Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵՎՈՐԸ ՄՅՈՒՍ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՏԵՂՆ ԻՄԱՆԱԼՆ Է»

Դեկտեմբեր 02,2009 00:00

\"\"Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝  ներհայաստանյան խնդիրների մասին

– Մահվան դատապարտյալների խցում հանրությանը հայտնի մարդկանց խմբակային լուսանկարի հրապարակումից հետո ծառայողական քննություն սկսվեց, եւ տարաբնույթ մեկնաբանություններ եղան: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ի՞նչ է մտածում այս առիթով:
– Ես կարծում եմ, որ որեւէ սարսափելի կամ ցնցող բան տեղի չի ունեցել: Կալանավորներին այցելել կամ բանտախցերում լուսանկարվելը օրենքով արգելված գործողություններ չեն: Իրավապաշտպանները հաճախ են լինում կալանավայրերում, շփվում կալանավորների հետ, նույնիսկ կարող է եւ լուսանկարվելու առիթ լինի: Ճիշտ է, վերջերս անձամբ ինձ արգելեցին, նույնիսկ ԱԺ պատգամավորի հետ, մտնել Վարդաշեն ՔԿՀ, բայց մինչ այդ հաճախ եմ մուտք ունեցել: Դատապարտելի ոչինչ չեմ տեսնում: Ավելի շատ դատապարտելի եմ համարում այն արտահայտությունները, որ լուսանկարը դիտելիս հրապարակավ արվում են դատապարտյալների պահման պայմանների վերաբերյալ: Եվ այս լուսանկարում երեւացող բանտախուցը, եւ մնացած բոլոր բանտախցերը բացարձակապես չեն համապատասխանում այնտեղ ապրելու ամենատարրական չափանիշներին: Իրենք՝ դատապարտյալներն են շատ ժամանակ իրենց հարազատների միջոցների հաշվին վերանորոգում իրենց խցերը: Մենք պետք է ոչ թե բանտախցում սառնարան տեսնելիս բացականչենք՝ տեսեք, ծանր հանցագործություն գործածը սառնարան ունի, այլ պետք է ամեն ինչ անենք, որ այն լինի բոլոր խցերում, որ խցերը լինեն մաքուր եւ լուսավոր, որ մարդիկ, այդ թվում եւ ցմահ դատապարտվածները, մարդավայել ապրեն: Մենք պետք է հասկանանք եւ ընդունենք, որ իրենց հանցանքի համար նրանք արդեն դատապարտվել են, իսկ նրանց դատավճիռը նախատեսում է ազատազրկում: Մնացած այն ամենը, ինչ դատավճռով եւ օրենքով արգելված չէ, ուրեմն կարելի է: Հայտնվել բանտում՝ չի նշանակում զրկվել մարդավայել ապրելու իրավունքից, եւ ոչ ոք իրավունք չունի պահանջել, որ մարդուն զրկեն սառնարան, հեռուստացույց, մաքուր սպիտակեղեն, լուսավոր ու մաքուր խուց ունենալու, մի խոսքով՝ արժանապատիվ ապրելու իրավունքից, նույնիսկ, եթե այդ մարդը ամենահետին հանցագործն ու մարդասպանն է:
– Գեներալներ Գուրգեն Դալիբալթայանը եւ Արկադի Տեր-Թադեւոսյանը երեկ դիմել են ՀՀ նախագահին եւ հորդորել ներում շնորհել ազատամարտիկ Սասուն Միքայելյանին: Ուշացած չէ՞ այս դիմումը, եւ, ըստ ձեզ, ի՞նչ կանի Սերժ Սարգսյանը:
– Ընդամենը երկու գեներալ: Երբեք ուշացած չէ: Իսկ ո՞ւր են մյուս գեներալները: Այստեղ կարեւորն այն չէ, թե ինչ կանի Սերժ Սարգսյանը, կարեւորը մյուս գեներալների տեղն իմանալն է:
– Որոշ վերլուծաբաններ հակված են ենթադրել, որ Հանրապետական կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին համագործակցության ակնարկներ արեց: Հնարավո՞ր է նման համագործակցություն:
– Հարցն ավելի շատ ուղղված է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ես Սերժ Սարգսյանի ելույթը ոչ լսել եւ ոչ էլ կարդացել եմ, այնպես որ, ակնարկների մասին խոսել չեմ կարող, բայց Տեր-Պետրոսյանը իր հրապարակային ելույթներում, որոնք ես եւ լսում, եւ կարդում եմ, բազմիցս հայտարարել է, որ եթե ազատ արձակվեն անխտիր բոլոր քաղաքական բանտարկյալները, ապա հնարավոր կլինի պետության շահերից ելնելով՝ խոսել համագործակցության մասին: Բայց, ինչպես տեսնում ենք, քաղբանտարկյալները այսօր էլ դեռ շարունակում են մնալ բանտերում, ինչը ցանկացած համագործակցության խոչընդոտ է: Սա իմ կարծիքն է, որը ես կարող եմ կազմել՝ հենվելով Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վրա:
– Ժամանակին Սերժ Սարգսյանին անխնա քննադատած Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանն այսօր իրար հերթ չտալով գովերգում են նույն Սերժ Սարգսյանին: Ի՞նչ է սա նշանակում քաղաքական հարթությունում եւ ի՞նչ՝ ՀՀ քաղաքացու շահերի ու իրավունքների հարթությունում:
– Այս կարգի վայրիվերումները քաղաքական հարթության վրա դիտարկել հնարավոր չէ, այն պարզ պատճառով, որ քաղաքականության հետ դրանք չեն առնչվում: Չկան ոչ քաղաքական միտումներ եւ ոչ էլ գաղափարներ: Սրանք ավելի շատ անմաքուր բիզնեսի դաշտից են՝ ինչ ասես՝ կանեմ, միայն իմ բաժինը տուր: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ժամանակին այս գործիչներին հստակ ու ճշգրիտ գնահատական տվել է՝ անվանելով հաճախորդներ, որոնց արժեքն ինքը, իր ասելով, փայլուն գիտի: Կարծում եմ՝ ավելի դիպուկ ասել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է քաղաքացու շահի եւ իրավունքի հարթությունում նման գործիչների գործողությունները գնահատելուն, ապա կարելի է ասել, որ հատկապես ընտրական գործընթացների ժամանակ հաճախորդները ստանձնում են ընտրազանգվածին մոլորեցնելու գործը, ինչը խաբեբայություն է: Այս հարթությունում սա արդեն ընտրողների դեմ ուղղված հանցանք է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել