Կգործի՞ մեկը՝ բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքը ՀԱՊԿ-ում
Թեեւ Ադրբեջանի ղեկավարության ռազմաշունչ հայտարարությունները վաղուց արդեն նորություն չեն ոչ ներքին, ոչ էլ արտաքին լսարանների համար, այնուամենայնիվ, մյունխենյան հանդիպման անմիջապես նախօրեին Իլհամ Ալիեւի հնչեցրած սպառնալիքները, կարծես թե, սովորականից ավելի լայն արձագանք ստացան: Պատերազմական հռետորության դեմ հարկ համարեցին խոսել ԵԱՀԿ համանախագահները, բավական կոշտ տեսակետներ հնչեցին տարբեր բեւեռներից եւ, որքան էլ տարօրինակ է, անգամ Թուրքիայից: Այդ շարքում, սակայն, նկատելիորեն ամենաբարձրը ռուսական քաղաքագիտական շրջանակների ձայնն էր. ռուսական առաջատար մամուլում հայտնվեցին Ղարաբաղի հարցի պատերազմական լուծման մասին բազմաթիվ վերլուծություններ, որոնց հիմնական առանցքն այն էր, որ պատերազմը սկսող կողմը կկորցնի շատ ավելին, քան ակնկալում է ձեռք բերել հաղթանակի դեպքում: Կովկասյան տարածաշրջանի գիտակ Մոդեստ Կոլերովը, օրինակ, նկատում է, որ պատերազմի վերսկսման դեպքում Բաքու-Ջեյհանն ու Մինգեչաուրի ՀԷԿ-ը անմիջապես կռմբակոծվեն հայկական կողմից, այն դեպքում, երբ Մեծամորի ատոմակայանը զուտ տեխնոլոգիապես անհասանելի կլինի ադրբեջանական զինուժի համար: Ղարաբաղյան հիմնախնդրին քաջածանոթ մեկ այլ քաղաքագետ՝ 1992-1996թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր «Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին» հոդվածում պատերազմական հռետորությունը որակում է իբրեւ «տխմար»՝ նշելով. «Ուժերի մոտավոր հավասարությունը բացառում է բլիցկրիգն ու մեկի միանշանակ հաղթանակը: Նույնիսկ կողմերից մեկի գերակշռությունը կարող է փոխել ճակատային գիծը, բայց չի կարող հանգուցալուծել հակամարտությունը: Սեփական կորուստներն ու ճնշումը ներսից կվերադարձնեն կողմերին բանակցային սեղանի շուրջ»:
Նկատենք, սակայն, որ այդ վերլուծություններում բացակայում է հիշատակությունն այն մասին, որ պատերազմական գործողությունների սկսման դեպքում ՀԱՊԿ անդամ Հայաստանը կարող է ստանալ այդ կազմակերպության ռազմական աջակցությունը: Մինչդեռ նոյեմբերի 25-ին Բելառուսում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի արած հայտարարությունն այս իմաստով, կարծես թե, բավական հստակ էր: Հիշեցնենք, որ Մեդվեդեւը հայտարարել էր. «ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ արտաքին ագրեսիային կհետեւի ՀԱՊԿ անդամ երկրների աջակցությունը դաշնակցին, այդ թվում՝ ռազմական»: ՌԴ նախագահը հիշեցրել էր, որ ՀԱՊԿ-ի դեպքում գործում է նույն սկզբունքը, որն առկա է ՆԱՏՕ-ում. «Երկրներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում Պայմանագրի անդամ բոլոր երկրների վրա: Դա շատ լուրջ ձեւակերպում է: Մենք, չգիտես ինչու, դրա մասին երբեմն մոռանում ենք, մինչդեռ իրականում հենց դա է գործընկերային պարտավորությունը»: Թե կոնկրետ ո՞ւմ էր այդ ձեւակերպման մասին ուզում հիշեցնել ՌԴ նախագահը, դժվար է միանշանակ ասել, սակայն, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում ՀԱՊԿ անդամ յոթ երկրներից առնվազն չորսի՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի մոտ կարող են հիշողության կորուստներ արձանագրվել, միանգամայն հավանական է:
Իսկ այն փաստը, որ ՌԴ իշխանական տեսակետներն արտահայտող քաղաքագետները եւս իրենց վերլուծություններում «մոռանում» են Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության մասին, թույլ է տալիս ենթադրել, որ Մեդվեդեւի հայտարարությունը, հավանաբար, նպատակ ուներ ընդամենը զսպել Ալիեւի պատերազմական նկրտումները:
Ենթադրենք՝ առաջիկայում Ադրբեջանը դիմի պատերազմական գործողությունների: Այդ դեպքում Հայաստանն արդյոք կստանա՞ ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական աջակցությունը:
Արման Մելիքյան– ԼՂՀ նախկին
արտգործնախարար
Եթե Նախիջեւանի կողմից հարձակման ենթարկվի Երեւանը, ապա Ռուսաստանը՝ հանձինս ՀԱՊԿ-ի, կմիջամտի: Սակայն եթե Ադրբեջանը հարձակում կատարի Արցախի սահմանների վրա, ապա, ես կարծում եմ, այդպիսի աջակցություն Արցախը չի ստանա: Ամեն ինչ կախված է շատ կոնկրետ հանգամանքներից, եւ այդ առումով ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքները կարող են շատ տարբեր լինել՝ սկսած որեւէ զորամիավորում ուղարկելու ձեւաչափից, մինչեւ զուտ հայտարարություններով սահմանափակվելու ձեւաչափը: Այստեղ նույնական վերաբերմունք, իհարկե, չի լինի: Կարձագանքի Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ի միջոցով: ՀԱՊԿ-ի կորիզն էլ հենց Ռուսաստանն է, եւ այդ կազմակերպության կառուցվածքն ու օպերատիվ եւ ռազմավարական ծրագրերը հիմնականում խարսխված են Ռուսաստանի եւ անդամ երկրների հարաբերությունների վրա: Այսինքն՝ այդ կազմակերպությունը պետք է դիտել Ռուսաստան եւ ՀԱՊԿ այլ երկրներ շրջանակում: Ուստի, նման դեպքում բոլոր ուղղություններով հիմնական դերը կատարելու է Ռուսաստանը: Իսկ ՌԴ նախագահի հայտարարությունը, ես կարծում եմ, առավելապես ուղղված էր արտաքին՝ ԱՊՀ շրջանակներից դուրս դերակատարներին: Դա պարզապես նախազգուշացում էր, որպեսզի նրանք չփորձեն տարածաշրջանում որեւէ հակամարտություն հրահրել:
Ալեքսանդր Իսկանդարյան–
քաղաքագետ
Մոտակա ժամանակաշրջանում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա անհնար է:
Նման բան չի լինի: Ի. Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունները կապված են հայ-թուրքական հարաբերությունների եւ ոչ թե Ղարաբաղի հետ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի պարտավորություններին, ապա իրականում հեռանկարը, որ ղրղըզական զորամիավորումները Հայաստանում կարող են կռվել, ասենք, վրացական զորքերի դեմ, դա ուղղակի լուրջ չէ: Դա անհնար է, եւ երբ Մեդվեդեւն այդ մասին խոսում էր, դա շատ լավ հասկանում էր: Այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը, որպես ռազմական դաշինք, որոշակի դերակատարություն ունի՝ կապված զինամթերքի ձեռքբերման, դրանք ներքին գներով գնելու հնարավորության, զինվորականների ուսուցման եւ մի շարք այլ ծրագրերի իրականացման հետ: Սակայն, որ ՀԱՊԿ-ը պաշտպանվի Ադրբեջանից, քաղաքական հեռանկարում դա ռեալ չէ:
Կիրո Մանոյան-ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու
Եթե մենք Հայաստան ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունն ու ԼՂՀ-ն միասին, ապա, ես կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը չի հասնի օգնության: Եթե նկատի ունենք զուտ Արցախը, ապա առավել եւս չեն հասնի օգնության, քանի որ Արցախն իրենց համար Հայաստան չէ, ուստիեւ՝ որեւէ կերպ նրանք պարտավորված չեն ռազմական աջակցություն ցուցաբերելու: Իսկ եթե նկատի ունենք Հայաստանի Հանրապետությունը՝ 30 հազար քառ կմ տարածքով, ապա առնվազն օրինականորեն ՀԱՊԿ-ը պարտավոր է օգնության հասնելու:
Սակայն քանի որ նախադեպը չկա, որպեսզի մենք տեսնեինք, թե ՀԱՊԿ-ը նման իրավիճակում ինչ արագությամբ եւ ինչ հզորությամբ է արձագանքում, ապա ես ավելի շատ հավանական եմ համարում, որ ուշացումով, ձգձգումով եւ այլն, բայց ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեղից կշարժվի:
Վահան Շիրխանյան– ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ
Այսօր ՀՀ-ն եւ ՀԱՊԿ-ը ունեն հստակ պայմանագրային պարտավորություններ՝ փոխադարձ ռազմական աջակցության վերաբերյալ: Ռազմական դաշինքները հենց դրա համար էլ ստեղծվում են, որ պաշտպանեն ընդհանուրի եւ ամեն մեկի անվտանգությունը: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա դա միանշանակ դիտարկվելու է որպես հարձակում ամբողջ ՀԱՊԿ-ի վրա: Եվ, կարծում եմ, ՀԱՊԿ-ը կկատարի անդամ երկրին ռազմական աջակցության իր պարտավորությունը:
Ադրբեջանից պաշտպանվելու համար այսօր Հայաստանին ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ որեւէ մեկի աջակցությունը պետք չէ, եթե Թուրքիան Ադրբեջանի թիկունքին կանգնած չլինի: Սակայն քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանը հարձակման կգնա միայն Թուրքիայի աջակցությունն ունենալու դեպքում, ապա այստեղ արդեն իրավիճակը կփոխվի, եւ այդ խնդիրն արդեն կառնչվի նաեւ ՀԱՊԿ գլխավոր դերակատարի՝ Ռուսաստանի ազգային շահերին՝ դրանից բխող հետագա քայլերով: Եվ քանի որ ՀԱՊԿ-ի ռազմական ուժերի գերակշիռ մասը ռուսական է, Ռուսաստանի համար, այդ առումով, որեւէ բարդություն, կարծում եմ, չի լինի:
Ադրբեջանը պետք է հասկանա, որ հարձակումը Հայաստանի վրա կլինի առաջին քայլը, որին կհետեւի կոնֆլիկտի ընդլայնումը եւ վերջին քայլը՝ ՀԱՊԿ-ՆԱՏՕ հակադրումը: