«Աշխարհի տարբեր անկյուններում անտեղյակությունից դարի չարիքի զոհն են դառնում հազարավոր մարդիկ: Եթե հասարակությունը սկսի լիարժեք գիտակցել խնդրի էությունը եւ ձգտի լինել տեղեկացված՝ իրավիճակը կշտկվի: Հայկական Կարմիր խաչի հետ մեր համագործակցությունը սկսվել ու շարունակվում է այդ տրամաբանության շրջանակներում»,- երեկ ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը գտնվում էր Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում՝ «ՁԻԱՀ-ի բաց դասին»: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, նախաձեռնել են միջոցառումների շարք, որոնցից են ՁԻԱՀ-ի բաց դասը, որը կազմակերպվեց Երեւանի տարբեր դպրոցներում՝ մշակույթի եւ սպորտի գործիչների մասնակցությամբ, բջջային կարճ հաղորդագրությունների ակցիան, որը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախորդներին է հղվում, ՀԿԽԸ-ի պատրաստած տեսահոլովաների ցուցադրությունը եւ տեղեկատվական քարոզարշավը, երբ կամավորները Երեւանի կենտրոնական փողոցներում տարածում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր, պահպանակներ: Քարոզարշավն ամփոփվեց «Մոսկվա» կինոթատրոնի սրահում՝ տեսահոլովակների ցուցադրությամբ եւ տեղեկատվական վահանակների տեղակայմամբ: