Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՆԳԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՈՒՆԵՐ

Դեկտեմբեր 03,2009 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ երեկ տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելուն ուղղված քայլ: Երեկ «news.am»-ի հետ զրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Նա կարծիք է հայտնել, թե հայկական կողմն իր գործողություններով հաստատում եւ ցույց է տալիս, որ ինքը եւս շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ՝ այդ կերպ հասկացնելով Թուրքիային, որ նա ողջամիտ ժամկետներում վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Պատգամավորի դիտարկմամբ, «այս ամբողջ գործընթացում ամենաուշագրավ կետը, սակայն, այն է, որ բանակցություններ է սողոսկել մինչ այժմ չարծարծվող՝ ժողովուրդների հավասարության հարցը», ինչը, ըստ նրա, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի՝ գործընթացի մեջ ներգրավելու դեպքում խաղի մեջ կմտնեն նաեւ ԼՂ հայ եւ ադրբեջանական համայնքները: Ստ. Սաֆարյանի համոզմամբ, այս փաստն անհնարին կդարձնի խնդրի լուծումը, իսկ դիրքորոշումների տարբերությունը կհանգեցնի փակուղային իրավիճակի։
Բանակցային գործընթացում առկա լավատեսությունը համարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակականության երաշխիք՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նկատել է որ «մթնոլորտի ձեւավորման համար», անկախ դժվարությունների առկայությունից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ էլ լավատեսորեն է արտահայտվել բանակցային գործընթացի մասին։ «Սա քայլ է՝ հասկացնելու Թուրքիային, որ ղարաբաղյան հիմնախնդրում դրական տեղաշարժեր կան, եւ որ նա պարտավոր է հնարավորինս շուտ վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները»,- եզրափակել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել