Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԻՉԸ ԱՆԱՉԱՌ ՉԷ՞

Դեկտեմբեր 02,2009 00:00

\"\"Հայաստանցուց տուժած սփյուռքահայը հայցում է ՀՀ նախագահի աջակցությունը

«Առավոտի» սեպտեմբերի 29-ի համարում «Սփյուռքահայերին բերում ենք, որ թալանե՞նք» հոդվածով անդրադարձել էինք 80-ամյա իրանահայ Արսեն Փուրղասեմյանսի՝ Հայաստանում բնակարան գնելու վարդագույն երազի փլուզման փաստին: Հիշեցնենք, որ Արսեն Փուրղասեմյանսին, ըստ էության, թալանել՝ նրա փողերով գնված բնակարանին ու ավտոմեքենային խաբեությամբ տիրացել է Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Վարդուհի Բադալյանը: Մենք ավելի շատ անդրադարձել էինք հարցի բարոյական կողմին՝ հայաստանցի-սփյուռքահայ հարաբերություններին, իրավական հարթությունը թողնելով հայրենի օրինապահներին: Սակայն, մինչ քրեական գործի նախաքննությունն ավարտին կհասնի, սփյուռքահայ «քցվածն» այս անգամ բախվում է օրինապահների «բարյացակամությանը»: Առերեսումների ընթացքում քննիչի պահվածքից տուժող Արսեն Փուրղասեմյանսը եզրակացնում է, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչ Կարինե Մկրտչյանի թեթեւ ձեռքով գործն իր դեմ է շրջվել, որ իբր բնակարանն ու ավտոմեքենան Վարդուհի Բադալյանը ոչ թե ձեռք է բերել իրենից խարդախությամբ վերցված $40000-ով, այլ՝ Վարդուհուն է հանձնել ինքը, իր կամքով նվեր է տվել: Բացահայտ կեղծիք համարելով իր շահերի դեմ ուղղվող քրգործը, Արսեն Փուրղասեմյանսը բողոքում է եւ անվստահություն հայտնում նախաքննությունն իրականացնող քննիչ Կարինե Մկրտչյանին:
«Առավոտի» հետ զրույցում տուժողն իր անվստահությունը հիմնավորող փաստարկներ բերեց. Ըստ Փուրղասեմյանսի, քննիչը մեղադրյալ Վարդուհի Բադալյանին է վերադարձրել կալանքի տակ գտնվող ավտոմեքենան, հետո էլ տուժողից պահանջել, որ օր առաջ վարձով բնակարան գտնի եւ ազատի իր իսկ միջոցներով գնված բնակարանը: «Իր պահվածքից արդեն հասկացա, որ անարդար բան է արվում, գործն իմ դեմ է սարքվում: Ես հասկացա, որ քննիչը ինչ-ինչ պատճառներով հաճոյանում է հանցագործին, որին արդարացնելու եւ գողացածը նրան թողնելու համար հինգ ամիս ձգձգվող նախաքննությունն իրականացրեց իր նպատակահարմարության շրջանակում: Ես ուզում եմ ՀՀ նախագահի, գլխավոր դատախազի եւ ոստիկանության քննչական վարչության պետի ուշադրությունը հրավիրել քննիչ Կարինե Մկրտչյանի եւ հանցագործ Վարդուհի Բադալյանի հանցավոր համագործակցության եղկելի փաստին, երբ արդար քրտինքով կուտակած փողով հայրենիքում տուն գնելու եկած սփյուռքահայիս Հայաստանում թալանում է ոչ միայն ավազակը, այլեւ օրենքի պաշտպանը: Ես չեմ վստահում քննիչ Կ. Մկրտչյանին: Ես պահանջում եմ, որ քրեական գործի հետագա նախաքննությունը շարունակվի այլ շրջանում, քանի որ ես չեմ վստահում նաեւ Քանաքեռ-Զեյթունի դատախազության անաչառությանը,- հայտարարեց Արսեն Փուրղասեմյանսը եւ հավելեց,- երբ Վարդուհի Բադալյանը հեռախոսով ասաց, որ ինչ էլ ասեմ, միեւնուն է՝ չի անցնի, որովհետեւ ինքն իր գործը արդեն սարքել է, ես չհավատացի, բայց, երբ օրեր առաջ քննիչ Կարինեն ուղղակի իրեն տիրապետել չկարողացավ ու իր վարքագծով ապացուցեց Վարդուհու ասածը, այդ ժամանակ գլխի ընկա, որ կրկնակի խաբված եմ: Լավ, Վարդուհու պահվածքը մի կերպ կարելի է հասկանալ. հանցագործ է, իր «փեշակն» է, դա էլ նրա ապրուստի ձեւն է: Սակայն չեմ հասկանում քննիչ Կարինե Մկրտչյանին, ով իր գործելաոճով ոչ միայն խրախուսում է հանցագործին, այլեւ՝ հանցակից դառնում նրան»:
Քննիչի կանխակալ վերաբերմունքի մասին տուժող Փուրղասեմյանսը բազմիցս տեղյակ է պահել վերադաս մարմիններին, խնդրելով՝ քննությունն այլ տարածք տեղափոխել: Նաեւ առաջարկել է, որ մեղադրյալ Վարդուհի Բադալյանի նկատմամբ որպես ստորագրություն ընտրված խափանման միջոցը փոխվի կալանքի, քանի որ «ազատության մեջ մնալով՝ նա համախոհներ է ձեռք բերում եւ խոչընդոտում քննությանը»: Սակայն տուժողի այս խնդրանքները անարձագանք են մնացել: «Քննությունը թողնվեց Կ. Մկրտչյանին, որի թիկունքին կանգնած է ապօրինի գործողություններում նրան հովանավորող Քանաքեռ-Զեյթունի դատախազությունը, իսկ Վարդուհու նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնվեց նույնը, որից էլ ծնունդ առան ավելի ակնառու կեղծիքներ, այս անգամ՝ քննիչի օգնությամբ»,- ասաց տուժողը:
«Առավոտի» միջոցով դիմելով հանրապետության նախագահին, նա ասաց. «Մեծարգո նախագահ, երբ Դուք Թեհրանում ասացիք, որ իրանահայերիս ապրուստն այստեղ է՝ Իրանում, բայց օջախը՝ Հայաստանում, ես այնպես հավատացի ձեր խոսքին, որ անմիջապես հայրենիք վերադառնալու որոշում ընդունեցի: Բայց այն որոգայթը, որում հայտնվեցի այստեղ, փլուզեց հայրենիքում ազատ ու պաշտպանված ապրելու իմ բոլոր հույսերը: Ինձ թալանել են նյութապես, վիրավորել արժանապատվությունս ու նսեմացրել անձս: Շոու հիշեցնող աննպատակ ու երկարաձիգ առերեսումները քննիչն ու նրա հովանավորյալ հանցագործը վերածում են ծաղր ու ծանակի: Դա էլ քիչ է՝ Վարդուհի Բադալյանը սպառնում է սպանել տալ ինձ, եթե համառորեն շարունակեմ ետ պահանջել գույքս: Ես արդեն իմ կյանքի համար եմ վախենում»:
Արսեն Փուրղասեմյանսը դիմել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանում Իրանի դեսպանին, Ոստիկանության քննչական վարչության պետին, վերադաս դատախազին: Նաեւ խոստանում է հարկ եղած դեպքում խնդիրը հասցնել միջազգային դատարան: Բոլոր դեպքերում, տուժող Փուրղասեմյանսը մի բան է ուզում՝ արդար քննություն:

Հ. Գ. Տուժող Արսեն Փուրղասեմյանսը իրեն ապավեն եւ գործի նկատմամբ հետեւողական լինելու խնդրանքով դիմել է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարին եւ փոխնախարար Ստեփան Պողոսյանից ստացել «խնդիրը մեր լիազորությունների շրջանակում չէ» պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել