Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշտոցի դրած հիմքը

Դեկտեմբեր 02,2009 00:00

Եկող տարի Մարգահովիտի դպրոցը կնշի հիմնադրման 150-ամյակը

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում դպրության սկզբնավորման եւ դպրանոցի հիմնադրման մասին առաջին տեղեկությունը վերաբերում է 5-րդ դարին: Ըստ ավանդության՝ հենց 5-րդ դարում, գյուղից 2 կմ հարավ-արեւմուտք գտնվող գյուղատեղիում դպրանոց է հիմնադրել Մեսրոպ Մաշտոցը: Հայերենի այբուբենը ստեղծելուց հետո Մաշտոցին հրավիրում են Վրաստան՝ օգնելու ստեղծել վրացական տառերը: Ներկայիս Մարգահովիտի մատույցներով անցնելիս Մաշտոցը ձմռան եւ ձյան պատճառով չկարողանալով շարունակել ճանապարհը, ստիպված ապաստանում է այստեղ: Այբասան (այբ ասող) անունը բնակատեղը ստանում է հայոց Առաջին ուսուցչի՝ այստեղ դպրանոց հիմնելուց եւ տեղի մանուկներին այբուբենը ուսուցանելուց հետո: Սա ավանդապատում է, բայց չի կարելի ասել, թե սոսկ լեգենդ է:
Այսօր, Մաշտոցից ու հայ դպրության հիմնադրումից տասնյակ դարեր անց, Հայաստանի Հանրապետության հատկապես գյուղական վայրերում ցավալիորեն քիչ են անընդհատ կենսագրություն ունեցող դպրոցները: Մարգահովիտի դպրոցը այդ քիչ երջանիկներից է եւ 2010-ին տոնելու է հիմնադրման 150-ամյակը: Մարգահովիտի դպրոցի հիմնադրման մասին հիշատակում կա Հայաստանի ազգային արխիվում. ֆոնդ 7, ցուցակ 1, գործ 156, ֆոնդ 48, ցուցակ 1, գործ 430: «Փաստաթղթին ծանոթացել եմ, ես կասեի՝ երջանիկ պատահականությամբ»,- պատմում է գյուղի երկրագիտական թանգարանի հիմնադիր Ավագ Խառատյանը, ով գյուղի պատմությունն ամբողջացնելու նպատակով վերջերս հաճախ է լինում Հայաստանի ազգային արխիվում:
Մեկուկեսդարյա հոբելյանին պատրաստվող դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը վստահ է, որ 150 տարիները «հպարտություն են ներշնչում, միեւնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն ենթադրելով»:
Դպրոցն այժմ 411 աշակերտ ունի: Տնօրենի խոսքով, Մարգահովիտի դպրոցը բոլոր ժամանակներում էլ ունեցել է արժանի շրջանավարտներ, որոնց անուններն այսօր էլ հանրապետության շատ ու շատ վայրերում հպարտությամբ է տալիս յուրաքանչյուր մարգահովիտցի: «Իմ ուսերին պատասխանատվության մեծ բեռ է: Ինձ վստահել են այն դպրոցի տնօրինությունը, որտեղ ստացել եմ իմ մկրտությունը»,- ասում է տնօրենը, ում գրեթե ողջ գիտակցական կյանքը կապված է այս հաստատության հետ:
150-ամյա կրթօջախը այսօր էլ հաջողություններ է արձանագրում. 2004 թ. դպրոցը լավագույնն էր մարզում, 2001-ին Աշոտ Անտինյանը ճանաչվել է Լոռու մարզի տարվա լավագույն տնօրեն, 2009-ին՝ Լոռու մարզի տարվա լավագույն ուսուցիչ, դպրոցը պարգեւատրվել է բազմաթիվ պատվոգրերով եւ շնորհակալագրերով, 2004 թվականին՝ ՀՀ նախագահի շնորհակալագրով: Վերջերս կազմակերպված միջդպրոցական հրաձգության մրցույթում էլ զինղեկ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ՝ դպրոցի թիմը երկրորդն էր:
Տնօրենը նկատեց, որ այս նվաճումները ուսուցիչների վաստակն է, ովքեր «հմուտ ու բանիմաց մանկավարժներ էին, կյանքի ճիշտ ուղին մատնանշող: Դպրոցի այսօրվա հաջողությունների համար ես պարտական եմ իմ աշխատանքային ընկերներին, առանց նրանց աջակցության՝ քիչ բան կարելի էր անել: Լավ կառավարումն ու տնօրինումը առանց հմուտ աշխատակազմի՝ հնարավոր չէ: Դրանք փոխկապակցված են: Դպրոցի հաջողություններում ոչ պակաս կարեւոր դեր ունեն աշակերտներն ու նրանց ծնողները, ովքեր անչափ հոգատար եւ ուշադիր են դպրոցում կատարվող ամեն ինչի նկատմամբ, իրենցն են համարում թե՛ հաջողությունները՝ դրանց համար անթաքույց ուրախանալով, թե՛ խնդիրները՝ դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին սատար կանգնելով»:
1998 թվականին կառուցվել է դպրոցի նոր մասնաշենքը, 2000 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ հոլանդական կառավարության ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է դպրոցի հիմնական մասնաշենքը: Դպրոցը գազիֆիկացված է, ունի լոկալ ջեռուցման ցանց: Գործում են ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաներ, ժամանակակից չափանիշներին համապատասխան համակարգչային կենտրոն, ռազմագիտության, աշխարհագրության եւ կենսաբանության կաբինետներ, ու որպես արդյունք՝ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի մարգահովիտցի մասնակիցները տուն են վերադառնում գովասանագրերով ու դիպլոմներով:
Մարգահովիտի դպրոցը նաեւ խնդիրներ ունի: Արհեստանոցում աշխատանքի ուսուցման դասերն անցնում են ԽՍՀՄ ժամանակ ստացած հաստոցների առջեւ, հաստոցների մի մասն արդեն շարքից դուրս է եկել, որոշներն էլ՝ կիսափչացած են:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացող, հարափոփոխ ժամանակաշրջանում հարկ է անընդհատ նոր սարքավորումներով համալրել դպրոցի համակարգչային կենտրոնը, լաբորատորիաները, աշխարհագրության, կենսաբանության, ռազմագիտության կաբինետները, սակայն ֆինանսական միջոցներն այնքան քիչ են, որ դպրոցը դրանք չի կարող ձեռք բերել: Փորձում ենք ժամանակից հետ չմնալու համար ձեռք բերել գոնե անհրաժեշտ նվազագույնը, սակայն դա քիչ է»,- նկատեց Աշոտ Անտինյանը: Նա հուսով է, որ արտերկրում ապրող համագյուղացիները կանեն ամեն ինչ, որպեսզի 150-ամյակը տոնելիս դպրոցում լուծված լինի վերոնշյալ խնդիրների գոնե որոշ մասը:
Տնօրենը մտահոգված է նաեւ դպրոցի հետագա ճակատագրով: «Կրթօջախը, որ տասնամյակներ շարունակ եղել է նախկին Գուգարքի շրջանի, իսկ այժմ՝ Լոռու մարզի լավագույն դպրոցներից մեկը, ապագայում կարող է դառնալ զուտ ատեստատ տվող հաստատություն»,- տարակուսում է մեր զրուցակիցը եւ առաջարկում. «Համեմատաբար խոշոր գյուղական համայնքներում բացել ավագ դպրոցներ՝ դասարանների ցածր խտությամբ՝ միջինը 5-10 աշակերտ, առաջարկվող 12-15-ի փոխարեն: Նաեւ գյուղին կամ միջնակարգ դպրոցին պետք է սեփական տրանսպորտային միջոցն ունենալու հնարավորություն տալ: Տարբեր վարկային ծրագրեր են իրականացվում այս ոլորտում, թող դրանցից մեկով տրամադրվի նաեւ փոխադրամիջոց»:
Ճգնաժամն էլ նոր խնդիրներ է բերում, չի բացառվում, որ 2010-ին դպրոցը պահպանման ծախսերի համար այս տարվանից քիչ գումար ստանա: Թեեւ կուտակված պրոբլեմներին, տնօրենը լավատես է եւ ասում է, որ խնդիրները լուծելի են, կարեւորը դպրոցում հայ ոգին պահպանելն է: «Մեր ժողովուրդն ավելի ծանր ժամանակներ է ապրել՝ երկրաշարժ, պատերազմ, սով, ցուրտ, բայց կարողացել է հաղթահարել դրանք՝ մեծապես շնորհիվ հենց աննկուն ոգու, որի պահպանության համար այսօր էլ ամեն ինչ արվում է դպրոցում»,- հավաստիացնում է Մարգահովիտի դպրոցի տնօրեն Աշոտ Անտինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել