Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռականներ» ֆիլմը մրցանակի է արժանացել «Արեւելք-Արեւմուտք» միջազգային կինոփառատոնում՝ լավագույն կանացի դերի համար անվանակարգում: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է Հ. Գալստյանը, պարգեւի է արժանացել Լորանս Ռիթերը, ով ֆիլմում կատարել է մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրայի դերը: Ռիթերը մասնագիտությամբ լրագրող է եւ գրող, եւ դա նրա առաջին դերն էր կինոյում: «Սա իրոք զարմանալի դեպք է, քանի որ «Խճճված զուգահեռականները» ինչպես նրա, այնպես էլ իմ դեբյուտն է կինոյում»,- ասել է Հ. Գալստյանը:
Հավելենք, որ «Արեւելք-Արեւմուտք» փառատոնն ընթացել է նոյեմբերի 23-28-ը՝ Օրենբուրգում: Ուշագրավ է, որ փառատոնի արտամրցութային ծրագիրն անվանվել է «Խճճված զուգահեռականներ»՝ ֆիլմի պատվին: