Հաագայի միջազգային դատարանում մեկնարկում է 2008թ. փետրվարին Սերբիայի կազմից դուրս գալու եւ Կոսովոյի կողմից միակողմանի անկախություն հռչակելու օրինականության հարցը: Այդպիսի հարց՝ համապատասխանո՞ւմ է արդյոք միջազգային օրենսդրությանը երկրի տարածքից անջատվելը, ՄԱԿ-ի գերագույն դատարանում առաջին անգամ է լսվելու: Չնայած այն բանին, որ 63 երկրներ արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը, Սերբիան հրաժարվել էր դա անել եւ գործը փոխանցել էր միջազգային դատարան: Այդ գործով դատարանի վճիռը, որը, ի դեպ, պարտադիր չի լինելու կատարման համար, ակնկալվում է, որ կհրապարակվի մի քանի ամիս անց: Լսումները Հաագայի դատարանում սկսվել են երեկ եւ կտեւեն մինչեւ դեկտեմբերի 11-ը:
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը «BBC»-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ այս գործի լսումը Հաագայի դատարանում Կոսովոյի հետ բանակցությունների նոր փուլի սկիզբ կարող է դառնալ: «Մենք կանենք հնարավորը՝ մեր ազգային օրինական շահերը պաշտպանելու համար, բայց դա չի նշանակում, թե մենք պատրաստվում ենք խնդիրներ ստեղծել: Մենք այլեւս հիմնախնդիրների մաս չենք, մենք դրանց լուծումների մասն ենք»,- ասել է Տադիչը:
Դիտորդները կարծիք են հայտնում, որ Հաագայի դատարանում այս հարցի լսումներին ուշադրությամբ հետեւում են այն երկրները, որոնք համանման խնդիրներ ունեն եւ հույս ունեն, որ դատարանը միջազգային նախադեպերի հիմք կդնի: «BBC»-ն այդ երկրների ցանկում մատնանշել է նաեւ Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը: