Եվս 3 տարի պետք կլինի, որպեսզի բոլոր հաշվառված անձանց խնայբանկի ավանդները վերադարձվեն:
«Ավանդների փոխհատուցման ծրագրով, 2006 թվականից սկսած, պետբյուջեից հատկացումներ են եղել: 2006-ին եւ 2007-ին հատկացվել է 1 միլիարդ դրամ, 2008-ին այդ թիվը 300 միլիոնով ավելացել է, իսկ այս տարի՝ 6 միլիոնով: ՀՀ նախագահի հետ քննարկելուց հետո եկանք այն որոշման, որ առաջիկա տարում այս ծրագիրը նույնպես կշարունակվի, եւ 2010-ին այդ նպատակով պետբյուջեից կհատկացվի 1,7 միլիարդ դրամ»,- երեկ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) գրասենյակում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ հաշվառված է 61 հազար ավանդատու, որից 26 հազարն արդեն ստացել է իր ավանդը. «Սրանք առաջին հերթին այն քաղաքացիներն են, որոնք ընդգրկված են ընտանեկան նպաստի ցուցակներում»: Նա ասաց, որ իրենց կուսակցությունը եւս մեկ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, ըստ որի՝ Հայրենական մեծ պատերազմի եւ արցախյան պատերազմի վետերաններին նույնպես վերադարձվեն իրենց ավանդները. «Ավանդների փոխհատուցման ծրագրում պետք է ներառվեն նաեւ 80 եւ ավելի տարիք ունեցող մեր քաղաքացիները, ինչպես նաեւ սահմանամերձ շրջաններում բնակվող մարդիկ»: Նա կարեւորեց այն, որ ավանդների վերադարձման ամենաբարձր տոկոսը ամբողջ ԱՊՀ տարածքում Հայաստանում է:
Քննարկման մասնակից՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանն էլ ասաց, թե որ սոցիալական խմբերն են արդեն ստացել իրենց ավանդների փոխհատուցումը: Ըստ նրա, ավանդ են ստացել 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիք ունեցող թոշակառուները, միայնակ թոշակառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները եւ նրանց հավասարեցված անձինք. «Սակայն վերջիններիս մի մասը դեռ չի ստացել: Չեն ստացել նաեւ արցախյան ազատամարտի մասնակիցներն ու նրանց ընտանիքի անդամները, պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիները եւ զոհվածների ընտանիքի անդամները: Մարտական գործողություններից տուժած սահմանամերձ եւ աղետի գոտիների բնակիչները նույնպես դեռեւս չեն ստացել իրենց ավանդների փոխհատուցումը: Իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամների հիմնական մասն արդեն ստացել է: Ընդհանուր առմամբ, 26 հազար 584 մարդ արդեն ստացել է իր ավանդը»:
Ա. Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե ինչքան ժամանակում կվճարվի բոլոր հաշվառված ավանդատուների գումարները, որին աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարը պատասխանեց. «5 միլիարդ դրամ է բաշխվել, որի պայմաններում 26 հազարից ավելի մարդու ավանդներ են փոխհատուցվել: Այսօրվա վիճակում պետք կլինի 6 միլիարդի չափ գումար, այսինքն 3 տարի, եթե 1,7 միլիարդ նախատեսված լինի բյուջեով»:
Պարոն Բաղդասարյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին խնդրեց, որ հաշվարկեն Հայրենական մեծ պատերազմի վետերաններից քանիսն են ներառված եղել ընտանեկան նպաստի ցուցակներում, քանիսը՝ ոչ, որպեսզի չընդգրկվածները նույնպես կարողանան ստանալ իրենց ավանդները: Այս խնդրանքին ի պատասխան, Արայիկ Պետրոսյանն ասաց. «Քանի որ վետերանների մեծ մասը բարձր թոշակ է ստացել, չէին կարող ընդգրկված լինել սոցիալական նպաստի ցուցակներում»: