Անցած ուրբաթ երեկոյան պայթեցվել է Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա ուղերթի «Նեւսկի էքսպրես» արագընթաց գնացքը, որի արդյունքում զոհվել է 26 ուղեւոր, որոնցից մեկի ինքնությունը դեռեւս հայտնի չէ: Զոհվածների թվում կան 3 հայեր, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է: Պատահարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան 90 մարդ, նրանցից 21-ի վիճակը գնահատվում է ծանր: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, եւս երկու ուղեւոր անհայտ կորել է: Ռուսաստանի իրավապահների համոզմամբ, տեղի ունեցած վթարը ահաբեկչության հետեւանք է: Նրանց տվյալներով, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել երկաթգծերի վրա, պայթյունի հետեւանքով հիմնականում վնասվել են գնացքի վերջին երեք վագոնները: Նովգորոդի մարզային դատախազության ներկայացուցչի ասելով, ահաբեկչությունն իրականացվել է մի խմբի կողմից, որը գտնվում է չեչեն գրոհայինների ամենահայտնի առաջնորդ Դոկու Ումարովի վերահսկողության տակ: Վերջին ավելի քան երկու տարիների ընթացքում սա «Նեւսկի էքսպրես» արագընթաց գնացքի պայթեցման երկրորդ դեպքն է: Առաջինը տեղի էր ունեցել 2007թ. օգոստոսի 13-ին՝ Մալայա Վիշերա քաղաքի մոտակայքում: Այն ժամանակ զոհեր չէին եղել, բայց 60 հոգի վիրավորվել էր: Իրավապահ մարմիններն արդեն հրապարակել են կատարված ահաբեկչության մեջ կասկածվողների՝ երկու տղամարդու ֆոտոռոբոտները: Դեպքին առնչություն ունենալու կասկածանքով հետախուզվում է նաեւ երեք մարդատար մեքենա:
Երեկ երկու միաժամանակյա պայթյուն է հնչել նաեւ Դաղստանի երկու տարբեր շրջաններում, եւս 7 ական հաջողվել է վնասազերծել: Կազբեկի շրջանի Լենինաուլ բնակավայրում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժել է ՌԴ ՆԳ ներքին զորքերի մի զինծառայող:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել թիվ 374 «Տյումեն-Բաքու» ուղեւորատար գնացքում: Ինչպես «Նեւսկի էքսպրեսի», այնպես էլ այս դեպքում պայթուցիկ սարքը տեղադրված է եղել գնացքի տակ: Նախնական տվյալներով՝ զոհեր չկան: