Նոյեմբերի 29-ին, որ պատմությունից հայտնի է իբրեւ Հայաստանի խորհրդայնացման օր, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆրանսահայ անվանի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Ոճրագործության բանակ» ֆիլմի երեւանյան պրեմիերան: Նկարն առաջին անգամ ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ ոչ մրցութային ծրագրում, այս տարվա սեպտեմբերից էլ՝ ֆրանսիական կինոթատրոններում եւ արդեն 400 հազարից ավելի հանդիսատես է ունեցել: Այն ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիական դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի (Սիմոն Աբկարյան) եւ իր պարտիզանական խմբի պատմությունը։
Զուգահեռ հերոսների ճակատագրերն են՝ սիրելի կանայք, հարազատները… Երբեմն-երբեմն խոսվում է թուրքերի կողմից իրականացված հայերի կոտորածի մասին:
Պրեմիերայի օրը «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը բազմամարդ չէր, բայց ռեժիսորն ու դերասանները ֆիլմից առաջ սիրով ներկայացրին այն, վերջում էլ պատասխանեցին հանդիսատեսի հարցերին: Մինչ «Ոճրագործության բանակի» սկսվելը, Շարլ Ազնավուրի հորը՝ Միշա Ազնավուրյանին մարմնավորած Սերժ Ավեդիկյանը ռուսերեն մի կտոր հեղափոխական երգ երգեց: Երբ հարցրինք՝ արդյո՞ք այդկերպ ցանկացավ ասել, որ Սովետը դեռ շարունակվում է Հայաստանում, դերասանը պատասխանեց. «Դա էլ կա… բայց նաեւ այն, որ նույնիսկ այդ լեզվով կարելի է հեղափոխական երգեր երգել»:
Ֆիլմը ցնցող չէր, բայց հետաքրքիր էր նրանով, որ պատմում էր ոչ թե «ի ծնե հերոսների» մասին, այլ սովորական տղաների, որոնք, օրինակ, տանիքում սեքսով են զբաղվում, չարաճճիություններ անում, լողի չեմպիոն դառնում, բայց երբ գալիս է պահը, նաեւ հերոսանում են:
Օրեր առաջ կայացած ասուլիսում Ռ. Գեդիկյանը հատուկ շեշտել էր, որ նացիստները ոչ մի կապ չունեն գերմանացի ժողովրդի հետ, հիշեցրել Մ. Մանուշյանի՝ կնոջը գրած նամակի մասին, որտեղ հերոսն ասում է, թե ատելության նշույլ անգամ չունի գերմանացիների հանդեպ: Ռեժիսորը նաեւ նշել էր, որ այդ շեշտադրումն իր համար կարեւոր է, որովհետեւ մայրն ազգությամբ գերմանացի է: Պատահական չէ, որ ըմբոստության, պայքարի, բայց միաժամանակ բարության ու ներողամտության կողմնակից Գեդիկյանի ֆիլմում որոշ նացիստներ չափից ավելի բարեկիրթ ու ժպտերես էին ստացվել: