Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐ ԳՐՔԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Դեկտեմբեր 02,2009 00:00

«ՀՀ կարմիր գրքի հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի վերաբերյալ երեկ բնապահպանության նախարարությունում նախարարը եւ բնապահպանական հ/կ-ները քննարկում էին կազմակերպել: Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի հավաստմամբ, նախագծի ընդունումը կնպաստի գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակմանը եւ իրագործման միջոցով կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը, ու չնայած Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսագողությանը, պարոն Մանվելյանը պահպանման գործում առաջընթաց է նկատել. «3 պահպանող տարածքների ստեղծումը շատ կարեւոր էր, մոտ 130 տեսակի բույսեր կպահպանվեն այդ տարածքների միջոցով»:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասաց. «Այս 2 կարմիր գրքերից մոտ 500 օրինակ տպագրելու ենք եւ մի քանի օրենսդրական ակտերով փոփոխություններ ենք իրականացնելու, որ ե՛ւ ցանկերը հաստատվեն, ե՛ւ ռիսկային գոտիները ճշգրտվեն»: Պարոն Հարությունյանի խոսքերով, Կարմիր գրքի լրամշակում ծրագիրը մեկնարկել է 2007-ին, եւ պետբյուջեով տրամադրվել է 31 մլն դրամ: Նախարարը նաեւ ասաց, որ Կարմիր գրքում բուսատեսակների ու կենդանատեսակների շարքն ընդլայնվել է. «Մասնավորապես բաժանված է նաեւ մի քանի գոտիների՝ անհետացման եզրին գտնվող, կրիտիկական, խոցելի եւ այլն»: Հայաստանի բույսերի Կարմիր գրքի 2-րդ հրատարակության մեջ ընդգրկվել են բարձրակարգ բույսերի 463 տեսակ եւ անողնաշարավոր կենդանիների 155 տեսակ, որոնցից ձկներ՝ 10, թռչուններ՝ 96, սողուններ՝ 19, կաթնասուններ՝ 28 տեսակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել