Կամ քննարկումներ Վանաձորում
«Հաշտեցման պաշարներ» բրիտանական կազմակերպությունն իրականացնում է «Ղարաբաղ 2014» ծրագիրը:
Օրերս կայացավ այդ տպագրված համանուն գրքի վանաձորյան շնորհանդեսը եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումը:
Քաղաքագետ, վերլուծաբան Միքայել Զոլյանը ներկայացրեց վերոնշյալ գրքում տեղ գտած հայ եւ ադրբեջանցի վերլուծաբանների տեսակետները՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր տարբերակների վերաբերյալ:
Նա չշրջանցեց նաեւ գրքի թերությունները: «Գիրքը ուշացած է. այնտեղ ներկայացված որոշ տեսակետներ արդեն կյանքի են կոչվել: Հայտնի է նաեւ, որ ներկայացված մի քանի տեսակետներ էլ այլեւս կյանքի չեն կոչվի: Մյուս թերությունն այն է, որ խմբում Լեռնային Ղարաբաղից ներկայացուցիչ չունենք»,- ասաց Զոլյանը եւ հավելեց, որ խնդիրը լուծելու համար հայտնի վերլուծաբան Մանվել Սարգսյանին են ներգրավել խմբում: Վերջինս, սակայն, ներկայացել է որպես Հայաստանի պատվիրակ: Այդ պատճառով ղարաբաղցիներն այս տեսակետները կոչում են «Հայացք դրսից»:
Ցավով բարձրաձայնվեց նաեւ, որ ադրբեջանական լոզունգը, թե ՀՀ-ն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, աշխարհում բավական տարածված է: Այնուհետեւ ծավալվեց ակտիվ քննարկում, որի ժամանակ առաջ քաշվեցին հետեւյալ հարցերը. փախստականների հնարավոր վերադարձ, ԼՂՀ միջազգայնորեն կամ մասնակի ճանաչված անկախություն եւ այլն: Հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսման մասին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կոնֆլիկտաբանության դասախոս Արտակ Այունցն ասաց. «Մի քանի տարի հետո հնարավոր է, մոտավորապես 2014-ին, երբ Ադրբեջանը նավթից կստանա առավելագույն եկամուտներ: Դա կլինի այն դեպքում, երբ Ադրբեջանը համոզված լինի, որ արագ պատերազմով հաջողության կհասնի»: Չշրջանցվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: Մ. Զոլյանը մտավախություն հնչեցրեց, որ «կարող է Թուրքիան միջպետական հանձնաժողովը փորձի դարձնել պատմաբանների հանձնաժողով, եթե մեր պետությունն ուշադիր չլինի»:
«Ադրբեջանն ու Հայաստանը, որպես պետություն, ձեւավորման փուլում են,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:- Մենք խոսում ենք կոնֆլիկտի լուծման մասին, մինչդեռ չունենք կոնֆլիկտներ լուծելու մշակույթ»: