Հունաստանի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը երեկ Աթենքում գումարված ԵԱՀԿ ԱԳ նախարարական նիստի ընթացքում ԶԼՄ-երին է տարածել մի հաղորդագրություն, որտեղ մասնավորապես Մյունխենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ նշված է. «Այն, ինչպես եւ կանխատեսվում էր, փայլուն արդյունքների չհանգեցրեց»: Ըստ հաղորդագրության՝ «Ժխտական մթնոլորտն արդեն նախապես ստեղծված էր հենց նախագահ Ալիեւի կողմից»՝ իր նախապես արված հայտարարությամբ:
Եվ Հունաստանի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը նշում է. «Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակողապաշտ ու գրգռիչ վերաբերմունքը, որ ուղղակիորեն հակադրվում է միջազգային կազմակերպությունների եւ միջազգային հանրության հանդեպ իր կողմից ստանձնած պարտավորություններին: Դատապարտում ենք այս երկրի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները եւ անպատասխանատու քարոզչությունը, որ նպատակ ունի լարվածության մթնոլորտ ստեղծել եւ Հարավային Կովկասում դյուրաբեկ հավասարակշռությունը խաթարել: Դատապարտում ենք ազերիական կողմի չհամակերպվողությունն ու իրավական համակարգի դեմ ցուցաբերած արհամարհանքը, որ ուղղակիորեն խափանում է միջազգային հանրության ջանքերը հարցի կարգավորման ուղղությամբ: Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը եւ հատկապես ԵԱՀԿ-ին՝ տեր կանգնել իրենց առաքելությանը եւ պատասխանատվությանը՝ ուժեղացնելով ջանքերը հարցի արդար ու իրագործելի լուծման առաջնորդելու՝ միջազգային իրավունքի հիման վրա: Կոչ ենք անում միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւս՝ ինչպես հստակորեն նախատեսված է միջազգային իրավական նորմերով»: