Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Դեկտեմբեր 02,2009 00:00

\"\"ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարում է, թե Հայաստանի եւ
Ադրբեջանի նախագահները մոտենում են այն ժամանակին, երբ պետք է կայացնեն դժվար որոշումներ:

Երեւանի ժամանակով ժամը 19-ին երեկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Աթենքի «Հելլինիկոն» համալիրի «Սոկրատես» սրահում հավաքված բազմաթիվ լրագրողների համար կարդաց իր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների իր գործընկեր ներկայացուցիչների՝ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգի համատեղ հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշված է, թե դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ «նրանք նշեցին բանակցությունների դրական դինամիկան, որն արձանագրվել է այս տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած 6 հանդիպումների ընթացքում: Նրանք համաձայնեցին, որ այս հանդիպումների աճող հաճախականությունը զգալիորեն նպաստել է կողմերի միջեւ երկխոսության ընդլայնմանն ու շարժմանը դեպի 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում առաջարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցում: Արտգործնախարարներ Լավրովն ու Կուշները եւ պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգը վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հիմնարար սկզբունքների համաձայնեցման աշխատանքներն ավարտին հասցնելու գործում, եւ կողմերին կոչ արեցին հնարավորինս արագ ավարտելու այդ աշխատանքը՝ համաձայն հուլիսի 10-ին լ’Աքվիլայում Ութնյակի գագաթաժողովում 3 նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարության: Նրանք ընդգծեցին, որ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնությունը շրջանակային հիմք կծառայի համընդգրկուն կարգավորման համար, ինչը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ բարգավաճման վրա հիմնված ապագայի կերտմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նշեցին, որ այս տարվա ընթացքում առաջընթաց է ձեռք բերվել հիմնարար սկզբունքների դրույթների շուրջ ընդհանուր ըմբռնումների հասնելու հարցում: Նրանք հաստատեցին իրենց երկրների պատրաստակամությունը՝ ավարտելու աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչպես լ’Աքվիլայում հորդորել են համանախագահ երկրների նախագահները: Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու, մասնավորապես՝ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա»:
Մինսկի խմբի համանախագահող Յուրի Մերզլյակովն «Առավոտի» խնդրանքին՝ պարզաբանել, թե Աթենքում հատկապես ինչ հարցում են հասել առաջընթացի՝ ասաց, թե նախարարները թող խոսեն՝ այդքանը բավական է: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին ասաց. «Առաջին անգամ նախարարական նման համաժողովի շրջանակներում հայտարարություն է արվում, որտեղ նշվում է երեք սկզբունքների մասին: Հուսով եմ նաեւ, որ հայտարարություն կլինի նախարարների խորհրդի նիստի, այսինքն՝ 56 երկրների կողմից, եւ հուսով եմ, որ այնտեղ էլ կնշվեն այս երեք սկզբունքները»: Նաեւ հավելեց, թե այս սկզբունքների արձանագրումը՝ «Իհարկե, դեռ հարցի լուծում չէ: Դրանք գլխավոր՝ հիմնական սկզբունքներն են, որոնց հիման վրա վարվելու են բանակցությունները, որպեսզի մոտեցնեն կողմերի դիրքորոշումները Մադրիդի փաստաթղթի մեջ ներկայացված սկզբունքների շուրջ: Եվ երբ որ մենք համաձայնության գանք Մադրիդի սկզբունքների վերաբերյալ, իհարկե, կսկսվեն բանակցություններ պայմանագրի մշակման շուրջ, որին, իհարկե, պետք է անպայման մասնակցի նաեւ Ղարաբաղը»:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դրական գնահատեց բանակցությունների ընթացքը. «Ես համարում եմ, որ որքան ավելի ինտենսիվ լինի բանակցությունների գործընթացը, այնքան ավելի շփման եզրեր կարող են գտնվել: Եվ սա շատ օգտակար է բանակցությունների առաջընթացի համար, որպեսզի ավարտենք հիմնարար սկզբունքների քննարկումը եւ անցնենք մեծ, համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքմանը»: Իսկ հարցին, թե այս բանակցությունները տալի՞ս են դրա հնարավորությունը՝ այսպես արձագանքեց. «Ես արդեն պատասխանեցի այդ հարցին»:
Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն երեկ առավոտյան նախարարների խորհրդի նիստի բացման ընթացքում իր ելույթում բավական տեղ հատկացրեց ԼՂ հակամարտությանը: Մասնավորապես նշեց, թե ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահության ընթացքում հակամարտությունները կարգավորելու փորձերի պակաս չկար, ինչպես դա եղել է անցած տարիներին, եւ հիշատակեց, որ անցած շաբաթ Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը. «Համանախագահողներն անհոգնել աշխատել են՝ աջակցելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, քանի որ նրանք մոտենում են այն ժամանակին, երբ պետք է կայացնեն դժվար որոշումներ, որոնք ուղղված են իրենց տարաձայնությունների հարթմանը: Այստեղ, Աթենքում, մենք պետք է կասկածի նշույլ անգամ չթողնենք, որ այս գործընթացը վայելում է ԵԱՀԿ ողջ հանրության լուրջ աջակցությունը»:
Եվրոպական միության անունից ելույթ ունեցած Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը մասնավորապես հայտարարեց. «Եվրամիությունը վերստին հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին իր լիովին աջակցության մասին՝ իրենց ջանքերում գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցության հիման վրա, ինչպես նշված է ԵՄ-ի կողմից՝ իր գործընկերության եւ համագործակցության համաձայնագրերի եւ այս երկու երկրների համար իր գործողությունների պլանների մեջ, ԵԱՀԿ այլ սկզբունքների համապատասխան, մասնավորապես՝ ուժի չկիրառման կամ այն կիրառելու սպառնալիքի եւ ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքը: Մենք ողջունում ենք այս տարվա ընթացքում բանակցությունների ակտիվացումը՝ այդ թվում նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ նոյեմբերի 22-ին կայացած երկկողմանի հանդիպումը: Մենք վերստին կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ կայացնելու անհրաժեշտ որոշումները, որ հասնեն ճեղքման այն սկզբունքները հաստատելու հարցում, որոնք ներկայացվել էին Մադրիդում 2007-ի նոյեմբերի 29-ին»:
Իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշները նիստի ընթացքում իր ելույթում հայտարարեց. «Անհրաժետ է ակտիվացնել սառեցված հակամարտությունների կարգավորման ջանքերը: Մեր բանակները չպետք է պատրաստվեն միմյանց դիմակայելու համար»: Նա եւս ընդգծեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնելու հիմքեր կան, քանի որ Ալիեւն ու Սարգսյանը վեց անգամ հանդիպել են. «Սա առաջընթաց է, եւ հուսով եմ, որ առաջընթաց կլինի նաեւ Աթենքում: Եկել է ժամանակը որոշումներ կայացնելու: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է օգտագործեն ընձեռված հնարավորությունը՝ ընդունելու սկզբունքները, որոնք առաջադրվել են Մադրիդում, եւ անցնելու պայմանավորվածությունների ձեռք բերմանը»:
Մինսկի խմբում նախագահող մյուս երկրի՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը նշեց, որ հակամարտությունների կարգավորման հարցում Միացյալ Նահանգներն առաջադրում է նոր մեխանիզմներ, որոնք միտված են վստահության ամրապնդմանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեր ջանքերը նպաստել են կայունության ապահովմանը Հայաստանում եւ Ադրբեջանում ու տնտեսական աճին տարածաշրջանում: Անհրաժեշտ է հասնել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, որը կապահովի ե՛ւ կայունությունը, ե՛ւ մարդու իրավունքների խնդիրների լուծումը»:

Հ. Գ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարների միջեւ ԵԱՀԿ նախարարների խորհրդի այս նիստի ընթացքում կարծես չհայտարարված մրցակցություն է ընթանում «վերջին խոսքի» իրավունքի շուրջ: Էդվարդ Նալբանդյանը նախապես ցուցակում 27-րդն էր, իսկ հետո պարզվեց, որ ելույթ է ունենալու արդեն 47-րդը՝ դեկտեմբերի 2-ի կեսօրին: Էլմար Մամեդյարովը ցուցակում 28-րդն էր եւ երեկ պիտի խոսեր, բայց պատճառաբանելով հանդիպումները՝ ելույթ չունեցավ: Կխոսի 52-րդը՝ արդեն այն բանից հետո, երբ ելույթ կունենա Հայաստանի իր պաշտոնակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել