Անկախ հանձնաժողովի դեմ դատապարտյալների դժգոհություններն աճել են
Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող՝ 2,5 տարվա ազատազրկման դատապարտված Համազասպ Բագրատյանը 5-րդ օրն է, ինչ անժամկետ հացադուլ է հայտարարել:
Նա դիմել էր իր նկատմամբ համաներում կիրառելու խնդրանքով, սակայն համաներումը չտարածվեց նրա նկատմամբ:
Հ. Բագրատյանը դիմել է ՀՀ նախագահին, տեղեկացնելով, որ հացադուլը կդադարեցնի իր գործի նկատմամբ նրա անմիջական հսկողության դեպքում:
Հոկտեմբերին լրացել էր Հ. Բագրատյանի պայմանական վաղաժամկետ ազատվելու ժամանակը. «Հիմնարկի ղեկավարությունը ներկայացրել էր ինձ պայմանական վաղաժամկետ ազատման: Նոյեմբերի 10-ին անկախ հանձնաժողովը կրկին մերժեց ինձ: Ես խնդրել էի, որ մերժելու դեպքում հանձնաժողովն ինձ գրավոր տեղեկացնի մերժման պատճառները, քանի որ «Դատապարտյալների պաշտպանության ակտերի ժողովածու» գրքի 115 հոդվածի 4-րդ կետի համաձայն, հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն այն դեպքում, երբ չեն խախտում հրամանագրի կանոնակարգը»: Օրենքը, ըստ դատապարտյալի, խախտում են դրանք գործադրողները:
Եվ դատապարտյալը ցանկանում է իր ծայրահեղ քայլով ուշադրություն հրավիրել այդ հանգամանքի վրա:
ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված անկախ հանձնաժողովից, որը երեք ամիսը մեկ զբաղվում է դատապարտյալների վաղաժամկետ ազատման դիմումներն ուսումնասիրելով եւ «ընթացք» տալով, շարունակվում են բողոքները:
Քաղբանտարկյալ, Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը երեկ տեղեկացրեց, որ իրեն նախորդ օրը տեղի ունեցած նիստում նույնպես մերժել են: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում 7 դիմումատուներից մերժել են միայն նրան: Ըստ Ս. Հացպանյանի. «Որովհետեւ ես ըմբոստ եմ, ուզում եմ, որ ամեն ինչ օրենքով լինի: Եվ նրանք, ովքեր առավոտից իրիկուն 24 ժամ հայհոյում են իշխանություններին անարդարությունների համար, ինձ թողեցին մենակ: Ես որեւէ մեկի կուսակցության անդամը չեմ: Եվ պատժվեցի այդ «կարգավիճակի» համար:
Ես Հայաստանի բյուջեից մինչ օրս ոչինչ չեմ գողացել եւ պատժվեցի նաեւ դրա համար: Չգիտեմ ո՞ւմ դիմել: Պատկերացրեք իմ մանկահասակ երեխաների հոգեկան վիճակը, որոնք նոյեմբերի 30-ին սպասում էին ինձ»:
Մեր հարցմանը, թե դիմե՞լ եք իրավապաշտպան կազմակերպություններին, պարոն Հացպանյանն ասաց. «Ես չեմ դիմել: Դիմել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ինձ հանդիպել է այս տարվա հուլիսի 18-ին: Ինձնով որեւէ մեկը չի հետաքրքրվում»:
Մեկ այլ դատապարտյալ գրում է. «Անձը կատարել է գողություն: Գողացել է 5000 դրամ արժողության որեւէ իր: Նրան պատիժ նշանակելիս որակավորում են նախկին հանցանքը հաշվի առնելով, ոչ թե 1-2 տարվա ազատազրկման, այլ՝ 4-8 տարվա: Սակայն ինչ նախկինի մասին կարող է խոսք լինել, եթե նա կրել է իր պատիժը: Ոչ մի երկրում նախկինի համար մարդուն չեն դատում: Կամ էլ պատժի չկրած մասը միտումնավոր գումարում են ներկա պատժաչափին եւ դրանով դատապարտյալին զրկում են ազատության իրավունքից»:
44-ամյա Կարեն Թովմասյանը, որը մաքսատան ներկրողն է եղել, ոչ մի տույժ չի ունեցել: Ազատազրկման ժամանակ խրախուսանքի է արժանացել վարչակազմի կողմից եւ մի քանի օրով տուն է գնացել, տեսնելու խնամքի տակ գտնվող իր 12 -ամյա դստերն ու հիվանդ ծնողներին: 5,5 տարվա ազատազրկման դատապարտված Թովմասյանն ասում է, որ վաղաժամկետ ազատում իրեն «հասնում» էր, սակայն հանձնաժողովը մերժել է:
Դատապարտյալները երկու խնդրի առաջ են կանգնած. նախ, որ դատական ատյաններով չեն կարող բողոքարկել իրենց մերժման որոշումները եւ երկրորդ՝ վարչակազմի դրական եզրակացությունները դառնում են ձեւական, հանձնաժողովը կասկածի տակ է դնում դրանց օբյեկտիվությունը:
Ազատամարտիկ, Շուշիի ազատամարտի մասնակից, «Մարտական ծառայության համար» մեդալով պարգեւատրված Մարտիրոս Աճեմյանի խնամքին հոգեկան հիվանդ քույրն է, 86-ամյա մայրը, 16 տարեկան երեխան: Նա դատվել է առաջին անգամ:
Մարտիրոսի դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է 2005թ. մարտի 11-ից: Նրան նույնպես անկախ հանձնաժողովը կրկին մերժել է (առաջին անգամ դիմել էր օգոստոսի 13-ին-Ռ.Մ.): Նրա կարծիքով, իրեն անհիմն են պահում մեկուսարանում, քանի որ տուժողի իրավահաջորդը գրավոր հայտարարել է, որ «պարտքուպահանջ չունի»:
Մ. Աճեմյանը դժգոհում է, որ իր մերժումը չի պատճառաբանված: Նա մտադիր է անկախ հանձնաժողովին դիմել 2010թ. մարտին: