Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների (ԻՀՊ) կորպուսը Պարսից ծոցում կալանավորել է հինգ բրիտանացիների, որոնք զբոսանավով հայտնվել են իրանական կորպուսի վերահսկողության տակ գտնվող ջրային գոտում: «Reuters»-ի մատուցմամբ, այդ տեղեկությունը հաստատել է նաեւ ԻՀՊ կորպուսի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին: «Օտարերկրյա ուժերին դիմակայելն ու Պարսից ծոցում նրանց կալանավորումը կորպուսի պարտականությունների շրջանակներում է»,- հայտարարել է կորպուսի հրամանատարը: Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Ռախիմ-Մաշայեն իր հերթին փոխանցել է, որ Իրանը կարող է կալանավորվածներին խիստ պատժի ենթարկել, եթե ապացուցի, որ նրանք «չար մտադրություններ են ունեցել»: Պաշտոնական Լոնդոնը հայտարարել է, որ կալանավորվածները քաղաքացիական անձինք են եւ զուգահեռներ է տարել այդ եւ 2007թ. տեղի ունեցած նմանատիպ միջադեպի միջեւ: Հիշեցնենք, որ այն ժամանակ իրանցիները կալանավորել էին ութ բրիտանացի նավաստիների եւ յոթ ծովային հետեւակայինների, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել: «Բնականաբար, որեւէ հակադրություն կամ հակամարտություն չկա: Որքանով մեզ է հայտնի, այս մարդկանց հետ լավ են վերաբերվում, ինչը ճիշտ է եւ ինչը մենք ակնկալում ենք այնպիսի երկրից, ինչպիսին Իրանն է»,- ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդը՝ հավելելով, թե Մեծ Բրիտանիայում հասկանում են, որ «Իրանի կառավարությունը միջադեպը քննում է, ինչը միանգամայն բնական է: Դրանից հետո մենք ակնկալում ենք, որ միջադեպը արագ կհարթվի»:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում ասում են, թե հավանական է, որ զբոսաշրջիկները նոյեմբերի 25-ին «կանխամտածված չեն մտել իրանական ծովային տարածք»: Զբոսանավը պետք է մասնակցեր «Dubai-Muscar Offshore Race» մրցարշավին, բայց, կազմակերպիչների ասելով, նավի վրա անսարքություններ են հայտնաբերվել՝ խափանվել է թիավարող պտուտակը, որի հետեւանքով նավը 10 ժամ շարունակ օգնության սպասելիս՝ հայտնվել է անկառավարելի վիճակում եւ այդ ընթացքում կարող էր ակամա հայտնվել իրանական ջրային տարածքում: Թեհրանը կարող է որոշել չուռճացնել այս միջադեպը եւ նավի վրա եղած բրիտանացիներին ազատ արձակել, կամ հակառակը՝ տեղի ունեցածը դարձնել դիվանագիտական սկանդալի նյութ: