Հայ գործարարներն իրենց վատորակ ապրանքների համար էժան սերտիֆիկատ են ձեռք բերում մասնավոր կազմակերպություններից:
Վերջին մի քանի ամիսներին Հայաստանի մարզերում եւ Երեւանում անցկացրած մոնիտորինգի արդյունքները հաստատել են, որ վաճառվող ապրանքատեսակների մեծամասնության վրա բացակայում է սերտիֆիկատը: Երեկ այս մասին հրավիրած ասուլիսում հայտնեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ նախագահ Աբգար Եղոյանը: Ըստ նրա, «Ապրանքները սերտիֆիկացնելու կուլտուրան, որը նաեւ օրենքի պահանջ է, Հայաստանում այդպես էլ չկարողացանք հաստատել: Առավել վատ վիճակում է ոչ պարենային ապրանքների ոլորտը: 80%-ից ավելին այսօր հայերեն մակնշված չէ, այսինքն՝ դա ինքնին խոսում է, որ այդ ապրանքները սերտիֆիկացված չեն: Մենք հայտնաբերել ենք ապրանքներ, որոնք մակնշված են միայն գերմաներեն, արաբերեն կամ այլ լեզուներով, սա ի՞նչ է վկայում, որ այս շուկան իրականում շատ լուրջ խնդիրներ ունի: Մենք շատ դեպքեր ենք արձանագրել, որ կենցաղային տեխնիկայի, օծանելիքի, պարֆյումերիայի եւ այլ ապրանքների օգտագործման հետ կապված՝ սպառողները լուրջ գույքային, նաեւ առողջական վնասներ են կրում, որովհետեւ չեն կարողանում կարդալ օգտագործման մասին ցուցումները»:
ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն էլ ասաց, որ իրենց գործառույթների մեջ մտնում է միայն սերտիֆիկատ տալը. «Մենք ստուգող կազմակերպություն չենք, եթե գործարարը գալիս է մեզ մոտ, կնքում է պայմանագիր՝ մենք համապատասխան ծառայություն ենք մատուցում, բայց մենք ստուգելու իրավունք չունենք՝ որքանո՞վ է տվյալ ապրանքատեսակի որակը լավ կամ վատ»: Պարոն Եղոյանի խոսքով, ամեն տարի Ամանորի նախօրեին արձանագրվող գնաճը այս տարի ավելի վաղ տեղի ունեցավ: Պարոն Ազարյանը եւս փաստեց, որ մարզեր կատարած իր շրջայցերի ընթացքում նկատել է. «Վանաձորում, Գյումրիում սննդամթերքի ապրանքատեսակների վրա չեմ տեսել սերտիֆիկատ: 01-ը Ստանդարտների ազգային ինստիտուտինն է, մնացած համարները մասնավոր են»: Գործարարների՝ մասնավոր սերտիֆիկատ նախընտրելը պարոն Ազարյանը պայմանավորում է ապրանքների ցածր որակի եւ գնային քաղաքականության հետ. «Մասնավոր սերտիֆիկատ տրամադրող կազմակերպություններն էժան են, ինչ խոսք, բայց մեր սերտիֆիկատներն էլ առավելություն ունեն՝ անցնում են եվրոպական երկրներում»: Պարոն Ազարյանը նաեւ ասաց, որ սերտիֆիկատների բացակայության համար պետք է մեղադրել ոչ թե սերտիֆիկատ տրամադրող կազմակերպությանը, այլ համապատասխան տեսչության աշխատակիցներին, որոնք հիմնականում թերանում են իրենց աշխատանքում: