Կարծում է երիտասարդ ֆլեյտահար Գուրգեն Գալստյանը
Ֆլեյտահարների մենահամերգները մեզանում չունեն հարուստ ավանդույթներ, չնայած այն բանին, որ հրաշալի տեմբր ունեցող այս նվագարանը սիրված է արեւմուտքում: Վաղուց իրենց կատարողական արվեստով փայլում են իռլանդացի Ջեյմս Գոլուեյը, ֆրանսիացի Էմանուել Պայոն, Պատրիկ Գալուան եւ այլք: Ճանաչման արժանացած որոշ դիրիժորներ էլ իրենց բեմական կենսագրությունը սկսել են որպես ֆլեյտահարներ: Այդ թվում են Օհան Դուրյանը, Վերոնիկա Դուդարովան, Կարեն Դուրգարյանը եւ ուրիշներ: Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ֆլեյտայի մենահամերգ է: Ելույթ կունենա միջազգային մրցույթի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի ուսանող Գուրգեն Գալստյանը, նրան կընկերակցի դաշնակահար, երգեհոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես Մանուկյանը: Ծրագրում ընդգրկված են Բախի, Ռայնեկեի, Հյուի, Դոպլերի եւ Գագիկ Հովունցի ստեղծագործությունները:
«Առավոտի» հետ զրույցում Գ. Գալստյանը նշեց, որ երաժշտության աշխարհում հայտնվել է հոր՝ Վարուժան Գալստյանի հորդորով: Իսկ հայրը, երկար ժամանակահատված ղեկավարելով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական մասը, համագործակցել է մեծանուն դերասան, ռեժիսոր Խորեն Աբրահամյանի հետ՝ ձեւավորելով մի շարք ներկայացումներ: Երեւանի պետական մենակատարների անսամբլի (ղեկավար՝ Զավեն Վարդանյան) երաժիշտ մեր զրուցակիցը, համակարծիք լինելով, որ Հայաստանում ֆլեյտան քիչ է «պրոպագանդվում», այդուհանդերձ, հիշեց, թե ինչպես հանդիսականն ընդունեց վերջերս կայացած Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական երեկոյի ընթացքում «Տղամարդիկ» ֆիլմից «Ռապսոդիան», որտեղ անսամբլի հետ մենանվագով հանդես է գալիս ֆլեյտան (ի դեպ, այն հնչեց Գ. Գալստյանի մեկնաբանմամբ): Ֆլեյտահարը, որն այժմ պատրաստվում է 2010-ին կայանալիք ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի եւ Ռումինիայում՝ միջազգային մրցույթներին, հիշեց նաեւ այս տարվա գարնանը Գյումրիում կայացած «Վերածնունդ» միջազգային փառատոնի մասին, որտեղ 15 երկրի մասնակից երաժիշտների մրցույթում դարձել է դափնեկիր: Իսկ թե ինչու հայաստանյան միջազգային դասական երաժշտության փառատոներին չեն հրավիրվում ֆլեյտահարներ եւ հայ կոմպոզիտորները չեն անդրադառնում ֆլեյտային, Գուրգենը իրավացիորեն ասաց, որ հրավիրելը փառատոների կազմակերպիչների խնդիրն է եւ հավաստիացրեց, որ իր երկացանկում կան հայ ստեղծագործողների գործեր, այդ թվում՝ Մանսուրյան, Կոկժաեւ, Սարգսյան, Իսրայելյան, Զոհրաբյան, Հովունց: Կոմիտասյան մեղեդիները ֆլեյտայով հնչեցնելու մեր առաջարկին էլ պատասխանեց. «Գյումրիում կայացած միջազգային մրցույթի գալա համերգում հանդիսատեսի խնդրանքով կատարել եմ «Կռունկը»: Հարցին՝ փորձե՞լ է անձամբ Ֆիլհարմոնիկ եւ Կամերային նվագախմբերի դիրիժորներ Թոփչյանին ու Ղարաբեկյանին դիմել իբրեւ մենակատար հանդես գալու խնդրանքով, ֆլեյտահարը հայտնեց. «Ժան Պիեռ-Ռամպալի փոխադրմամբ Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումից հետո Էդուարդ Թոփչյանը գովեստի խոսքեր շռայլեց, ասելով նաեւ, որ որոշ ջութակահարներից ավելի լավ եմ մեկնաբանում հանրահայտ այս երկը…»: Դիտարկմանը, թե հայաստանցի բարձրակարգ երիտասարդ երաժիշտներից ոմանք որպես կանոն ուսումը շարունակում են արտերկրում, ֆլեյտահարն ասաց, որ, իհարկե, դասախոս Արմեն Ղուկասյանից ինքը գոհ է, սակայն չէր հրաժարվի, օրինակ, Լյուբեկի կոնսերվատորիայից, որտեղից արդեն հրավեր ունի: