Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Սարգսյանն ու Արարատ լեռը

Դեկտեմբեր 02,2009 00:00

\"\"Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ օրերս հոբելյանական մեծ հանդիսություն էր կազմակերպվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Դերասանին շնորհավորելու էին եկել նրա տարբեր տարիների ուսանողները, խաղընկերները եւ արվեստագետները: Հանդիսությունը սկսվեց վարպետի՝ տարբեր տարիների նկարահանված ու սիրված ֆիլմերի կարճ տեսաշարով: Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանն «Առավոտին» ասաց, որ դերասանի հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն իր համար հիշարժան ու տպավորիչ է: Պարոն Մաթեւոսյանը պատմեց, որ պատիվ է ունեցել դերասանի հետ բազմաթիվ շրջագայությունների մեկնել. «Ինձ ավելի հետաքրքրում է Սոս արվեստագետը բեմում, նրա կատարած աշխատանքը, նա իր արվեստին համապատասխան անձ է, քանի որ պատահական մարդը չի կարող ստեղծել բարձր արվեստ… Մեր թատրոնի մեծերը պետք է երկար ապրեն՝ գոնե բնության պահանջով, որովհետեւ թատրոնը՝ տունը, առանց մեծերի չի լինում»: Հոբելյարն էլ խոստովանեց. «Այսօր տարօրինակ զգացումներ ունեմ, 80 տարին քիչ չէ, եւ նման բարձրության հասնելիս պետք է զգույշ լինել, մի փոքր սխալ՝ եւ կարող ես վայր ընկնել ու կոտրվել: Հիմա չափազանց ուշադիր եմ հետեւում իմ ցանկացած խոսքին եւ քայլին»: Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցն էլ նշեց, որ երբեք չի մտածել գնահատական տալ դերասանին. «Որովհետեւ ինչպե՞ս կարելի է գնահատական տալ օվկիանոսին կամ Արարատ լեռանը, ուղղակի պետք է ուրախ լինենք, որ գոյություն ունի այդ օվկիանոսը կամ լեռը եւ Սոս Սարգսյանը՝ բնության մեջ»: ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանն էլ մտաբերեց տարիներ առաջ Մոսկվայում կայացած մի միջոցառում: «Կովկասի գերուհի» ֆիլմի լավագույն դերակատարներից մեկին՝ Վլադիմիր Էտուշին ելույթից առաջ ներկայացրին ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման. «Վիրավորվեց, ասաց, որ ողջ կյանքում իր ստեղծագործական կյանքը, ուժերը ներդրել է, որ վաստակի Սովետական միության ժողովրդական արտիստի՞ կոչումը, ինչու՞ եք իջեցնում իր կոչումը: Մեր ազատ, անկախ Հայաստանում, թեեւ ամենաբարձր կոչումը Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումն է, բայց այսօր Սոս Սարգսյանին շնորհավորելիս կարծես չեմ կարողանում նրան այդպես դիմել: Նրան պետք է դիմել՝ Ամենայն հայոց ժողովրդական արտիստ»: Կինոգործիչների միությունը դերասանին պարգեւատրեց «Ոսկե խաչ» շքանշանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել