Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԲԱՑԱՏՐԵԼ

Դեկտեմբեր 02,2009 00:00

Հակառակ դեպքում՝ նրանք կհիասթափվեն

Ձմեռ պապին հավատալ՝ նշանակում է հավատալ հրաշքներին. այս կարծիքին է հոգեբան Լիլիթ Գարգրցյանը, ըստ որի՝ ամեն մարդ էլ, անկախ տարիքից, հոգու խորքում հավատում է հրաշքներին:
«Ձմեռ պապը, նրա գոյության փաստը երեխայի համար հրաշք է: Նվեր բերող Ձմեռ պապը միայն մանկությունում է լինում, եւ եթե նրա գոյություն չունենալու փաստը փոքրիկներին ճիշտ բացատրվի, մանկության հրաշքը չի վերանա, եւ տարեցտարի կվերածվի ներքին սիմվոլի, ինչն էլ ամեն նոր տարվա հետ կվերաճի»,- ասում է հոգեբանը:
Լ. Գարգրցյանի փոխանցմամբ, երեխաները երկար ժամանակ կարող են հավատալ Ձմեռ պապի գոյությանը՝ նվեր բերող, հրաշքներ գործող բարի պապիկին, իսկ եթե ժամանակից շուտ կամ ոչ ճիշտ ձեւով բացահայտեն  իրականությունը, նրանք մեծ հիասթափություն կապրեն. «Շատ կարեւոր է մեծահասակների վերաբերմունքը՝ ինչպես են ծնողները սկզբում բացատրում երեխային, լուծում նրա նվերի հարցը: Շատ ծնողներ երեխային պարտադրում են ինչ-որ մի վարք ցուցաբերել նվեր ստանալու համար: Իսկ երբ երեխան բացասական վարք է ցուցաբերում, ծնողներն օգտագործում են Ձմեռ պապի գոյությունը, ասելով՝ ա՛յ, Ձմեռ պապիկը այս նվերը քեզ չի բերի: Դա է պատճառը, որ երեխաների մոտ Ձմեռ պապի նկատմամբ կա հակասական վերաբերմունք»:
Հոգեբանը նշում է, որ երբ երեխան բացահայտում է, որ Ձմեռ պապ չկա, նրա մոտ մեծ հիասթափություն է առաջանում: Սակայն կա որոշակի տարիք, երբ երեխային ասես՝ Ձմեռ պապ չկա, նա, միեւնույն է, չի հավատա. «Օրինակ, 5 տարեկան երեխային եթե ասես Ձմեռ պապ չկա, նա ավելի շուտ կկարծի, որ իրեն խաբում են: Իսկ ճիշտ մեկնաբանությունների շնորհիվ հնարավոր է երեխային զերծ պահել հիասթափությունից: Մեկնաբանությունները մեծ նշանակություն ունեն, հակառակ դեպքում երեխային կթվա, որ իրեն տարիներ շարունակ խաբել են: Գալիս է մի որոշակի տարիք, երբ երեխան սկսում է դադարել հավատալ հրաշքներին, դրանով  ավելի մոտենալով իրականությանը: Այդ տարիքում երեխաներն արդեն իրենք են գիտակցում, որ Ձմեռ պապ չկա:  Այս պարագայում հիասթափություն կամ վիրավորանք երեխան չի զգում մեծահասակների հանդեպ: Դա մի անցում է, որը տեղի է ունենում երեխաների մոտ ինքնաբերաբար, տարիների ընթացքում: Այստեղ ծնողի դերը կրկին մեծ նշանակություն ունի. եթե երեխան այդ հարցով դիմել է մայրիկին կամ հայրիկին, ապա ծնողը պարտավոր է պատշաճ բացատրություն տալ, ասելով՝ այդպիսի մարդ չկա, բայց կա մի հրաշք՝ կապված նոր տարվա հետ, եւ դու եթե շատ ցանկանաս՝ քո բոլոր ցանկությունները կիրականանան: Ուղղակի պետք է դրա համար ջանք գործադրել եւ այլն, եւ այլն… Նմանատիպ բացատրության դեպքում երեխայի մեջ չի կոտրվի նպատակներին հասնելու ձգտումը, նա չի կարծի, որ արդեն ամեն ինչ անիմաստ է, քանի որ Ձմեռ պապ չկա, որն իր ցանկությունները պիտի իրագործեր»:
Հոգեբանի բնութագրմամբ, սխալ է, երբ հայրիկները փորձում են մարմնավորել Ձմեռ պապին. դա մեծ հարված է երեխայի համար. «Երբ երեխան բացահայտում է, որ իրենց տուն եկած Ձմեռ պապն իր հայրիկն է, նրա համար դա կարող է սթրեսի աղբյուր լինել, մեծ վիրավորանք ծնողների կողմից: Սակայն կրկին ամեն ինչ կախված է ծնողի մատուցման եւ բացատրության ձեւից: Այս պարագայում կարելի է ասել, որ պարզապես Ձմեռ պապը խնդրել էր նվերը փոխանցել, իր հագուստն էլ տրամադրել էր քեզ ուրախացնելու համար, եւ որ ինքն անձամբ չի հասցնում բոլորի տները մտնել… Երեխաների մեջ միշտ հարցեր են առաջանում՝ կապված այն ձմեռ պապիկների հետ, որոնց ծնողները հրավիրում են տուն՝ արդյոք նրանք իսկակա՞ն են… եթե ծնողը զգում է, որ երեխայի մեջ կասկած կա, պետք է նրան բացատրի, որ նրանք Ձմեռ պապիկի օգնականներն են: Իրականում երեխաները շատ հաճախ այդպես էլ մտածում են: Այսինքն՝ սա իսկականը չէր, պարզապես նվեր բերողն էր, որովհետեւ իսկական Ձմեռ պապը նրանց համար շատ առասպելական, հեքիաթային կերպար է»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, նոր տարվա գիշերը բարձի տակի նվերը եւս Ձմեռ պապին հավատալու նշան է. «Եթե երեխան բարձի տակ նվեր չի գտնում, ապա նա  հիասթափվում է, դրա հետ  հետ մեկտեղ կարող է լինել մեղքի զգացում, այսինքն՝ երեխան սկսում է կարծել, որ ինքն իրեն լավ չի պահել, դրա համար էլ նվեր չի ստացել. կարծում եմ, հավատալ Ձմեռ պապին՝ նշանակում է ինչ-որ նոր բանի ակնկալիք ունենալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել