Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՕԳՆՈՒՄ Է ԿԱԴՐԵՐՈՎ

Դեկտեմբեր 02,2009 00:00

\"\"Բայց չի բացառվում, որ գումար էլ հատկացնի՝ բարեփոխումների համար

Հոկտեմբերի 26-ից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նոր համալրում ունի. Թվինինգ կոչվող ծրագրով մեր եւ Իսպանիայի ու Ֆրանսիայի օմբուդսմենների գրասենյակների միջեւ համագործակցության արդյունքում, Երեւան են ժամանել այդ երկրների օմբուդսմենների գրասենյակների աշխատակիցներ եւ օգնում են մեր Պաշտպանին:
Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ կոնկրետ այս՝ Թվինինգ ծրագրով սա առաջին համագործակցությունն է Հայաստանի որեւէ գերատեսչության եւ Եվրոմիության անդամ որեւէ երկրի համապատասխան գերատեսչության միջեւ: Փորձենք հանրամատչելի բացատրել Թվինինգի մեխանիզմը. Եվրամիությունն իր անդամ երկրների համար մրցույթ է հայտարարում եւ ասում՝ ԵՄ անդամության թեկնածու կամ «Եվրոպական հարեւանության» ծրագրով անցնող այսինչ երկրի այսինչ կառույցը այսինչ օգնության կարիքն ունի, մենք հատկացնում ենք այսքան գումար դրա համար, ո՞վ է պատրաստ օգնության մեկնել: Եվ, ստանալով համապատասխան հայտեր, ընտրվում է հաղթող երկիրը, ու սկսվում է համագործակցությունը:
«Կոնկրետ մեր դեպքում,- նշեց Ա. Հարությունյանը,- մրցույթը հաղթել են Ֆրանսիայի եւ Իսպանիայի օմբուդսմանները, եւ հիմա 18 ամիս ժամկետով մեր գրասենյակում մշտապես մի հոգի լինելու է՝ իր օգնականով, եւ պարբերաբար մեկ-երկուսը գալու են նրան օգնելու: Տարբեր օրինագծերի հետ կապված միջազգային փորձն են վերհանելու եւ համեմատելու մերի հետ, օգնելու են առավելագույնս համապատասխանեցնել մեր գործունեությունը միջազգային չափանիշներին: Սա նաեւ մարդկային ռեսուրս է, ինչի կարիքն ունենք: Այսօրվա դրությամբ ՄԻՊ աշխատակազմում 45 հոգի կա, սակայն նրանցից միայն 25-27-ն են իրավաբան-փորձագետ, մնացածը տեխնիկական աշխատողներ են: Այնինչ՝ աշխատանքի ծավալը հսկայական է, տարեկան 6000 դիմում ենք ստանում, բացի այդ, ՄԻՊ գրասենյակի գործառույթների մեջ է մտնում նաեւ մարդու իրավունքների հետ կապված բոլոր օրենքների նախագծերին կարծիք- եզրակացությունը տալը, Վենետիկի հանձնաժողովի հետ ենք աշխատում եւ էլի տարբեր խնդիրներ են առաջանում… մի խոսքով՝ նման փորձագետների ներկայության կարիքը մենք շատ ունեինք: Ըստ էության, Եվրամիության ծախսած գումարն ամբողջությամբ իրենց ժողովրդին էլ վերադառնում է, իսկ մյուս կողմից՝ մենք ստանում ենք հավելյալ որակյալ աշխատուժ՝ առանց վճարելու: Ուզում եմ շեշտել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը մշտապես Եվրոպական հանձնաժողովի եւ հատկապես ՀՀ-ում ԵՀ դեսպան Ռաուլ Լուցենբերգերի մշտական ուշադրության եւ հոգածության ներքո է գտնվում, ինչի համար, իհարկե, շնորհակալ ենք: Եվ Թվինինգը այդ տարատեսակ օգնություններից է»:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հետ: Նա ասաց, որ Թվինինգը՝ որպես գործիք, ստեղծվել էր ԵՄ անդամության թեկնածու երկրներին օգնելու նպատակով, սակայն հիմա «Եվրոպական հարեւանության» ծրագրի շնորհիվ Թվինինգը հասանելի է նաեւ «Եվրոպական հարեւանության» շրջանակի պետություններին, որոնցից են Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Վրաստանը: Պարոն դե Լուցենբերգերն ասաց նաեւ, որ ՀՀ-ում այս պահին մեկ այլ Թվինինգ էլ է իրականացվում՝ էկոնոմիկայի նախարարության հետ. «Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող Թվինինգի նպատակն է նախարարությանը տրամադրել մի գործիք, որը կոչվում է ստանդարտ ծախքերի մոդել՝ դա շատ օգտակար է բարեփոխումներ եւ նոր վարչական կանոնակարգումներ մշակելիս, օգնում է կառավարությանը՝ հասկանալու բարեփոխումների ծախքերը, եւ թե ինչպես պիտի այդ ծախքերը հատուցվեն կամ ֆինանսավորվեն: Թվինինգը իրականացվում է Ֆինլանդիայի էկոնոմիկայի նախարարության հետ: Հայաստանից ունենք նաեւ այլ հայտեր, որոնցից մի քանիսն ավելի մոտ են իրագործմանը: Օրինակ, Քաղաքացիական ավիացիայի վարչության հետ կլինի Թվինինգ՝ կաջակեցենք վարչությանը՝ ի կատար ածելու ԵՄ-ի եւ գործընկերների հետ կնքված համաձայնությունների պահանջները: Կան նաեւ այլ հայտեր տարբեր գերատեսչություններից, որոնք պատրաստման տարբեր փուլերում են»: Մեր հարցին, թե ի՞նչ Թվինինգներ են իրականացվում մեր հարեւան երկրներում, պարոն Լուցենբերգերը պատասխանեց. «Ընթացիկ ծրագրեր կան նաեւ Վրաստանի եւ Ադրբեջանի համար, սակայն այդ երկու պետություններում գործող եւ Հայաստանում գործող Թվինինգների միջեւ կան որոշակի տարբերություններ, քանի որ իրագործվում է այն Թվինինգը, որն արտացոլում է այդ պետության առաջնահերթությունները: Բայց հիմնականում բոլոր Թվինինգներն ունեն պետական կառավարման համակարգի զարգացման եւ բարեփոխումների նպատակ»:
Մեզ հետաքրքրեց նաեւ, թե կա՞ն գործիքներ, որոնցով ստուգվում է կոնկրետ ծրագրերի արդյունավետությունը, չէ՞ որ ԵՄ-ն իր հարկատուների փողերն է ծախսում՝ ինչ-որ հեռավոր երկրների օգնելու համար. «Բոլոր ծրագրերը թե՛ իրականացման ընթացքում, թե՛ ավարտից հետո ենթակա են մոնիտորինգի, որն իրականացնում է անկախ կառույցը, որը Եվրոպական հանձնաժողովի մաս չի կազմում: Այդ կերպ մենք ստանում ենք ծրագրի հաջողությունների կամ առկա խնդիրների վերաբերյալ անկախ գնահատական, դա մեզ օգնում է ծրագրերի ընթացքում շահառուի հետ գտնել լուծումներ, իսկ վերջում հետագա ծրագրերն ավելի լավ մշակել»:
Ռաուլ դե Լուցենբերգերը ԵՄ-ի մեկ այլ նախագծի մասին էլ պատմեց. «Մենք հասկանում ենք, որ այսօր ՀՀ կառավարությանը պետք են նաեւ լրացուցիչ ռեսուրսներ՝ բարեփոխումներ անելու համար հատկապես այս ճգնաժամային իրավիճակում, եւ հիմա քննարկում ենք մեր կողմից բյուջետային օժանդակություն հատկացնելու հնարավորությունը՝ բարեփոխումների կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու դիմաց, որոնք կհամաձայնեցնենք ՀՀ կառավարության հետ: Դա միջոցառումների մի ամբողջական փաթեթ է, եւ առաջին անգամ է, որ որեւէ հարեւան կամ նույնիսկ թեկնածու պետության նման բան է առաջարկվում՝ նման ամբողջական փաթեթ: ՀՀ-ն առաջին երկիրն է, որի համար նման համալիր մոտեցում է մշակվել»: Բնականաբար, մեզ հետաքրքրեց, թե ինչո՞վ ենք արժանացել նման պատվի: ԵՀ դեսպանն ասաց. «Որովհետեւ ՀՀ-ն բարեփոխումներ անելու մեծ պատրաստակամություն է դրսեւորում, նախկինում էլ շատ լավ օգտվել է մեր առաջարկած գործիքներից: Մեր ծրագրերի հետ աշխատելու ՀՀ պետական մարմինների կարողությունն ու փորձը, ինչպես նաեւ՝ ՀՀ նախագահի կողմից դրսեւորած քաղաքական կամքը, որ ցանկանում է երկրի պետական համակարգում լինեն ԵՄ խորհրդատուներ, մեզ հնարավորություն տվեցին նման համալիր փաթեթ ստեղծելու: Եթե այս առաջին ծրագիրը հաջող ստացվի, կարող ենք այսպես աշխատել նաեւ նույնանման կարիքներ ունեցող մյուս պետություններում, ինչպիսիք են, ասենք, Մոլդովան կամ Վրաստանը, կամ որեւէ այլ պետություն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել