Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱԵՐԹ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Դեկտեմբեր 02,2009 00:00

Նոյեմբերի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի պողոտայում մի մեքենայի վարորդ վրաերթի է ենթարկել ոչ սահմանված տեղով փողոցը հատող Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 34/110 հասցեի բնակիչ 1972 թվականին ծնված Տիգրան Սուրենի Մկոյանին: Վերջինս տեղում մահացել է: Վարորդը դիմել է փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեքենայի դետալ, որի վրա գրանցված է եղել տվյալ տրանսպորտային միջոցի իդենտիֆիկացիոն թիվը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Մերուժան Կարապետյանը: Դեպքից 2 ժամ անց BMV 524 մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի 36/8 շենքի 35 բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Արտաշես Վլադիմիրի Արսենյանը ինքնակամ մեղայականով ներկայացել է ոստիկանության Վանաձորի բաժին: Բուժզննության արդյունքում պարզվել է, որ վարորդը եղել է սթափ վիճակում:
«Այդ ճանապարհը կառուցվել է 50 տարի առաջ՝ նախատեսված լինելով Խորհրդային միության տրանսպորտային միջոցների համար, իսկ այժմ քաղաքը հեղեղված է արտասահմանյան մակնիշի մեքենաներով: Վթարին նպաստել է նաեւ ոչ պատշաճ լուսավորությունը, եւ ամենագլխավորը՝ եթե հետիոտնը օգտվեր անցումից, հնարավոր կլիներ խուսափել դժբախտությունից»,- ասաց փոխգնդապետ Մերուժան Կարապետյանը: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը վարում է Լոռու մարզի քննչական բաժինը: Մարզում այս ամսվա ընթացքում սա արդեն ճանապարհատրանսպորտային 2-րդ պատահարն է՝ մահվան ելքով: Առաջինը գրանցվել է Դսեղ համայնքում: «ԳԱԶ- 24» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել անասուններն արոտավայր տանող գյուղացուն: Ընդհանուր առմամբ, նոյեմբեր ամսվա ընթացքում մարզում ճանապարհատրանսպորտային 12 պատահար է գրանցվել: Ըստ Մերուժան Կարապետյանի, սակայն վիճակը հուսադրող է. թե հանրապետությունում, թե մարզում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել