Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ ՔՇՈՒՄ ԵՆ ՈՒ ՄԵՐԺՈՒՄ

Դեկտեմբեր 02,2009 00:00

Տարբեր չինովնիկների դռներն ընկած մի փախստականի պատմությունից ակնհայտ է դառնում, թե որքան անտարբեր են վերաբերվում մեր իշխանավորները նրանց խնդիրներին:

\"\"

\"\"
Սրանք «Պրագայի» տանիքից պոկված թիթեղի կտորներն են:

Մեր երկրում փախստականներին աջակցող բազմաթիվ կառույցներ կան: Բացի Փախստականների եւ միգրացայի վարչությունից, նրանց խնդիրները լուծելու համար մի շարք պետական եւ միջազգային ծրագրեր են իրականացվում, որոնց կազմակերպիչները հսկայական միջոցներ են ստանում պետբյուջեից ու դոնոր կազմակերպություններից: Մինչդեռ փախստականներն իրենց մաշկի վրա, բացի պետական չինովնիկական անտարբերությունից ու արհամարհանքից, ուրիշ ոչինչ չեն զգում: Ուր գնում են՝ ամենաչնչին կենցաղային խնդրով օգնություն հայցելու՝ քշվում են ու մերժվում: Ստորեւ ներկայացնում ենք Գրիբոյեդովի 1-ին նրբանցքում գտնվող «Արաբկիր» հյուրանոցի 508-510 սենյակների ժամանակավոր բնակիչ, փախստական Կարեն Առուստամովի՝ «Առավոտին» ուղղված նամակը՝ չնչին խմբագրումներով, որտեղ կոնկրետ օրինակի վրա երեւում է, թե մեր պաշտոնյաներն ինչպես են վերաբերվում փախստականներին.
«Վերջին 20 տարիների ընթացքում փախստականները Հայաստանում անընդհատ ստորացվում են: Ադրբեջանից գաղթելուց հետո Հայաստանում ապաստան գտնելով՝ կարծում էինք, թե գտնվում ենք կառավարության եւ ՀՀ իշխանությունների պաշտպանության տակ, համենայնդեպս, այդպես է նշված մեզ վերաբերող փաստաթղթերում: Մինչդեռ իրականում դա միայն ամբիոնների եւ միջազգային կառույցների համար է, կառավարության հոգածությունը մեր նկատմամբ այն աստիճան ցինիկ է, որ մարդիկ մեռնում են՝ նույնիսկ մեռնելուց հետո էլ ոչ ոք մատը մատին չի տալիս: Ներկայումս կառավարության տարբեր չինովնիկների անգործության եւ անտարբերության պատճառով իմ կյանքին ու առողջությանը մեծ վտանգ է սպառնում: Բավական է մի խնդրով հարցդ ընկնի կառավարություն, բոլորն այնտեղ դառնում են կույր, խուլ ու համր: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ համար է Փախստականների եւ միգրացիայի վարչությունը, եթե մեզ ոչ մի բանով չի օգնում: Նրանք արդեն 20 տարի է՝ ցանկացած հարցով իրենց դիմելու դեպքում միեւնույն պատասխանն են տալիս՝ «Հայաստանը հիմա գտնվում է անցումային փուլում, աղքատ երկիր է եւ փող, ֆինանսավորում չունի»: Փախստականներ կան, որոնք երկար տարիներ ապրում եմ ստվարաթղթե տնակում, տարբեր լուրջ հիվանդություններ են ձեռք բերում: Տարիներ շարունակ դիմում են տարբեր նախարարությունների, ոչ ոք չի արձագանքում նրանց որեւէ խնդրանքին:
Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, 15 տարի է՝ գործազուրկ: Տառապում եմ ստամոքսի խոցով, ունեմ գաստրիտ, 2-րդ աստիճանի հիպերտոնիա, նեւրոզ: Բնակարանային խնդրի պատճառով այնպիսի սթրես եմ տարել, որ ստիպված եմ եղել 2 մլն 110 հազար դրամ վճարել՝ սրտի վիրահատության համար: Այդ գումարը հայթայթելու գործում մի լումա անգամ մեր կառավարության որեւէ պաշտոնյա չի օգնել, պարտք եմ վերցրել հարազատներից ու ծանոթներից, որովհետեւ դրանից էր կախված իմ կյանքը: Չնայած ես անաշխատունակ եմ, պետք է 1 տարի գոնե բուժում ստանամ՝ վիրահատությունից հետո: Հաշվարկել եմ, որ դեղերի համար միայն անհրաժեշտ է ամսական 5000 դոլար վճարել: Պետք է նաեւ անչափահաս երեխաներիս ուսման վարձը տամ բուհում: Որպես դիսպանսեր հիվանդ, պետք է պարբերաբար ստուգվեմ ու լինեմ բժիշկների հսկողության տակ: Այսքանից հետո, ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում եւ նոր աղետ է լինում: 2009-ի հուլիսի 5-ին ուժեղ քամի եղավ Երեւանում ու իմ ժամանակավոր կացարանի տանիքը փուլ եկավ: Հենց դեպքի օրը անմիջապես զանգեցինք արտակարգ իրավիճակների նախարարություն ու խնդրեցինք գալ վիճակը գնահատել, դիմեցինք նաեւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, փոխքաղաքապետ Վանո Վարդանյանին: Տեսնելով, որ ոչ ոք չի արձագանքում, ոչ մի օգնություն ցույց չեն տալիս, դիմեցինք նախագահին, վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՕՄ-ին՝ խնդրելով վերականգնել տանիքը կամ որեւէ օգնություն ցույց տալ: Բացի ինձնից, այդ նույն հյուրանոց-հանրակացարանում 25 հաշմանդամ են ապրում, որոնք նույն խնդրի առաջ են: Նախնական հաշվարկներով՝ շուրջ 160 քմ տանիքի վերականգնման համար անհրաժեշտ է 1.9 մլն դրամ: Քաղաքապետարանից ի պատասխան հորդորում են սեփական միջոցով այդ խնդիրը լուծել. «Հիմք ընդունելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքը, դուք պետք է համաչափ մասնակցեք գույքի պահպանման եւ շահագործման այլ ծախսերին: Տանիքի վերականգնման ողջ գումարը Երեւանի քաղաքապետարանը չի կարող տրամադրել»: Մինչդեռ մենք, հաշմանդամ, գործազուրկ լինելով, չենք կարողանում նույնիսկ մեզ անհրաժեշտ դեղորայքը գնել, ուր մնաց, թե տանիքի վերանորոգման ծախսերի թեկուզ կեսը փակենք: Եթե չենք կարողանում մեր ուժերով մեր տանիքը վերականգնել, ուրեմն, ըստ քաղաքապետարանի հորդորի՝ մնացեք ձյան ու անձրեւների տակ, որ մեկդ կմեռնեք՝ մեռեք, որ մեկդ էլ ողջ կմնաք՝ ավելի լավ ձեզ համար: Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն իմ դիմումներին պատասխանում է, որ չեն կարող անվճար դեղորայք տրամադրել: Առավել ցավալի է տանիքի վերականգնման համար արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի պատասխանը, ըստ որի, իրենք օգնում են միայն այն դեպքում, եթե արտակարգ իրավիճակից, տվյալ դեպքում՝ փոթորիկից վնասված տանիքի պատճառով մեկը մահացած լիներ կամ հաշմանդամ դառնար: Այլ դեպքերում բյուջեից գումար հատկացնել չի նախատեսվում: Այսինքն, եթե տանիքի տակ մնացած լինեի ու մեռած լինեի՝ կփոխհատուցեին, բայց այդ դեպքում, եթե մեռած լինեի՝ էլ ինչի՞ս էր պետք այդ փոխհատուցումը:
Արտակարգ իրավիճակների նախարարի մոտ միայն կարճատեւ ընդունելության համար ես 3 ամիս շարունակ, լինելով հաշմանդամ ու վատառողջ, գնացի-եկա՝ անարդյունք: Մինչդեռ պատգամավորական ընտրությունների համար հենց փախստականներն էին կանգնել «Օրինաց երկիր» կուսակցության թիկունքին ու հենց մեր քվեի օգնությամբ էր, որ Մ. Շահգելդյանն այսօր դարձավ պաշտոնյա: Ինչի՞ համար է այս նախարարությունը, եթե ո՛չ արտակարգ դեպքի ահազանգի ժամանակ են գալիս, ո՛չ էլ հետո են ուզում մատը մատին տալ ու օգնել: Տանիքի վերանորոգման հետ կապված այս խնդրից հետո ես վերջնականորեն համոզվեցի, թե ՀՀ իշխանությունը որքան անտարբեր է մեր ու մեր անչափահաս երեխաների ապագայի նկատմամբ»:

Հ. Գ. Որքան էլ զարմանալի է՝ Արաբկիրի վարչական շրջանի սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժինը նույնիսկ մերժել է փախստական Կարեն Առուստամովի՝ անչափահաս երեխաների համար մի քանի գրենական պիտույքներ տրամադրելու խնդրանքը՝ պատճառաբանելով, թե «Գրենական պիտույքներ տրամադրելու ծրագիրը նախատեսված է եղել 2000-2003թթ. ծնված դպրոցահասակ երեխաների համար: Իսկ ձեր երեխաների տարիքը չի համապատասխանում ծրագրով նախատեսված տարիքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել