Բոսնիացի սերբերի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչը երեկ հայտարարություն է տարածել, որում կասկած է հայտնել ՄԱԿ-ի ռազմական դատարանի լեգիտիմության առնչությամբ: Կարաջիչի ասելով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գերազանցել է իր լիազորությունները, երբ 1993թ.-ին ստեղծել է Հաագային դատարանը, ուստի այդ դատարանը իր նկատմամբ դատավարություն իրականացնելու օրինական իրավունք չունի: Կարաջիչի այս հայտարարության վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի արձագանքը դեռ հայտնի չէ: «AP» գործակալության փոխանցմամբ, նաեւ բողոք է հայտնել, որ իրեն բավարար ժամանակ չի տրամադրվել պաշտպանություն իրականացնելու համար: Հոկտեմբերի վերջին բոսնիացի սերբերի առաջնորդը տապալել էր իր գործի լսումը. նա դատարան չէր ներկայացել՝ հայտարարելով, թե դատական նիստին չի մասնակցի, որովհետեւ գործի նյութերի հետ ծանոթանալ չի հասցրել: Նոյեմբերի 5-ին, հակառակ Կարաջիչի կամքին, դատարանը նրա շահերը պաշտպանելու համար նոր փաստաբան էր նշանակել՝ բրիտանացի Ռիչարդ Հարվեյը, որը գործի նյութերին ծանոթանալու համար դատարանից 3,5 ամիս ժամանակ էր խնդրել:
Հիշեցնենք, որ Կարաջիչին մեղադրանք է առաջադրվել 11 կետերով՝ մարդկության դեմ գործած հանցանքների, այդ թվում՝ 1995թ.-ին Բոսնիայում եւ Հերցեգովինայում էթնիկ զտումներ իրականացնելու, նաեւ Սերեբրենիցայում ցեղասպանություն կազմակերպելու համար: