Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ՆՈՒՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 01,2009 00:00

Պետք չէ անտեսել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց

ՄԻԱՎ-ը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որը, ներթափանցելով օրգանիզմ, ախտահարում է իմունային համակարգը, նպաստելով իմունային անբավարարության զարգացմանը: Ում ախտորոշում են ՄԻԱՎ, անվանում են ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական: ՁԻԱՀ-ը ձեռքբերովի անբավարարության համախտանիշն է՝ ՄԻԱՎ վարակի վերջնային փուլը, երբ իմունային համակարգի թուլացման հետեւանքով մարդու օրգանիզմը դառնում է խոցելի զանազան վարակային եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի սեռական հարաբերության ժամանակ, ուրիշների ներարկիչներից օգտվելիս, չախտազերծված գործիքներով դաջվածքներ անելիս եւ այլն: ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել երեխային վարակված մորից՝ հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ եւ կրծքով կերակրելիս:
«Հայ հասարակության մեջ ՄԻԱՎ-ով ապրելը շատ բարդ է, հայերը ՁԻԱՀ-ը ասոցացնում են անբարոյականության հետ, էլ ինչպես կարող ես փորձել այդ զոմբիացած հասարակությանը բացատրել, որ ոչ ոք ապահովագրված չէ այդ հիվանդությունից…»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության անդամ, ՄԻԱՎ-ով ապրող 29-ամյա գյումրեցի Նաիրան (անունը փոխված է):
«3 տարի ապրում եմ ՄԻԱՎ-ով: Սա մի հիվանդություն է, որը կլանում է կյանքը, պարփակում այն իր մեջ եւ քեզ թելադրում ապրել իր օրենքներով: Հասարակության լայն շերտի կարծիքով, մենք՝ ՄԻԱՎ վարակակիրներս, թաքնված ենք եւ դուրս չենք գալիս հասարակության հետ շփվելու, բացահայտ խոսելու մեր կարգավիճակի մասին: Բայց խնդիրն այն է, որ մեզ հետ խոսող չկա, մեզանից բոլորը վախենում են, փախչում: Շատերն ասում են, թե մեր նմաններին պետք է վառեն, որ երկրի երեսից վերանանք: Ասացեք, խնդրեմ, նման վերաբերմունքից հետո էլ ինչպե՞ս խոսել ինչ-որ մեկի հետ, ինչպես կարող ես պատմել քո մասին կամ էլ ուղղորդես՝ ինչպես խուսափել այդ հիվանդությունից»:
Նաիրան նաեւ պատմեց. «Կարգավիճակիս մասին իմացել եմ հղիությանս 5-րդ ամսում: Այդ ընթացքում ամուսինս վատառողջ էր, նրա մոտ թուլությունն ու թվացյալ հիվանդությունը սկսել էր շարունակական բնույթ կրել: Հետո նա բժշկի խորհրդով ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի անալիզ հանձնեց: Պատասխանը դրական էր: Ապա անալիզ հանձնեցի նաեւ ես, ապահովագրելու համար ապագա երեխայիս առողջությունը: Մոտ մեկ ամիս ամուսինս ինձնից թաքցրեց իմ անալիզների ճիշտ պատասխանը, ասելով, որ ինձ մոտ բացասական է: Երբ ապագա բալիկս 28 շաբաթական էր, եւ երբ պարբերաբար պետք է գտնվեի բժիշկների հսկողության տակ, այլեւս անհնար եղավ ինձնից թաքցնել իրականությունը. ասաց, որ ինձ մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ: Ինձ մոտ ՄԻԱՎ-ի նախնական փուլն էր, քանի որ ամուսնացել էինք մի քանի ամիս առաջ՝ հիվանդությունը ինձ փոխանցվել էր սեռական ճանապարհով՝ ամուսնուցս»:
Նաիրան նշում է՝ «Առաջին տպավորությունս շոկային էր. նախ այն, որ երկար ժամանակ ամուսինս գիտեր եւ ինձնից թաքցնում էր: Ես 28 շաբաթական հղի, անբուժելի հիվանդությամբ սպասում եմ երեխայի, որը գուցե ծնվի ՄԻԱՎ-ով: Մի քանի օր այդպես սառած վիճակում մնացի: Ինձ թվում էր՝ բժիշկներն ասելու էին՝ հրաժարվիր երեխայիցդ, երկար ժամանակ վախենում էի բժշկի այցելել: Երեխաս ծնվեց 2006 թվին: Բժիշկների օգնությամբ բալիկս լիարժեք առողջ ծնվեց, բայց նույն բժիշկների կողմից արժանացա խտրականության: Ծննդաբերությունը պետք է լիներ կեսարյան հատումով: Ծնունդն ընդունում էին Հանրապետական հիվանդանոցում: Ըստ նախնական պայմանավորվածության՝ հիվանդությանս հետ կապված պետք է գաղտնիություն պահպանվեր: Բայց մինչեւ ծննդաբերելս, ողջ հիվանդանոցն արդեն գիտեր, որ «սպիդով հիվանդը» երեխա է ունենում: Կեսարյան հատումից հետո, երբ փոքր-ինչ ուշքի եկա, նկատեցի, որ ինձ թողել են միջանցքում: Բժիշկների որոշմամբ ինձ մեկուսացրին մի պալատում, որը հիվանդանոցի ամենավատ անկյունն էր: Երբ այդ «մեկուսարանում» լիարժեք արթնացա, ինձ այցելության եկավ մանկաբույժը եւ բուժքրոջը հարցրեց, թե որտեղ է իմ երեխան, վերջինս էլ պատասխանեց, թե բոլոր երեխաների մոտ: Դա լսելուն պես մանկաբույժը հարձակվեց բուժքրոջ վրա՝ թե ինչպե՞ս եք համարձակվել այդ երեխային թողնել բոլոր երեխաների մոտ…
Ծննդաբերությունից հետո ինձ մոտ սկսվել էր արնահոսություն. բարձր ջերմություն ունեի, ոչ մի բժիշկ ինձ չէր մոտենում: Բոլորն ինձ մատով էին ցույց տալիս: Անգամ հիվանդանոցի դռնապանը գիտեր իմ մասին…»:
3 երեխաների մայր՝ 36-ամյա Լուիզան (անունը փոխված է) նույնպես ՄԻԱՎ վարակակիր է եւ այդպես ապրում է արդեն երկու տարի: Ինչպես նա է նշում, իրեն նույնպես ՄԻԱՎ վարակն անցել է ամուսնուց, իսկ թե ամուսնուն ինչ ճանապարհով է անցել, հստակ չի կարող ասել. «Նախքան մեր ամուսնանալը ամուսինս երկար տարիներ ապրել է Ռուսաստանում: Ամուսնությունից հետո մենք միասին տեղափոխվեցինք այնտեղ բնակվելու: Ավելի քան 10 երջանիկ տարիներ եմ ապրել ամուսնուս հետ, մինչեւ օրերից մի օր ինձ սկսեցին անհանգստացնել կանացի խնդիրները: Անընդհատ կրկնվող խնդիրներիս պատճառն իմանալու համար գինեկոլոգի պնդմամբ որոշ անալիզներ հանձնեցի, որոնց պատասխանները կասկածելի էին ու ստիպված եղա նորից հանձնել: Այդ ժամանակ ինձ մոտ վախ առաջացավ, սկսեցի մտածել, մի՞թե ես էլ այն չարաբաստիկ հիվանդությունից ունեմ, որի մասին այդքան շատ խոսում են ռուսական հեռուստաընկերությունները: Ամուսինս ինձ անդադար ծաղրում էր. անգամ համարձակվեց ինձ նախապես շնորհավորել գալիք դեկտեմբերի մեկի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով: Երկրորդ անգամ հանձնած անալիզներիս պատասխանները դրական էին, այսինքն՝ ինձ մոտ ախտորոշվեց ՄԻԱՎ: Երկար ժամանակ չհավատալով եւ չգիտակցելով իմ հիվանդությունը՝ հրաժարվեցի ամեն տեսակ դեղորայքից, բժիշկների միջամտությունից. անալիզներ հանձնեցին նաեւ երեխաներս, ամուսինս, ում մոտ ախտորոշվեց ՁԻԱՀ: Նա էլ սկզբում ինձ պես չէր հավատում… Այժմ երջանիկ եմ միայն այն բանի համար, որ երեխաներս առողջ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել