Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները երեկ Աթենքում հանդես եկան փոխադարձ մեղադրանքներով
Հայ-թուրքական թեմա
Երեկ առավոտյան ելույթ ունենալով ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում՝ Իռլանդիայի ԱԳ նախարար Մայքլ Մարտինը հայտարարեց. «Ես բարձր եմ գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական աշխատանքը՝ ԼՂ շուրջ վաղեմի խնդիրը լուծելու կապակցությամբ: Բարձր մակարդակի վերջին հանդիպումները, որոնք տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հուսադրող են: Թեեւ դա չի առնչվում տվյալ խնդրին՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում դրական առաջընթացը նշանակալի քայլ առաջ է, որը հեռանկարներ է բացում ողջ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման եւ կայունության համար»: Կարելի է մեջբերել նման բազմաթիվ այլ ելույթներ: Սակայն Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր ելույթի ընթացքում որեւէ կերպ չանդրադարձավ Հայաստանի հետ հարաբերություններին: Նախապես հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում Դավութօղլուն ընդգծել է, թե հայ-թուրքական հարաբերությունների վավերացումը հնարավոր է միայն «Ադրբեջանի տարածքների ազատումից հետո»: ԵԱՀԿ նախարարների առջեւ իր ելույթում Թուրքիայի ԱԳ նախարարն այս թեմայով ասաց հետեւյալը. «Չկարգավորված հակամարտությունները Ադրբեջանում, Վրաստանում եւ Մոլդովայում նախկինի պես շարունակում են սպառնալ մեր աշխարհամասի անվտանգությանն ու կայունությանը: Թեեւ դրանք ունեն տարբեր արմատներ, պատմական ու քաղաքական տարբեր հիմքեր եւ, ըստ այդմ՝ պետք է լուծվեն իրենց առանձին չափանիշների շրջանակում, սակայն միջազգային համապատասխան դրույթներն ու սկզբունքները դրանց բոլորի նկատմամբ պիտի կիրառվեն նույնականորեն: Ինքնավարության եւ տարածքային ամբողջականության հարգումը պետք է ծառայեն իբրեւ ցանկացած կարգավորման հիմք»: Եվ մասնավորապես անդրադառնալով Մինսկի խմբում ծավալվող գործընթացներին՝ ասաց. «Մենք կոչ ենք անում երկու կողմերին օգտագործել ներկա պահը՝ հասնելու հանգուցալուծման առանց հետագա ձգձգման: Թուրքիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ գործադրվող ջանքերը եւ տարածաշրջանում հաստատուն խաղաղության եւ կայունության մթնոլորտի հաստատումը փոխկապակցված են եւ ուղղակի ազդեցություն ունեն միմյանց վրա: Այս երկու գործընթացները չի կարելի դիտարկել մեկը մյուսից մեկուսացված: Վրաստանի 2008 թ. պատերազմը հիշեցում էր, որ «սառեցված» հակամարտություններն ի վերջո այդքան էլ սառեցված չեն»:
Հայաստանի ԱԳ նախարարն իր ելույթում արձանագրությունների վավերացման առնչությամբ նշեց. «Մենք հուսով ենք, որ այդ կարեւոր քայլը կարվի, եւ Հայաստանն ու Թուրքիան կսկսեն համաձայնությունների իրագործումը։ Չպատճառաբանված հետաձգումները եւ նախապայմանները, այդ թվում՝ այս հարցը ղարաբաղյան խնդրին կապելու մղումը, կարող են վնաս հասցնել երկու գործընթացների հեռանկարին էլ»: Շնորհակալություն հայտնելով միջազգային հանրությանը հայ-թուրքական գործընթացին սատարելու համար՝ Էդվարդ Նալբանդյանը հավելեց. «Չնայած ողջ աշխարհի երկրների ցուցաբերած լիակատար աջակցությանը, մեր շարքերում կա մի երկիր՝ Ադրբեջանը, որը դեմ է արտահայտվում ԵԱՀԿ անդամ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գաղափարին եւ դրանով իսկ հակառակվում է այն արժեքներին, որոնց վրա հիմնվել է այս կազմակերպությունը»:
Հայ-ադրբեջանական թեմա
Նախորդ օրը ելույթի ընթացքում ԵԱՀԿ նախկին գործող նախագահը՝ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Սթուբը հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացն ընթանում է զգույշ քայլերով ճիշտ ուղղությամբ»: Այն, ինչ երեկ կատարվեց նախարարների ելույթների ընթացքում՝ հետքայլ էր դեկտեմբերի 1-ին հրապարակված համատեղ հայտարարությունից: Ադրբեջանի ԱԳ նախարարը 53-րդը ելույթ ունենալով՝ հայտարարեց. «ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի ապակայունացման եւ տնտեսական զարգացմանն ու Եվրոպական ու եվրոատլանտիկ կառույցներին ինտեգրացմանը խոչընդոտող գլխավոր աղբյուր: Այս հակամարտության հետեւանքով Ադրբեջանի տարածքի շուրջ 20 տոկոսը դեռ մնում է օկուպացված Հայաստանի կողմից, իսկ էթնիկ զտման ենթարկված շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ ու փախստականներ: Հազարավոր ադրբեջանական պատմամշակութային ժառանգության նմուշներ այդ օկուպացված տարածքներում ոչնչացվել եւ թալանվել են»:
Էլմար Մամեդյարովն այնուամենայնիվ նշեց. «Ես պետք է ընդունեմ, որ դրական դինամիկա կա վերջին բանակցություններում, եւ երկու կողմերը Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնել են արագացնել բանակցությունները»: Նաեւ հավելեց. «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարման իրավունքի տրամադրումը արդար ու տեւական լուծում կլինի: Այն նաեւ կարող է զգալիորեն նվազեցնել լարվածությունը եւ մարտահրավերները տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար: Մենք Ադրբեջանում հաստատակամորեն հավատում ենք, որ հայկական զորքերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից հաստատագրված ժամկետներում հսկայական հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար»:
Էդվարդ Նալբանդյանը, որը ելույթ ունեցավ 55-րդը՝ կարծես հատուկ էր դարձյալ հետաձգել իր ելույթը, որ ըստ Մամեդյարովի խոսքի որոշի՝ կո՞շտ խոսել, թե՞ մեղմ: Շեշտադրումներն աննախադեպ կոշտ էին. «Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն խուսափել քայլերից, որոնք կարող են խոչընդոտել խաղաղ գործընթացին, այդ թվում՝ խնդրի էությունն ու բանակցությունների շարունակվող գործընթացը աղավաղելու փորձերից, ինչպես որ հենց նոր արեց Ադրբեջանի նախարարը»,- հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:
Նաեւ նշեց. «Անցնող տարին նշանավորվեց լուրջ քննարկումներով ԵԱՀԿ-ի տարածքում սպառազինությունների վերահսկման համաձայնագրի շուրջ: Մենք, մասնավորապես, կարեւորում ենք ջանքերը սպառազինությունների վերահսկման միջոցները ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ 1999 թվականի Վիեննայի փաստաթղթի նախաձեռնությունը։ Այս համատեքստում անդամ երկրներից մեկի՝ Ադրբեջանի կողմից հիմնարար՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմի չկատարումը առնվազն երկու կատեգորիաներով՝ զենքի առավելագույն պաշարների զգալի գերազանցմամբ եւ դրա հետ մեկտեղ պատերազմական հռետորաբանությամբ, մտահոգություններ է առաջացնում այդ երկրի իրական մտադրությունների շուրջ։ Ադրբեջանը խախտում է ԵԱՀԿ-ի ամենահիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու սկզբունքը»:
Նալբանդյանի մեկնաբանություններից
Մինչ Աթենքից մեկնելը՝ Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց հայ լրագրողների մի քանի հարցերի: Մասնավորապես ի պատասխան մեր հարցի՝ ինչպե՞ս է բացատրում այն, որ չնայած նախօրեին հրապարակված հայտարարությանը՝ իր եւ Ադրբեջանի իր պաշտոնակցի ելույթները բավական «կոշտ» էին՝ ասաց. «Ես ասացի այն, ինչ ճշմարտությունն է: Մի երկիր, որ խախտում է պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ԵԱՀԿ տարածաշրջանում, ու նաեւ այն ռազմատենչ հայտարարությունները, որոնք մենք լսում ենք Ադրբեջանի կողմից՝ կասկածի տակ են դնում իրենց իրական մտադրությունները»: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Այն, ինչ մենք ասել ենք եւ ասում ենք՝ երբեւէ չի հակասում նրան, ինչ որ ասում են միջնորդները»: Եվ մասնավորեցրեց. «Ամիսներ շարունակ, երբ մենք ասում էինք, որ բանակցում ենք Մադրիդյան փաստաթղթի հիման վրա՝ Ադրբեջանի կողմից ասվում էր, որ այդպիսի փաստաթուղթ չկա, այդպիսի առաջարկներ չկան: Եվ մեր թերթերից մեկն առաջին էջում անգամ այսպիսի ծաղրանկար էր տպել, որտեղ ասվում էր՝ նախարարը ստում է: Մենք, չգիտես ինչու, ավելի հավատում էինք նրան, ինչ ասում էր մյուս կողմի նախարարը: Բայց վերջը ստացվեց, որ կա այդ փաստաթուղթը, որ հենց Մադրիդյան փաստաթղթի հիման վրա ենք այդ բանակցությունները վարում»:
Մեր մյուս հարցին, թե հաշվի առնելով հնչած նման ելույթները՝ որքանո՞վ է հնարավոր համարում, որ կարդարանա նախօրեին բազմիցս հնչած ակնկալիքը, թե եկել է ժամանակը որոշում կայացնելու՝ ԱԳ նախարարը պատասխանեց. «Շուտվանից է եկել ժամանակը առաջ գնալու, եւ հիմա էլ է այդ ժամանակը՝ շարժվել դեպի հիմնախնդրի կարգավորում: Ինչ որ մենք ասել ենք՝ այսօր էլ կարող ենք կրկնել, եւ դա իրականություն է, որ այսօր մենք քննարկում ենք Մադրիդյան փաստաթղթի բազմաթիվ սկզբունքներից միայն մի քանիսը: Եվ որոշ մոտեցում կա դիրքորոշումների որոշ սկզբունքների կամ որոշ կետերի վերաբերյալ: Ես կասեի, որ դա չի կազմում անգամ մեկ երրորդն այն սկզբունքների, որոնք գոյություն ունեն այդ փաստաթղթում: Դա երկար ճանապարհ է, բայց, իհարկե, մենք տրամադրված ենք գնալ այդ ճանապարհով, շարունակել այս բանակցությունները եւ պահպանել այն դրական դինամիկան, որը նկատվել է վերջին շրջանում երկու նախագահների հանդիպումների շնորհիվ»:
«Արմենպրեսի» թղթակցի հարցին՝ կա՞ արդյոք պայմանավորվածություն բանակցությունների շարունակման առումով, պրն Նալբանդյանը բացասական պատասխան տվեց, սակայն նաեւ նշեց. «Հնարավոր է, որ մոտակա ժամանակահատվածում համանախագահները նորից գան տարածաշրջան»:
«Շանթի» թղթակցի խնդրանքով ԱԳ նախարարը պարզաբանեց, որ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արձանագրությունների վավերացման գործընթացների մասին. «Ղարաբաղի հարցին մենք չենք անդրադարձել»: Դարձյալ շեշտեց. «Փորձերը՝ կապել այս երկու՝ Ղարաբաղի հանգուցալուծման եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացները, կարող են միայն վնաս հասցնել թե՛ մի գործընթացին, թե՛ մյուսին: Այնպես չէ, որ մենք դա ասում ենք բոլորին, իսկ թուրքերին ուրիշ բան ենք ասում: Մենք թուրքերին միշտ էլ նույնն ենք ասել, ինչ որ ասում ենք բոլորին: Եվ դա միայն մեր կարծիքը չէ՝ դա միջազգային հանրության կարծիքն է»:
Ընդունված փաստաթղթերից
ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստն ավարտվեց Երեւանի ժամանակով ժամը 21-ին: Ընդունվեցին 20 եզրափակիչ փաստաթղթեր, այդ թվում նաեւ որոշում՝ գագաթաժողով անցկացնելու վերաբերյալ, ինչը չէր հաջողվել անել անցած 10 տարում: Ընդունված փաստաթղթերից մեկում՝ ԵԱՀԿ Կորֆուի գործընթացին վերաբերող հռչակագրի 2-րդ կետում մասնավորապես նշված է, թե իրենք շարունակում են լրջորեն մտահոգված մնալ, որ Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի եւ ԵԱՀԿ առջեւ ստանձնած պարտավորությունները «լիովին չեն հարգվում եւ կիրառվում», եւ այս կապակցությամբ հիշատակված է. «Ուժի կիրառումը չի դադարում համարվել իբրեւ տարբերակ վեճերը հարթելու համար: Վերացված չէ անդամ պետությունների միջեւ հակամարտությունների առաջացման վտանգը, եւ զինված բախումներ են տեղ գտել նույնիսկ վերջին տասնամյակում: Առաջվա պես լարվածություն կա, եւ շատ հակամարտություններ մնում են չկարգավորված»: Եվ այս ամենն, ըստ հռչակագրի՝ տեղի է ունենում այնժամ, երբ առաջացող վերազգային սպառնալիքները պահանջում են՝ ավելի քան երբեւէ, ընդհանուր պատասխաններ:
ԵԽ նախարարների խորհուրդն ընդունել է միայն մի հայտարարություն, որը վերաբերում է ԼՂ խնդրին: Այստեղ ողջունվում է դեկտեմբերի 1-ին հնգյակի հրապարակած համատեղ հայտարարությունը եւ նշվում. «Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել բանակցությունների դրական դինամիկան եւ վճռականորեն պահպանել իրենց պարտավորությունը՝ ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի համաձայնագրի վերաբերյալ հիմնարար սկզբունքների մշակումը հիմնված Մադրիդի փաստաթղթի վրա՝ այն նպատակով, որ ձեռնամուխ լինեն համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակմանը՝ բարեխղճորեն եւ առանց հետագա ձգձգումների: Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ ինտենսիվ աշխատելու, որ լուծեն մնացած խնդիրները եւ համաձայնության հասնեն, որը հիմնված կլինի, մասնավորապես, Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա: Մենք համոզված ենք, որ արդեն այսօր կա իրական հնարավորություն՝ հասնել խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագայի ողջ տարածաշրջանի համար»: