Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբազատվենք «չ»արվեստից

Դեկտեմբեր 02,2009 00:00

Կոչ է անում Դանիել Երաժիշտը

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոգեւոր երաժշտության տրամադրություն էր: Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնը հայ երաժշտասեր հասարակությանը ներկայացրեց միանգամից երկու պրեմիերա՝ Հայնրիխ Բիբերի «15 միստերիա Մարիամ Աստվածածնի կյանքից» սոնատներն ու Մակար Երկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» կանտատը:
«Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնի աշխատակից Դանիել Երաժիշտն (Գրիգոր Դանիելյան) ասաց. «Մակար Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» կանտատը առաջին անգամ հայերեն հնչել է Գյումրիում: Այսօր երեւանյան պրեմիերա է: Սա մի գործ է, որի հիման վրա այլ գործեր են ստեղծվել Պալեստրինյայի, Օրլանդո Լասսոնի, Բախի, Կոմիտասի, Մակար Երկմալյանի եւ ուրիշների կողմից: Եկմալյանի կանտատի ձեռագիրը գտնվում է Գրականության եւ արվեստի թանգարանում: Ձեռագրի վրա գրված է «սեւագիր-էսքիզ»: Ձեռագիրը երբեք չի տպագրվել եւ ոչ էլ կատարվել: Այս սեւագիրը վստահվեց ինձ, եւ այն ես վերածեցի կամերային նվագախմբի եւ դաշնամուրի հարմարավետ նվագակցության»:
Ըստ Դանիել Երաժշտի՝ Հոգեւոր երաժշտության պետական կենտրոնի նպատակն է` ուսումնասիրել, վավերացնել եւ տարածել հոգեւոր երաժշտությունը: Նա ցավով փաստում է, որ «Հասարակությունը հեռացել է հոգեւոր երաժշտությունից: Մարդկանց ուղեղները ասես ծրագրավորվել է «չ»արվեստով, հակամշակույթով»:
Դանիել Երաժիշտը նկատում է. «Երիտասարդությունը հիմնականում հափշտակված է բջջայիններով, համակարգիչներով, հեռուստատեսության քայքայիչ ազդեցությամբ: Այսօր ովքե՞ր են հոգեւոր երաժշտության լսողներն ու սիրահարները… Հաստատ, ո՛չ երիտասարդությունը, որը հիմնականում զվարճալիք է ակնկալում ու փնտրում կյանքում, որովհետեւ վատ պայմաններում է ապրում: Որովհետեւ որքան պայմանները վատ են, այնքան մարդիկ ուզում են մխիթարվել դոպինգներով, թմրեցնող որեւէ բանով… Որքան պայմանները վատ են, այնքան հասարակությունը բեւեռանում է: Որքան մեծ է բեւեռացումը, այնքան վատն է մշակույթը եւ հոգեւորի հետ բացարձակ կապ չունի…»:
Արվեստագետը հուսադրում է, որ կան սակավաթիվ մարդիկ, ովքեր փորձում են փրկել հայկական երաժշտարվեստը՝ առաջնորդվելով բեթհովենյան խավարից դեպի լույս սկզբունքով: Նա դժգոհ է նաեւ ժողովրդական երաժշտության նկատմամբ ոչ ճիշտ վերաբերմունքից. «Սկզբում շատ էի ուրախանում, երբ ինչ-որ մեկը ժողովրդական երգ էր կատարում: Հետո սկսեցի հիասթափություն ապրել, երբ հասկացա, որ շատերի համար երգն ուղղակի զենք է՝ վատ իմաստով: Ախր հայերն ինչին դիպչում են՝ գնում է դեպի զվարճալիք, հումոր, սպառողական հունով: Ժողովրդական երգն էլ կատարում են ոչ թե ինքնամաքրվելու համար: Այն նրանց համար, ասես, ոտքերի տակ դրված բարձ լինի, որ օգնում է բարձր երեւալ: Շատերը փոխանակ իրենք բարձրանան ժողովրդականի մակարդակի, ժողովրդականն են իջեցնում իրենց մակարդակին»:
Շոու-բիզնեսի եւ ժամանակակից երաժշտության մասին էլ մեր զրուցակիցն ասաց. «Կլոնավորում են երաժշտություն, բուծում աստղեր, հնչյունամոլությամբ են զբաղված, աղավաղում են ամեն ինչ, գայթակղում, զոմբիացնում հասարակությանը, քանի որ հասկացել են` եթե զենքով այլեւս ժողովրդին ծնկի չես իջեցնի, «չ»արվեստով կարող ես անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել