Պարզ կդառնա 2010-ի հունվարի 1-ից հետո
Ներառական կրթության ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն 4 տարի, սակայն այս համակարգի հետ կապված խնդիրները նվազելու փոխարեն տարեցտարի աճում են: Պատճառը, թերեւս, արդեն գործած սխալները դեռ չուղղած՝ նոր սխալներ թույլ տալն է: Արդյունքում՝ ներառական կրթության իրականացումը կատարվում է մի տեսակ ոչ կանոնակարգված ձեւով. ներառական կրթություն իրականացնող շատ դպրոցների շենքային պայմաններ նույնիսկ հարմարեցված չեն դրան, չկա համապատասխան մանկավարժական անձնակազմ, որը պետք է աշխատի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ: Ֆինանսական միջոցների սղության գործոնը եւս իր «սեւ գործն» է անում: Հենց այս պատճառով էլ դժգոհություն է առաջացել, օրինակ՝ Ալավերդու թիվ 5 դպրոցում, որտեղ պետք է ներդրվեր ներառական ծրագիր, արդեն հայտագրվել էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 13 երեխա, ուսուցիչներն էլ անցել էին վերապատրաստման դասընթացներ, բայց, ինչպես փոխանցում է Ալավերդու «Անկյուն +3» ՀԸ-ն, դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանի խոսքով՝ Լոռու մարզկենտրոնից ներառական դպրոցի հիմնադրման ծրագիրը չֆինանսավորեցին, ավելի կոնկրետ՝ ֆինանսավորումը հատկացվեց մեկ այլ դպրոցի:
Լ. Մելիքսեթյանը մանրամասնում է. «Ախթալայի, Ալավերդու թիվ 5 եւ Վանաձորի թիվ 1 դպրոցները չֆինանսավորվեցին, քանի որ գումարները գնացել են Սպիտակի դպրոցին, ասում են՝ այնտեղ շատ սայլակավոր երեխաներ կան: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ պետք է հոգեբան, լոգոպեդ, սոցիոլոգ աշխատի, սակայն կադրերի պահպանման խնդիրը դպրոցը սեփական միջոցներով չի կարողանում լուծել: Իսկ հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողները խոր հիասթափություն են ապրել՝ իմանալով, որ իրենց երեխաների հետ մասնագետներ չեն աշխատելու»:
Ի՞նչ է սպասվում այս դպրոցին, ի՞նչ ճակատագրի կարժանանա՝ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ԿԳՆ հանրակրթության վարչության հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանից: Նա նախ տեղեկացրեց. «Ներառական կրթության ծրագիրը, որն իրականացվում է 2005-ից, արդեն մինչեւ 2015-ը կիրականացվի հանրապետության շուրջ 150 դպրոցներում: Ծրագիրը կատարվում է քայլ առ քայլ՝ տարեկան ծրագրում ներգրավվում է եւս 15 -20 դպրոց: Նախարարի հրամանով այս ուսումնական տարում եւս 18 դպրոց ճանաչվեց ներառական կրթություն իրականացնող: Այդ շարքում են Ալավերդու թիվ 5 եւ Ախթալայի դպրոցները»: Ն. Մանուկյանը նշեց այն կարեւոր պայմանները, որոնց դեպքում դպրոցը ճանաչվում է ներառական կրթություն իրականացնող. օրինակ՝ պետք է լինեն երեխաներ, որոնք ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, ծնողական եւ աշակերտական հանրույթը պետք է պատրաստ լինի այդպիսի երեխաներ ներառելու, դպրոցի շենքն ու շինությունը պետք է հարմարեցված լինեն, որպեսզի գործընթացը սկսվի:
Այս կապակցությամբ «Առավոտի» այն դիտարկմանը, թե այժմ կան ներառական կրթություն իրականացնող բազում դպրոցներ, որոնց շենքային պայմանները հարմարեցված չեն, անգամ չկան թեքահարթակներ, այդ ինչպե՞ս է, որ դրանք ընտրվել են ներառական կրթություն իրականացնող, պարոն Մանուկյանն այսպես պատասխանեց. «Այդ ամենը բոլորս շատ լավ գիտենք, դա լավ օրից չէ: Բայց այժմ քաղաքաշինության նախարարությունում, շինարարական կազմակերպություններում գիտեն, որ երբ պատվեր է ձեւավորվում հանրակրթության հաստատությունների հետ կապված, պետք է բոլոր նշված պահանջները բավարարվեն»:
Անդրադառնալով Ալավերդու թիվ 5 դպրոցի կողմից բարձրացված մտահոգությանը, պարոն Մանուկյանը նշեց. «Այդ դպրոցն ուսումնասիրվեց, կազմակերպվեցին վերապատրաստումներ, դպրոցը ճանաչվեց ներառական: Ալավերդու դպրոցի տնօրինությունը դիմեց բժշկահոգեբանամանկավարժական կենտրոն եւ երկու էտապով գնահատումից հետո 11 երեխա ճանաչվեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Բնականաբար, դրա համար պիտի նախատեսվեին երեքուկես հաստիք, լրավճարներ եւ այլն: Բայց ֆինանսական տարին սկսում եւ ավարտվում է հունվարի 1-ին: Ֆինանսավորման բոլոր թվերն արդեն ներկայացված են, պարզապես դպրոցները պիտի ֆինանսավորվեն հունվարի 1-ից»: Իսկ այն հարցին, թե ճգնաժամն իր ազդեցությունն ունեցե՞լ է այս ոլորտի վրա, բաժնի պետը պատասխանեց. «Ոչ մի ճգնաժամ չի խանգարել, որ պետությունն աշակերտի նկատմամբ կատարի իր պարտավորությունները»: