Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀՆՉԱԿՅԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ

Դեկտեմբեր 03,2009 00:00

\"\"ՍԴՀԿ-ն անկախ Հայաստանում իր գործունեության ընթացքում արդեն երկրորդ անգամ կանգնած է պառակտման եզրին

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, թե նոյեմբերի 30-ին կասեցվել է Գուրգեն Եղիազարյանի անդամությունը Համահնչակյան կենտրոնական վարչությունում: Պաշտոնական պատճառաբանություններն այն են, թե Գ. Եղիազարյանը վիրավորել է իր կուսակցական ընկերոջը՝ հրապարակայնորեն «աղվես» անվանելով, նաեւ զավեշտի է վերածել Վարդան Խաչատրյանի՝ ՍԴՀԿ-ին անդամակցելու երդման արարողությունը: ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի ասելով, սակայն, այդ մեղադրանքները տեղին չեն: «Կարծում եմ, Գ. Եղիազարյանին Կենտրոնական վարչության անդամությունը կասեցնելու հիմնական պատճառն այն է, որ նա պաշտպանել է Վարդան Խաչատրյանի անդամության կասեցման հետ կապված կուսակցության հայաստանյան վարչության դիրքորոշումը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Լ. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Վ. Խաչատրյանի՝ ՍԴՀԿ-ին անդամակցելու երդման արարողությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին, եւ հայաստանյան կառույցի վարչության կողմից կասեցվել էր նույն ամսի 31-ին:
Խոսելով Գ. Եղիազարյանի շուրջ ստեղծված իրավիճակի եւ հետագա ներկուսակցական հնարավոր զարգացումների մասին՝ ՍԴՀԿ ատենապետը նաեւ ասաց, որ Գ. Եղիազարյանը ՍԴՀԿ-ին անդամակցության ժամանակ երդվել է Հայաստանում, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի անդամ է եղել եւ շարունակում է մնալ այդպիսին: «Իհարկե, մենք պայքարելու ենք, որպեսզի համահնչակյան Կենտրոնական վարչությունը վերանայի իր որոշումը: Եթե չստացվի՝ կմտածենք»,- հայտարարեց Լ. Սարգսյանը՝ մանրամասնելով, որ կուսակցության Հայաստանի վարիչ մարմինը մոտ ապագայում կքննարկի այդ հարցը եւ նամակով կդիմի Կենտրոնական վարչությանը՝ խնդրել-պահանջելով, որ վերանայվի այդ հարցը: «Կենտրոնական վարչությունը պետք է հասկանա, որ Հայաստանը Կենտրոնական վարչությունում ներկայացրել էր մի մարդու, ով պարտավոր էր ներկայացնել հայաստանյան վարչության շահերը եւս: Եվ Գ. Եղիազարյանը իրականում պաշտպանել է ՍԴՀԿ կանոնադրությունն ու ՀՀ-ում գործող՝ կուսակցությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը: Հայաստանում ՍԴՀԿ կանոնադրության եւ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն, Վ. Խաչատրյանը չի կարող լինել Հնչակյան կուսակցության անդամ, առավել եւս՝ ՍԴՀԿ Կենտրոնական վարչության Քաղաքական դիվանի անդամ՝ չլինելով հայաստանյան կառույցի անդամ»,- պնդեց Լ. Սարգսյանը եւ ի պատասխան մեր հարցադրմանը՝ հավելեց, որ Կենտրոնական վարչությանն ուղղվելիք իրենց նամակում որեւէ վերջնագիր չի ներկայացվելու:
ՍԴՀԿ-ում տեղի ունեցող այս զարգացումների ողջ ինտրիգը կայանում է նրանում, որ, ինչպես պնդում է ՍԴՀԿ ատենապետ Լ. Սարգսյանը, Համահնչակյան կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի ու նաեւ ԿՎ անդամ Վահան Շիրխանյանի ջանքերով փորձ է արվում ՍԴՀԿ-ն դուրս բերել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից: Հիշեցնենք, սակայն, որ Վ. Շիրխանյանը ընդամենը վերջերս «Առավոտի» հետ զրույցում հերքել էր այս մեղադրանքն ու հայտարարել էր, թե ինքն է եղել Կոնգրեսին ՍԴՀԿ-ի անդամության առաջարկի հեղինակը, եւ ինքը դեմ է, որ կուսակցությունը դուրս գա ՀԱԿ-ից:
Ինքը՝ Գուրգեն Եղիազարյանը, «Առավոտին» փոխանցեց, թե ՍԴՀԿ ԿՎ-ում իր անդամության կասեցումը պայմանավորված է իր կողմից հայաստանյան կառույցի շահերը պաշտպանելու հանգամանքով. «Իրենք (Սեդրակ Աճեմյանը, Վահան Շիրխանյանն ու Վարդան Խաչատրյանը- Ն. Մ.) նպատակ ունեն ՍԴՀԿ հայաստանյան կառույցը դուրս բերել ՀԱԿ-ից եւ մղել դեպի «ընդդիմադիր» դաշտում երրորդ ուժ ձեւավորելուն, որը կլինի արդեն իշխանությունների վերահսկողության տակ ու կդառնա կառավարելի ընդդիմություն: ԿՎ-ին իմ անդամության կասեցման պատճառաբանության մեջ մի ձեւակերպում կա, թե ես կուսակցական գաղտնիք եմ բացահայտել՝ խոսելով Վ. Խաչատրյանի «անդամակցության» երդման արարողության ծիսակարգը զավեշտի վերածելու՝ զենքի փոխարեն հուշանվերի վրա երդվելու մասին: Նույն հաջողությամբ Վ. Խաչատրյանը կարող էր երդվել նաեւ կոնֆետի տուփի վրա»: Ընթերցողների համար պարզաբանենք, որ ինչպես ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն էլ կուսակցության ստեղծման օրվանից ի վեր անդամակցության երդման ծիսակարգ ունի. նոր անդամը երդվում է ՍԴՀԿ դրոշի եւ զենքի վրա: Ահա այս ծիսակարգը Վ. Խաչատրյանի պարագայում չի պահպանվել, եւ հայաստանյան կառույցի վարչության անդամների՝ կանոնադրության այդ պահանջը կատարելու հորդորներին ի պատասխան, արարողությանը ներկա Սեդրակ Աճեմյանը ասել էր, թե՝ թողեք արագ երդվի, պրծնենք: «Եթե կար մի մարդ, որ պիտի պատժվեր ու դուրս մղվեր համահնչակյան ԿՎ-ից՝ առաջինը պետք է լիներ հենց Ս. Աճեմյանը, որը կուսակցության անդամի երդման արարողությունն ինքն էր զավեշտի վերածել՝ Վ. Խաչատրյանին, չլինելով կուսակցության անդամ, հռչակել է ԿՎ դիվանի անդամ: Ո՞ր դիվանի անդամ: Նույն հաջողությամբ ԿՎ-ն կարող էր ոչ կաթոլիկ Վ. Խաչատրյանին ճանաչել որպես Հռոմի պապ: Բայց իմ անդամության կասեցման իրական պատճառն ամենեւին էլ այս շարժառիթները չէին: Այն թաքնված է ավելի խորը, ինչի մասին արդեն ասացի: Դա է անձամբ Ս. Աճեմյանի եւ այստեղ գործող նրա խամաճիկների հիմնական նպատակը, որը նրանց չի հաջողվելու: Կուսակցության հայաստանյան կառույցը ՀԱԿ-ի անդամ է եւ մնալու է Կոնգրեսի անդամ, որովհետեւ դա կուսակցականների որոշումն է»,- ասաց Գ. Եղիազարյանը: Այն, որ իր անդամությունը ԿՎ-ին կասեցվել է, նա իմացել է էլեկտրոնային փոստով ստացված նամակով: Որոշման մեջ, նրա ասելով, ոչ մի անուն-ազգանուն չկա, բայց կա ծանուցում առ այն, որ որոշումը կայացվել է ԿՎ անդամների 2/3-ի կողմից: «Ես շնորհակալ եմ այն 1/3-ին, որոնք դեմ են եղել այդ որոշմանը եւ հավատարիմ են մնացել ՍԴՀԿ կանոնադրությանը եւ կամակատարներ չեն դարձել»,- ասաց Գ. Եղիազարյանը: Մեր հարցադրմանն ի պատասխան, նա պարզաբանեց, որ կուսակցության կանոնադրության համաձայն, ԿՎ անդամը նախապես պետք է տեղեկացված լիներ իր հարցը քննարկվելու մասին, որովհետեւ կարող էր խնդրո առարկայի շուրջ ասելիք, ԿՎ մյուս անդամներին պարզաբանումներ ներկայացնելու անհրաժեշտություն լինել: «Բայց ամեն ինչ կատարվել է շատ գաղտագողի: Իմ ընկերներին թյուրիմացության մեջ է գցել անձամբ Ս. Աճեմյանը, եւ դրա հետեւանքով է, որ ծնվել է ԿՎ այդ որոշումը»,- ասաց Գ. Եղիազարյանը:
Նա ասաց նաեւ, թե ԿՎ-ն իր անդամությունը կասեցնելու իրավունք չուներ, որովհետեւ ինքը այդ մարմնի անդամ է ընտրվել համահնչակյան համագումարի կողմից եւ կարող է ԿՎ-ի անդամությունից զրկվել միայն համագումարի կողմից. «Իսկ արտահերթ համագումարը, կարծում եմ, սարերի ետեւում չէ, որովհետեւ, որքանով ինձ է հայտնի, մի քանի խոշոր կառույցներ եւս դեմ են Ս. Աճեմյանի վարած գործունեությանը, մենք հայաստանյան կառույցում եւս դնելու ենք Աճեմյանի հարցը, որովհետեւ նա արդեն խաղում է կուսակցության պատվի հետ»: Եղիազարյանը միաժամանակ հույս հայտնեց, որ ԿՎ-ում եւ կուսակցությունում, ի վերջո, կհասկանան, որ Ս. Աճեմյանի հետ իրենք ճանապարհ գնալ չեն կարող, «որովհետեւ նա օր օրի խորացնելու է այն վիհը, որ կա կուսակցականների եւ ԿՎ-ի միջեւ», եւ կարծիք հայտնեց, որ համահնչակյան կառույցն իր մեջ ուժ կգտնի եւ, ի վերջո, կձերբազատվի Աճեմյանից՝ դրանով վերջ դնելով կուսակցության ներսում առկա անառողջ մթնոլորտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել