Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ ՓԱՐԱՎՈՆԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Դեկտեմբեր 02,2009 00:00

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն, գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը դարձավ 60 տարեկան: Օրվա առիթով նկարիչը պատկերասրահին նվիրեց իր նորաստեղծ «Հայաստան» մեծադիր կտավը (4 մետր բարձրություն, 8 մետր երկարություն): «Նկարում 20-րդ դարավերջի Հայաստանն է: Անկախության 20 տարվա մեջ պարտականություն է՝ ի՞նչ ենք մենք անում մեր անկախ երկրի համար, ինչպե՞ս ենք սիրում հայրենիքը, մեր կերպարվեստն ինչպե՞ս ենք ներկայացնում: Հենց այդ պատճառով էլ ստեղծեցի աշխատանքս ու նվիրեցի պատկերասրահին: Այն, ինչ ստեղծել եմ, իմ զգացածն է, այսօրվա մեր ճարտարապետության, բնության սիմֆոնիան»,- «Առավոտի» հետո զրույցում ասաց պատկերասրահի տնօրենը: Նա սկսել է աշխատել նաեւ «Արցախ երկիր» մեծածավալ աշխատանքի վրա:
Նկարիչ Արամ Իսաբեկյանն էլ, անդրադառնալով Սարյանի համանուն աշխատանքին, նշեց. «Սարյանը անհամեմատելի մեծություն է, նրա «Հայաստանը» մեր հարստություններից մեկն է եւ արդեն դարձել է պատմություն: Ազգային պատկերասրահը մեր արվեստի հավաքատեղին է, մեր պարծանքը, որը պետք է փայփայենք: Միայն ժամանակը ցույց կտա՝ Փարավոն Միրզոյանի «Հայաստանը» կընդունվի՞, թե՞ ոչ…»:
Արվեստաբան Սարո Սարուխանյանը եւս կարծիք հայտնեց. «Ամեն մի ժամանակաշրջան բերում է իր գաղափարները: Փ. Միրզոյանի այս ձեռնարկը բնավ ինքնահաստատում չէ, այլ՝ համարձակ քայլ: Լեռների մեջ ծվարած մի մասունք ունենք, որը մեր երկիրն է. այս գաղափարն է նկարչի զգացողության միջոցով պատկերանում մեզ: Մեծածավալ ժայռեր, որոնք գալիս ու կարծես իրենց ափի մեջ գրկում են տարածքը, որը մեր երկիրն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել