Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍՈՒԲՅԵԿՏ

Դեկտեմբեր 03,2009 00:00

\"\"Խնդրի կարգավորումը միայն այս տարբերակով է տեսնում ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:

– ԼՂՀ խորհրդարանի ընդունած վերջին հայտարարությունը, որն ուղարկվեց նաեւ եվրոպական կառույցներին, վկայությունն է ԼՂՀ-ում առաջացած անհանգստության: Վիճելի զարգացումների պարագայում, կարծում եք,  ղարաբաղյան կողմը հնարավորություն կունենա՞ իբրեւ բանակցային կողմ վերականգնելու իր դիրքերը եւ սեփական պայմանները թելադրելու:
– Ղարաբաղյան հասարակությունը վաղուց է անհանգստացած բանակցային գործընթացի ձեւախեղված ձեւաչափով եւ ընթացքով: Եվ մինչ ԼՂՀ խորհրդարանի վերջին արձագանքը, մի շարք հասարակական կառույցների, ինչպես նաեւ ղարաբաղյան առանձին փորձագետների կողմից հրապարակվել էին բավականին կոշտ հայտարարություններ:
Անդրադառնալով ձեր հարցին՝ ասեմ, որ, ըստ իս, մենք չպետք է սպասենք, որ վիճելի զարգացումներ լինեն՝ հետո սկսենք գործել: Ընդհակառակը՝ կանխելու համար զարգացումների հնարավոր բացասական ընթացքը, պետք է վերականգնել նախկին բանակցային ձեւաչափը եւ եռակողմ լիիրավ ձեւաչափով (նկատի ունի՝ ԼՂՀ-Ադրբեջան-Հայաստան- Ն. Գ.) ընդունել հակամարտության կարգավորման իրատեսական սկզբունքներ:
Որպեսզի ԼՂՀ-ն վերականգնի հակամարտող կողմի իր կարգավիճակը, ինչն, ի դեպ, ընդունված է ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի որոշումներով եւ այլ փաստաթղթերով, երկու հայկական պետությունները պետք է բանակցային գործընթացում բաժանեն իրենց դերերը եւ լիազորությունները: Այն սկզբունքային հարցերը, որոնք կվերաբերվեն ԼՂՀ իշխանությունների լիազորությունների ոլորտին, չպետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության ղեկավարության եւ միջնորդ երկրների, ոչ էլ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Միայն այդ դեպքում ստիպված կլինեն ղարաբաղյան կողմին հրավիրել բանակցային սեղանի շուրջ: Այդ կերպ ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն, օգտագործելով ներքին ռեսուրսները, կարող են Լեռնային Ղարաբաղը դարձնել բանակցային սուբյեկտ: 
– Խոսակցություններ են շրջանառվում, որ ԼՂՀ-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն արդեն իսկ պատրաստ է՝ ճշտվում են դրա հրապարակման ժամկետները: Այդ խոսակցությունները քաղաքական խաղե՞ր են, թե՞ ռացիոնալ հատիկ պարունակում են իրենց մեջ:
– Ինչպես հայտնի է, քննարկման են դրված կարգավորման, այսպես կոչված, հիմնարար սկզբունքները: Դրանց համաձայնեցումից հետո ստորագրման կպատրաստվի շրջանակային համաձայնագիրը, իսկ շրջանակային համաձայնագրի հիման վրա նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում: Այսպիսին է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման քայլերի հերթականությունը կամ ընդունված տրամաբանությունը: Քանի դեռ կարգավորման սկզբունքները համաձայնեցված չեն՝ խոսել ինչ-որ շրջանակային համաձայնագրի մասին՝ վաղ է:
– ԼՂՀ հարցի հանգուցալուծման համատեքստում կարճատեւ պատերազմի վերսկսման ակնարկներ են արվում. նման զարգացումների հավանականություն տեսնո՞ւմ եք:
– Եթե Ադրբեջանն ընդդեմ ԼՂՀ-ի նոր զինված ագրեսիա սկսի, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել ինչպես պատերազմական գործողությունների տեւողությունը, այնպես էլ պատերազմի արդյունքները: Բաքուն չի կարող փոքրիկ, հաղթանակաբեր պատերազմի վրա հույս դնել: Նկատի ունենալով կողմերի կուտակած ռազմական պոտենցիալը, ուժերի եւ հնարավորությունների որակը՝ կարելի է պնդել, որ նոր պատերազմը տարածաշրջանի համար կործանարար արդյունքներ կունենա: Ուստի, միջազգային միջնորդների եւ տարածաշրջանային հետաքրքրված ուժերի համար ամենակարեւոր առաջնայնությունը՝ կոնֆլիկտի կարգավորման փոխըմբռնման սկզբունքների փնտրտուքին զուգահեռ, պետք է նոր պատերազմի կանխարգելմանն ուղղված գործողությունները դառնան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել