Բացի այն, որ հացի փռում խիստ հակահիգիենիկ վիճակ է, հացն էլ տեղափոխվում է
մեքենայի բեռնախցիկում՝ առանց արկղերի:
Ձկան վաճառքն իրականացվում է կեղտոտ ու գարշահոտ պայմաններում:
Իջեւանում հակահիգիենիկ պայմաններում գործող հացի փռերն ու ձկան վաճառքի կետը «վրիպել են» ոչ միայն հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, այլեւ Տավուշի մարզի պաշտոնյաների ուշադրությունից:
Չնայած հացի որակի վերահսկողության վերաբերյալ մեր կառավարության մշակած ու ընդունած տասնյակ հայեցակարգերի, այնուամենայնիվ, այս ոլորտում, կարելի է ասել, առաջընթաց գրեթե չի նկատվում: Եթե խանութում վաճառվող հացերի մի մասը արդեն վաճառվում է փաթեթավորված ու մակնշված, դա դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծված է: Անշուշտ, նախկին վիճակի համեմատությամբ սա դրական տեղաշարժ է: Սակայն, խանութից գնելով հացը, սպառողներից շատերի մտքով չի էլ անցնում, թե երբեմն ինչ կեղտոտ ու հակահիգիենիկ պայմաններում է թխվում այդ հացը: Օրերս «Առավոտի» տեսախցիկը Իջեւան քաղաքի կենտրոնական մասում ֆիքսել է, թե ինչ պայմաններում է թխվում հացը՝ քաղաքի ու հարակից գյուղերի հիմնական մատակարար հանդիսացող հացի 2 փռերում: Փռերից մեկը գտնվում է Երիտասարդական եւ Անկախության փողոցների խաչմերուկում, իսկ մյուսը՝ Սարիբեկ Օհանյան փողոցում: Ընդ որում, վերջինս թեեւ գրանցված է հարկայինում, սակայն աշխատողների մի մասը պայմանագրով ձեւակերպված չէ: Հացի արտադրամասերը պատկանում են Իջեւանի ավագանու նախկին անդամ, անկուսակցական Վարդան Ղալումյանին: Նշենք, որ վերջինիս լիազորությունները դադարեցվել են՝ ավագանու նիստերի կեսից ավելիին չմասնակցելու համար:
Ուշագրավ է, որ Վարդան Ղալումյանին է պատկանում նաեւ մեկ այլ հակահիգիենիկ օբյեկտ՝ Արցախյան փողոցում գտնվող ձկան վաճառքի կետը, որն իր փնթիությամբ եւ հակահիգիենիկ վիճակով ոչնչով չի զիջում հացի փռերին: Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ, ձկան վաճառքը իրականացվում է ստվերում՝ առանց հարկային գրանցման:
Մեր նշած օբյեկտները գտնվում են քաղաքի կենտրոնում, իսկ փռերից մեկը՝ անգամ մարզպետարանի հարեւանությամբ: Դժվար է պատկերացնել, որ այդ ճանապարհով օրվա մեջ մի քանի անգամ երթեւեկող մարզպետ Արմեն Ղուլարյանն ու «եվրոպական չափանիշների» ջատագով Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը երբեւէ չեն նկատել իջեւանցի գործարարի ապօրինի գործն ու կեղտոտ արտադրամասը:
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Լուսանկարները՝
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ