Խոսքը Սբ. Ծննդյան տոնի տեսարանի խաղալիքային վերարտադրության
իրավունքի շուրջ դատավարության մասին է
ԱՄՆ Միչիգան նահանգի Ուորըն քաղաքում ապրող Սատավաների ընտանիքը 1945 թվականից ի վեր Սբ. Ծննդյան տոնին քաղաքի փողոցներից մեկում ցուցադրել է տոնի տեսարանի խաղալիքային վերարտադրությունը: Սակայն այս տարի ցուցադրությունը չի լինի, քանի որ քաղաքի վարչակազմն արգելել է այդ ավանդույթը՝ վախենալով «Կրոնի ազատության» հիմնադրամի հայց հարուցելուց: 2008թ. դեկտեմբերին այդ կազմակերպությունը դիմել էր քաղաքի վարչակազմին՝ պահանջելով արգելել տոնի տեսարանի խաղալիքային վերարտադրությունը եւ «պաշտպանել Սահմանադրության հիմնարար սկզբունքը՝ կրոնը պետությունից անջատ լինելու մասին»:
Ջ. Սատավան այդ առիթով նշել է, որ տոնի տեսարանի խաղալիքային վերարտադրութունը ոչ մի կերպ չի խախտում Սահմանադրությունը, քանի որ կատարվում է սեփական միջոցների հաշվին: «Թոմաս Մորի» անվան կենտրոնի աջակցությամբ նա դիմել է շրջանային դատարան՝ պահանջելով արգելքն ապօրինի ճանաչել:
Կենտրոնի նախագահ եւ գլխավոր խորհրդական Ռիչարդ Թոմփսոնն էլ հայտարարել է. «Սբ. Ծննդյան յուրաքանչյուր տոնին մարտնչող աթեիստները կրկնում են հետեւյալ արտահայտությունը, որը, ի դեպ, Սահմանադրության մեջ չկա. «Եկեղեցու անջատում պետությունից»՝ նպատակ ունենալով վախեցնել քաղաքապետարանին եւ դպրոցներին եւ ստիպել նրանց արգելել մեր ազգային տոնը: Նրանք նպատակ են հետապնդում մաքրել հանրային տարածքը քրիստոնեական բոլոր խորհրդանիշներից: Սակայն Սահմանադրության հիմնադիր հայրերը փորձել են պաշտպանել, այլ ոչ թե հալածել կրոնը: Քաղաքապետարանները եւ դպրոցները պետք է հասկանան, որ քրիստոնեական խորհրդանիշների պարբերական բացառումն էլ հանդիսանում է Սահմանադրության խախտում»:
Փողոցում Սուրբ Ծննդյան տոնի տեսարանի խաղալիքային վերարտադրության ավանդույթը ծնվել է 1945թ., երբ Ուորըն քաղաքի Սուրբ Աննա ծխական թեմին նվիրվել է տոնի տեսարանը պատկերող արձանիկների հավաքածու, որի մեջ սովորաբար մտնում են Մանուկ Քրիստոսի, Աստվածամոր, եզի, ավանակի, Հովսեփի, մոգերի եւ հովիվների արձանիկները: Սակայն արձանիկները մեծ են եղել՝ տեսարանը եկեղեցու ներսում վերարտադրելու համար, ուստի որոշվել է այն վերարտադրել քաղաքի կենտրոնում: Այդ ժամանակներից ի վեր Ուորընի բնակիչները եւ տեղական ձեռնարկություններն ամեն տարի օգնել են զարդարել եւ ձեւավորել Սուրբ Ծննդյան տոնի տեսարանը, մինչեւ որ 2008թ. գործին միջամտել է «Կրոնի ազատություն» հիմնադրամը՝ բողոքելով շրջանի իշխանություններին:
Հիմնադրամի բողոքում մասնավորապես ասվում է. «Վերարտադրելով Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնի տեսարանը՝ մսուրը, Մաքոմ օկրուգը պետական աջակցություն է դրսեւորում քրիստոնեական կրոնական ուսմունքին: Դա խտրականություն է այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր քրիստոնեություն չեն դավանում, այսինքն՝ հուդայականների, հնդկական պաշտամունքների հետեւորդների, հեթանոսների եւ այլոց նկատմամբ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր որեւէ կրոն չեն դավանում: Միջամտելով կրոնական գործերին՝ պետությունը խախտում է դավանանքի ազատությունը՝ ստիպելով բոլոր կրոնների հարկատուներին սատարել դավանանքներից մեկին»: