Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՎՏԱՐԻՏԵՏ»՝ ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"Դերասան Գարեգին Չեփչյանի համոզմամբ՝  սա է տղամարդ լինելու չափանիշը

Սիրված դերասան Գարեգին Չեփչյանին թատերասեր հանդիսատեսը ճանաչում է թատրոնից, իսկ ոմանք՝ նաեւ «Որոգայթ» կրիմինալ սերիալից:
Գ. Չեփչյանի մարմնավորած հերոսները բացասական կերպարներ են, սակայն դրանք երբեք չեն կրկնում միմյանց: Գարեգինն ասում է, որ իրեն հարգող դերասանը չի կարող ամեն տեղ նույն ձեւով խաղալ: Ինչ վերաբերում է թատրոնում բացասական կերպարներ կերտելուն (Էնվեր՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացման մեջ, Մերուժան Արծրունի՝ «Արշակ թագավորում», թուրքի դեր՝ «Ոտքի, դատարանն է գալիս» բեմադրության մեջ եւ այլն), մեր զրուցակցի խոսքով, դա շատ դժվար է, եւ մարդ պիտի հոգեբանորեն նախապատրաստված լինի: Օրինակ, երբ իրեն առաջարկվել է Էնվերի դերը, դերասանը սկզբում ոգեւորվել է, հետո հասկացել, թե հոգեկան ինչ մեծ լարվածություն ու պատասխանատվություն է պահանջում այն. «Նույնիսկ մտավախություն ունեցա՝ ինչպե՞ս կերտել մի մարդու, որն այդքան դաժանություններ է գործել հայ ազգի հանդեպ, հանդիսատեսն արդյո՞ք ճիշտ կընկալի, վախ մտավ մեջս: Այդ մասին խոսեցի նաեւ ռեժիսոր Արմեն Էլբակյանի հետ, հետո սկսվեց տաժանակիր աշխատանք՝ ինտերնետից նյութերի հայթայթում, համապատասխան գրականության ուսումնասիրություն… Լավ է, որ այդ ամենը արդյունք տվեց»: Եղել են օրեր, որ «Էնվերը» նույնիսկ բուռն ծափահարություններ է կորզել հանդիսատեսից, եղել են նաեւ դժգոհություններ՝ ո՞նց կարելի էր: Խոսակցությունները հասել են ռեժիսոր Արմեն Էլբակյանին, վերջինս էլ բացատրել է, որ ոչ թե Էնվերին, այլ նրան մարմնավորող դերասանի վարպետությանն են ծափահարել: Գարեգինի կենսագրության մեջ մի դեպք էլ է եղել. «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման մեջ իր թուրք հերոսի հասցեին դահլիճից սպառնալիքներ են հնչել՝ հեսա դուրս գաս, հարցերդ տես ոնց ենք լուծելու… ստացվում է՝ կերպարը հաջողված էր եւ համոզիչ:
Հզոր բացասական կերպարների մասին սկսել է մտածել այն ժամանակ, երբ բեմադրիչ Վահե Շահվերդյանն ասել է, թե այդպիսիք կերտող դերասանների պակաս կա: «Այդ ժամանակ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ե՛ս չփորձեմ: Կապ չունի՝ բացասակա՞ն, թե՞ դրական դեր ես խաղում, կարեւորը ճիշտ մարմնավորես էդ կերպարը, հանդիսատեսին համոզես, բայց միաժամանակ ազնիվ լինես բեմի վրա»: Գ. Չեփչյանին հաջողվել է սերիալային հերոսին չխառնել թատրոնում մարմնավորածներին: Ասում է, երբ իրեն նոր դեր է առաջարկվում, ռեժիսորներից ավելի շատ ինքն է մտահոգ լինում եւ, որ ամենակարեւորն է՝ փորձում է այնպես խաղալ, որ հանդիսատեսը սիրի իր հերոսին:
«Առավոտի» հարցին՝ կուզենա՞, որ զավակները՝ Գեւորգն ու Արտակն իր ճանապարհով գնան, Գարեգինը պատասխանում է, որ նրանք ազատ են իրենց նախասիրություններում: Ի դեպ, տղաներից Արտակն արդեն հասցրել է Պապ թագավորի դերը խաղալ: Հոր խոսքով, դա նրա համար էր, որ նրա մանկական հիշողություններն ավելի հարուստ լինեն:
Ինչպես ամեն մի դերասան, այնպես էլ Գ. Չեփչյանը ունի երազած դեր, որ չի փոխվել ուսանող ժամանակներից. «Հիմա էլ նույն ցանկությունն ունեմ, էլի բացասական հերոս է՝ Շեքսպիրի Յագոն: Վստահ եմ՝ կարող եմ այնպես խաղալ, որ նրա բոլոր սրիկայությունները, դավաճանությունները փորձեմ արդարացնել, չնայած դրանք ամենեւին էլ արդարացնելու բան չեն»: Մեր հաջորդ հարցին՝ չի՞ ուզում իրեն փորձել մոնոներկայացման ձեւաչափով, թեկուզ Յագոյի դերով, պարոն Չեփչյանը պատասխանում է. «Մոնոներկայացման մասին չեմ մտածել, որովհետեւ անսամբլային ներկայացումների համախոհ եմ: Միշտ ցանկանում եմ լինել լավ խաղընկեր, ուզում եմ, որ խաղընկերս այնքան ուժեղ լինի, որ ձգտեմ հասնել իրեն, ինչից կշահի եւ տեսարանը, եւ ներկայացումը, եւ հանդիսատեսը»:
Հարցին՝ կրիմինալ սերիալում այդպիսի հերոսի մարմնավորող Գ. Չեփչյանն ինչպե՞ս է դաստիարակում իր զավակներին, որպեսզի կարողանան լինել կիրթ, բայց միաժամանակ իսկական տղամարդ: Դերասանն ասում է, որ դա այնքան էլ դժվար չէ. եթե մարդը ազնիվ է, զարգացած ու խելացի, ուրեմն ուժեղ է. «Ես դեմ չեմ, որ իմ տղան հասկանա կյանքի այսօրվա օրենքներից եւ ունենա համապատասխան տեղեկություններ՝ իր կյանքը երիտասարդ տարիքում եւ մնացած հասուն տարիներին ճիշտ դասավորելու համար: Բայց դա չի նշանակում, որ ինքը պիտի անցնի նման ճանապարհ: Տղամարդ լինել՝ նշանակում է առաջինը քո ընտանիքում այդպիսին լինել: Եթե դու ունես քո գեղեցիկ ընտանիքը, որտեղ ամեն ինչ լավ է, ուրեմն, կրիմինալ աշխարհի լեզվով ասած, դու արդեն «ավտարիտետ» ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել