Լրահոս
Օրվա լրահոսը

Կա, գոնե, բանավոր համաձայնություն

Դեկտեմբեր 02,2009 00:00

Երեկ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը համոզմունք է հայտնել, թե նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի հարակից տարածքները, եւ Մյունխենում համանախագահների կողմից արձանագրված «առաջընթացը» նշանակում է, որ Մադրիդյան սկզբունքների հիման վրա որեւէ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ ձեռք է բերվել, գոնե, բանավոր համաձայնություն։
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ալ. Արզումանյանը անդրադարձել է համանախագահների կողմից ակնկալված դժվարություններին ու կարծիք է հայտնել, թե դրանք կարող են վերաբերել Հայաստանի համար անընդունելի փաստաթղթի մեջ որոշ ձեւակերպումների՝ կա՛մ զորքերի դուրսբերման գրաֆիկին, կա՛մ Լաչինի շրջանի հետ կապված խնդիրներին, որոնց շուրջ դեռ համաձայնություն չկա։
Վերջին մեկուկես տարիների ընթացքում, ըստ Արզումանյանի, Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ողջունում են Մադրիդյան սկզբունքները, ինչը նշանակում է, որ գործող իշխանությունները համաձայնություն են տվել նաեւ հայկական զորքերը ԼՂ հարակից տարածքներից դուրս բերելու մասին դրույթին։
ՀՀ ԱԳ նախկին նախարարը հատկապես մտահոգիչ է համարել այդ սկզբունքներում մատնանշված այն ձեւակերպումը, որը հետագայում, ինչ-որ պահի Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հիման վրա Ղարաբաղի կարգավիճակի շուրջ որոշում կայացնելու մասին է։ «Եթե խոսքը գնում էր ռեֆերենդումի մասին, ապա պարտադիր է, որ միջազգային իրավունքի կողմից ընդունված նորմը՝ ռեֆերենդում տերմինը օգտագործվեր փաստաթղթում եւ ոչ թե դրա մեղմասացությունը՝ ինչ-որ կամարտահայտության մասին, որը մենք չգիտենք՝ ինչ բան է: Միջազգային իրավունքը չի տալիս դրա բացատրությունը, եւ մենք ունենք իրավունք մտահոգ լինելու, որ վաղը մեզ կհրամցվի որեւէ փաստաթուղթ ստորագրված Բակո Սահակյանի կողմից, որը կներկայացվի որպես կամարտահայտություն»,- ասել է Ալ. Արզումանյանը։
Անդրադառնալով շաբաթ օրը ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, թե «հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանը ինձ հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել», նախկին նախարարն ասել է, թե՝ այլեւս որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը պայմանավորված է միմիայն ԼՂ խնդրի կարգավորման հարցում առաջխաղացմամբ:
«Արձանագրությունները կվավերացվեն այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունների կողմից հստակ խոստում կլինի զորքերի դուրս բերման վերաբերյալ»,- համոզվածությամբ հայտարարել է Ալեքսանդր Արզումանյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել