Հոնդուրասում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմության թեկնածու, գործարար Պորֆիրիո Լոբոն (նկարում): Ինչպես տեղեկացնում է «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը, Գերագույն ընտրական տրիբունալի առաջին պաշտոնական տվյալների համաձայն, արդեն հաշվվել է քվեաթերթիկների 61 տոկոսը եւ դրանցից 55,9 տոկոսը քվեարկված է Ազգային կուսակցության թեկնածուի՝ Լոբոյի օգտին: Լատինամերիկյան ԶԼՄ-ները կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունները որակել են որպես՝ Լատինական Ամերիկայի պատմության մեջ երբեւէ տեղի ունեցած ամենահակասական ընտրություններ, որի արդյունքները ոչ ոք չէր համարձակվել կանխատեսել:
Ընտրություններում առաջադրված է եղել հինգ թեկնածու:
Հոնդուրասում այդ ընտրություններն առաջինն էին հինգ ամիս առաջ երկրում տեղի ունեցած խռովությունից հետո: Հիշեցնենք, որ տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում այն ժամանակ գործող նախագահ Մանուել Սելայան վտարվեց երկրից եւ Հոնդուրասի «դե-ֆակտո կառավարության» ղեկը ստանձնեց Ռոբերտո Միչելետտին: Այս ընտրություններում ո՛չ նա, ո՛չ վտարանդի նախագահ Սելայան էին առաջադրվել: Նախագահական այս ընտրություններում առաջատար թեկնածուն, «BBC»-ի փոխանցմամբ, հենց Լոբոն էր, իսկ նրա հիմնական մրցակիցը Սելայայի նախկին տեղակալ եւ իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդ Էլվին Սանտոսն էր, որն այս ընտրություններում ստացել է քվեների մոտ 34 տոկոսը:
Լատինական Ամերիկայի խոշոր երկրները՝ Բրազիլիան եւ Արգենտինան արդեն հայտարարել են, որ չեն ճանաչի Հոնդուրասում տեղի ունեցած ընտրությունները՝ անկախ դրանց արդյունքներից, որովհետեւ դրանք ճանաչելը կնշանակի ճանաչել հունիսին Հոնդուրասում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը, իսկ դա վտանգավոր նախադեպ կարող է լինել: Միաժամանակ Միացյալ Նահանգները հայտարարել են, թե կպաշտպանեն քվեարկության արդյունքները, եթե դրանք «ազատ եւ արդար» լինեն: