Լրահոս
Օրվա լրահոսը

3 ինտերնետային մրցույթ՝ 1 օրում

Դեկտեմբեր 01,2009 00:00

ԿՏԱԿ-ն ու Ֆիզմաթ դպրոցը ծրագրեր են իրականացնում՝ ուղղված դպրոցներում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն առնչվող խնդիրների լուծմանը:

\"\"
Մրցույթում հաղթած լուսանկարներից մեկը:

Երեկ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի «Մաթեմատիկական ինտերնետային ամսագիրը» դարձավ մեկ տարեկան: Այս կապակցությամբ դպրոցում ամփոփվեցին ԿՏԱԿ-ի եւ դպրոցի հայտարարած «Մաթեմատիկական ինտերնետ», «Դպրոցական ակնթարթ» լուսանկարչական եւ «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված մրցույթները: «Դպրոցական ակնթարթին» մասնակցել են ՀՀ մարզերի 75 ուսումնական հաստատությունների 210 սաներ, իսկ «Երեխաների իրավունքների մասին» հռչակագրի հոբելյանին նվիրված մրցույթին՝ 12 կրթօջախների 31 աշակերտներ եւ ուսուցիչներ: Մրցույթի կազմակերպիչների խոսքերով՝ այսպիսի ծրագրերով փորձում են հատկապես ՀՀ մարզերում բնակվող աշակերտներին եւ ուսուցիչներին հաղորդակից դարձնել մեծ կրթական ինտերնետային համայնքին: Օրինակ, ցանկացած մարզի աշակերտ, հավաքելով www.armedu.am հասցեն, կարող է մուտք գործել համահայկական կրթական համալիր ցանց եւ գտնել այն, ինչ ցանկանում է՝ կապված կրթության հետ: Նշված մրցույթներն էլ հայտարարվել եւ ամփոփվել են հենց այս կայքէջի միջոցով: Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը խոսեց «Մաթեմատիկական ինտերնետային ամսագիր» նախագծի մասին. «Այն օգնում է օլիմպիական խմբակներին, քանի որ այստեղ տեղադրվում են մրցութային խնդիրներ եւ այլ օգտակար նյութեր: Մեր հիմնական նպատակն է աշակերտներին հաղորդակից դարձնել մաթեմատիկական խնդիրներին, քանի որ դա նրանց համար կապահովի գիտահետազոտական աշխատանքներ կազմակերպելու սկզբնական սաղմերը, եւ լավ կլինի, որ երեխաները փոքր տարիքից լինեն դրա մեջ: Ամսագրի նպատակներից է ամառային դպրոցի ստեղծումը, որի շրջանակներում ամսագրի լավագույն ներկայացուցիչներին ամառային արձակուրդների օրերին կհրավիրենք Երեւան եւ նրանց հետ պարապմունքներ կանցկացնենք»: 
Նկատեցինք, որ, ի տարբերություն սպորտում հաջողություններ ունեցած երիտասարդների, գիտության բնագավառում հաջողած երիտասարդները, ինչպես որ հարկն է, չեն խրախուսվում: Այս առիթով Հ. Նավասարդյանն ասաց. «Ցավոք, այսօր ողջ աշխարհում շատ հարցեր լուծում են անհատները, ձեր նշած հարցում էլ կա ոչ թե պետական, այլ ավելի շատ անհատական մոտեցում: Այդտեղ պետք է լինի պետական մոտեցում, չնայած եղել է, որ երկրի նախագահը օլիմպիադաներում հաղթողներին ընդունել եւ խրախուսել է: Գուցե ԿԳՆ-ն եւս այս հարցում խնդիրներ ունի լուծելու»: ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանն էլ նշեց. «Սա առաջին միջոցառումն է այս ֆորմատով կազմակերպված: Հույս ունենք, որ ինչպես մաթեմատիկան, հետո նաեւ ֆիզիկան, այնպես էլ հումանիտար առարկաները եւս կընդգրկվեն այս ծրագրերում: Մրցույթներն իրականացվել են Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի միջավայրում, որում ընդգրկված է 644 դպրոց: Բայց այն ունի ընդլայնվելու միտում: Մրցույթներին մասնակցել են նաեւ երեխաներ, որոնց դպրոցներն ընդգրկված չեն այս ցանցում: Ուզում եմ ասել, որ երեխաները հետաքրքրված են»: Մեր դիտարկմանը, որ խոսում են կրթության մեջ բարձր տեխնոլոգիաների ներդրման մասին, երբ ամենատարրական բանը՝ որակյալ ինտերնետը բացակայում է, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը պատասխանեց. «Դպրոցներին տրամադրված համապատասխան միջոցների թարմացման խնդիրը բարձրացվել է եւ հուսով եմ՝ այն ժամանակի ընթացքում լուծում կստանա: Կառավարությունն էլ հատուկ քաղաքականություն է վարում այս հարցերը լուծելու համար: Իսկ մենք համակարգչային գրագիտությունը բարձրացնելու առումով նոր ծրագրեր ենք մշակել մի քանի դպրոցներում, որոնց փորձը հետո կտարածվի մյուսների վրա»:
 Զրուցեցինք նաեւ «Մաթեմատիկական ինտերնետ» մրցույթի հաղթող՝ Վանաձորի թիվ 19 դպրոցի աշակերտուհի Գոհար Պապինյանի հետ: Նա ասաց. «Ներկայացրել եմ կրթական համալիր էջում տեղադրված հինգ խնդիրների լուծումները եւ հաղթել: Կարծում եմ, ինտերնետը շատ է օգնում աշակերտներին նոր նյութերի ձեռքբերման, հաղորդակցության համար»: Իսկ լուսանկարչական մրցույթի 2-րդ մրցանակի արժանացած Գեղարքունիքի մարզի Սարուխանի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Արմինե Մակարյանն ասաց. «Մեր դպրոցն ինտերնետ ունի գարնանից եւ խնդիրների լուծման համար ունենք համապատասխան մասնագետ: Ինտերնետը լավ հնարավորություններ է բացում ուսուցչի առաջ, օգնում են նաեւ տրամադրվող ձեռնարկները: Բայց շաբաթը մեկ դասաժամը շատ քիչ է այս առարկայի համար: Երեխաներից քչերն են մեկ շաբաթ հետո հիշում նախորդ դասին սովորածը, քանի որ շատերը տանը ոչ միայն ինտերնետ, այլեւ համակարգիչ էլ չունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել