Այս պնդումը կարմիր թելի պես անցնում էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի երեկվա նիստի ելույթների միջով:
Նախապես հերթագրված 57 հոգուց երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստում ելույթ ունեցան 35-ը: Եվ գրեթե բոլոր այդ ելույթներում անպայման կրկնվում էր երկու թեմա՝ նախ, Վրաստանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը, եւ երկրորդը՝ ձգձգվող հակամարտությունները վտանգավոր են: Մի քանի մեջբերումներ ներկայացնենք այդ ելույթներից:
Ուկրաինայի ԱԳ նախարար Պետրո Պորոշենկո. «Երկարատեւ հակամարտությունները նախկինի պես շարունակում են մնալ տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեծագույն սպառնալիք եւ լուրջ մարտահրավեր ԵԱՀԿ համար: Ուկրաինան լիովին աջակցում է եւ պատրաստ է տրամադրել գործնական աջակցություն այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են գտնելու խաղաղ եւ հիմնարար լուծումներ բոլոր հակամարտություններում՝ Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում, որը չի լինի ի հաշիվ միջազգային իրավունքի նորմերի եւ ինքնավարության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների»:
Դանիայի ԱԳ նախարար Սթիգ Մյուլլեր. «ԵԱՀԿ-ն ստեղծվել էր զինված հակամարտությունները կանխելու համար, բայց չլուծված տարածքային վեճերը Հարավային Կովկասում մնում են լուրջ մտահոգության առարկա: Ձգձգված հակամարտությունների կարգավորումն ունի ահռելի նշանակություն ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության համար»:
Լիտվայի ԱԳ նախարար Վիգաուդաս Ուզասկաս. «Մինսկի խմբի առկա եւ 5+2 ձեւաչափերն իրենց կշիռն ունեն ԼՂ-ի եւ Մոլդովայի հակամարտությունների կարգավորման հարցում: Հարկ է, որ ԵԱՀԿ-ն մշակի ծրագրեր եւ գործունեություն ծավալի՝ ի աջակցություն այդ ջանքերի»:
Բուլղարիայի ԱԳ նախարար Ռումյանա Ժելեւա. «Մեր անվտանգության միջավայրը նախկինի պես տուժում է, այսպես կոչված, ձգձգված հակամարտությունների լուրջ բեռի պատճառով: Եվրոպական անվտանգության մասին մեր քննարկման ընթացքում այդ հակամարտությունները ճանաչել ենք իբրեւ լուրջ խնդիր եւ պայմանավորվել ենք համագործակցաբար աշխատել՝ օգտագործելու հնարավոր առկա բոլոր մեխանիզմները, որպեսզի նկատելի առաջընթացի հասնենք դրանք լուծելու հարցում»: Կարող էինք էլի բազմաթիվ նման մեջբերումներ անել երեկ հնչած ելույթներից: Սակայն սահմանափակվենք՝ հիշատակելով, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանն առաջարկում է միասնական սկզբունքներ սահմանել ԵԱՀԿ անդամ երկրների տարածքներում առկա հակամարտությունների կարգավորման համար. «Վճռական քայլեր են պահանջվում հակամարտությունների կանխման եւ կարգավորման ուղղությամբ: Ռուսաստանն առաջարկում է սկսել այն բանից, որ ԵԱՀԿ տարածքում պայմանավորվածություն ձեռք բերվի ճգնաժամային կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որոնց կհետեւեն Եվրաատլանտիկայում գործող բոլոր երկրներն ու կազմակերպությունները»: