Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «Մարտի 1-ի» գործով մեղադրվող ոստիկաններ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատարան էին ներկայացել ընդամենը երկու վկա՝ տաքսու վարորդ Վոլոդյա Բալանչյանն ու ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի հրամանատար Վարդան Գեւորգյանը:
Վարորդն ասաց, որ չի հիշում ամբաստանյալների դեմքը, հիշում է, որ իր տաքսի մեքենան 2008թ. մարտի 1-ին նստել է մի ցուցարար, որին քիչ հետո մոտեցել են երկու ոստիկան եւ ծեծի ենթարկել: Վարորդը ավելին չէր հիշում եւ խնդրեց դատարանին, այլեւս իրեն չկանչել եւ թույլ տալ, որպեսզի գնա աշխատանքի:
Ոստիկան համարվող հաջորդ վկան ընդհանրապես ոչինչ չէր հիշում: Հրապարակած նախաքննական ցուցմունքների եւ կցկտուր պատասխանների միջեւ էական հակասություններ նկատվեցին, ինչը նշանակում է, որ նա դարձյալ կհրավիրվի դատարան: