգարխների ու սեփականատերերի միջոցներով, որոնք վճարում են ոստիկաններին իրենց անձնական կարողությունը պահպանելու համար: Ի դեպ, բացի անձնական թիկնազորերից, օլիգարխները շատ անգամ օգտվում են հենց պետական պահպանության ծառայություններից, եւ վճարելով ոստիկանին՝ նրան իբրեւ թիկնապահ պահում: Նկատենք, որ ՊՊԾ-ի ծառայություններից օգտվում են գրեթե բոլոր օլիգարխները՝ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, մյուսները:
ՊՊԾ ղեկավար, գեներալ-մայոր Արամ Զաքարյանը երեկ տեղեկացրեց, որ իրենց ծառայությունը ներառում է ինչպես միայն դիտակայաններից աշխատանք՝ 1 ոստիկանով, այնպես էլ ռազմականացված ծառայություն: Ոստիկանների քանակը որոշում է պատվիրատուն: Մեկ ոստիկանի վրա ամսական ծախսը 125 հազար դրամ է, սակայն նա չի աշխատում ամեն օր: Այսինքն՝ մեկ բնակարանի պահպանության համար անհրաժեշտ է առնվազն 4 ոստիկան, հետեւաբար, այդ ծառայությունը պատվիրատուի համար արժենում է նվազագույնը 500 հազար դրամ:
Մեր հարցին, թե արդյոք բավարարո՞ւմ են ծառայության աշխատակիցները՝ ե՛ւ պետական օբյեկտները, ե՛ւ մասնավոր օբյեկտներն ու օլիգարխների, մեծահարուստների տներն ու առանձնատները պահպանելու համար, Արամ Զաքարյանը պատասխանեց, որ իրենք շատ են, մոտ 5000 հոգի եւ ամբողջությամբ կարողանում են բավարարել պահանջարկը: Իսկ պահանջարկն անգամ ճգնաժամի պայմաններում աճել է 5-7 տոկոսով: 700 աշխատակից խրախուսվել է, իսկ 8 ոստիկան հեռացվել աշխատանքից: Նա չտեղեկացրեց պատճառը, թե ինչու են հեռացվել ոստիկանները:
Մեկ տարվա ընթացքում ՊՊԾ-ի պահպանության ներքո գտնվող օբյեկտներից կատարվել է ընդամենը 14 հափշտակում, որից 12-ը բացահայտվել է, ընդ որում, 11-ը՝ տեղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել