Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՍՐԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"Իրանը սկսել է վերակազմավորել իր ռազմածովային ուժերը՝ Պարսից ծոցում ավելացնելով իր ռազմական նավերի քանակը, ռազմածովային ուժերի հրամանատարությունը փոխանցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին: Փորձագետները նշում են, որ Իսլամական հեղափոխության պահապանները գնալով ավելի մեծ դերակատարում են ստանում երկրի ոչ միայն զինված ուժերում, այլեւ՝ քաղաքական եւ տնտեսական կյանքում:
Ամերիկյան հետախուզության տվյալների համաձայն, Իրանի առաջնորդները Պարսից ծոցում նոր պաշտպանական գիծ են կառուցում: Օրմուզի նեղուցում եւ Կասպից ծովում իրանական ռազմական նավատորմը առաջացել է: Իրանի ղեկավարությունը նավատորմը օգտագործելով՝ սպառնում է տապալել նավթի համաշխարհային ռեսուրսների 30 տոկոսի տեղափոխումը: Նույն աղբյուրի մատուցմամբ, Իրանը Օրմուզի նեղուցում, որով նավթի արտահանումն է իրականացվում, հրթիռներ է տեղակայել: «Newsru-Israel»-ը հաղորդում է, որ դեռ 2008թ.-ին ամերիկյան մասնագետները հաշվել էին, որ Պարսից ծոցի երկրները՝ Սաուդյան Արաբիան, Իրաքը եւ Միացյալ Արաբական Էմիրությունները, աշխարհի նավթային բոլոր ռեսուրսների 29,8 տոկոսը եւ աշխարհում արդյունահանված բնական գազի 29,1 տոկոսը տեղափոխել են հենց Պարսից ծոցի այդ նեղուցով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իրանի եւ միջազգային հանրության միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, անցյալ շաբաթ իր ընդունած բանաձեւում դատապարտեց Իսլամական Հանրապետությանը՝ Կումում ուրանի հարստացման գործարան կառուցելու առնչությամբ: Դրան ի պատասխան, Իրանը հայտարարել էր, թե կկառուցի եւս 10 նոր այդպիսի գործարան, որոնց հինգը, ընդ որում՝ արդեն կառուցման փուլում են եւ ավարտին կհասցվեն առաջիկա երկու ամիսներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել