ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերը հայտարարել են, թե Հաագայի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել իրենց օգտին, որի հիման վրա հայցվոր բաժնետերերն իրավունք են ստացել ռուսական կառավարությունից պահանջել իրենց հասցված նյութական վնասների փոխհատուցում՝ 100 մլրդ դոլարի չափով: Բրիտանական «Financial Times» եւ ամերիկյան «Wall Street Journal» թերթերը, վկայակոչելով ընկերության փաստաբանին, փոխանցել են, թե դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պարտավորություններ ունի Էներգետիկ խարտիայի նկատմամբ, չնայած այն բանի, որ ժամանակին ՌԴ Պետդուման չեղյալ է համարել այդ փաստաթուղթը:
Աղբյուրի մատուցմամբ, Հաագայի դատարանի այդ որոշումը հնարավորություն է տալիս ՅՈՒԿՕՍ-ի նախկին, իսկ այսօր «ՄԵՆԱՏԵՊ» (Group Menatep Limited) խմբի բաժնետերերին՝ դատի տալ ռուսական իշխանություններին:
Իրենց հայցում բաժնետերերը վկայակոչել էին Էներգետիկ խարտիայի 45-րդ հոդվածը, որը պաշտպանում է սեփականատերերի շահերը՝ պետության կողմից հնարավոր բոլոր ոտնձգություններից: Բաժնետերերը պնդում են, որ Կրեմլը սնանկացրել է ՅՈՒԿՕՍ-ը, վերահսկողության տակ է առել նրա ակտիվները: Իրենց հերթին ՌԴ իշխանությունները հայտարարում են, որ ընկերության սնանկացման պատճառը հարկերից խուսափելն է եղել: