Կոնսերվատորիայի ուսանողները ոտքի են ելել՝ նոր ուսխորհուրդ են ուզում
Օրեր առաջ «Առավոտ» էին այցելել Երեւանի պետական կոնսերվատորիայի մի խումբ ուսանողներ, որոնք դժգոհում էին իրենց ուսխորհրդի աշխատանքներից, ավելի ճիշտ՝ անգործությունից եւ մասնավորապես՝ ուսխորհրդի նախագահի պաշտոնակատար Գուրգեն Բավեյանից: Մոտ մեկուկես ժամ նրանք փորձում էին իրենց վրդովմունքը բառերի վերածել՝ պարբերաբար հիշեցնելով, որ չեն ուզում «բացահայտվել», անգամ երկմտում էին՝ ձայնագրվել, թե ոչ, չէին կամենում մանրամասներ հաղորդել իրենց անհանգստացնող երեւույթների մասին, վախենալով, թե «հանկարծ այդ ձայնագրությունը կընկնի եսիմ ում ձեռքը եւ մեր գլխին նե՜նց բաներ կսարքվեն…»: Ցավալի էր տեսնել երիտասարդ, գործունյա, հավակնոտ, շնորհալի ուսանողների, որոնք ընդդիմախոսում էին ընդամենը իրենց ընկերոջը եւ վախենում էին հանդես գալ իրենց անուններով: Թե դրանում որքանն է նրանց անձնական «մեղքը», եւ որքանը՝ մեր հասարակության ընդհանուր վախեցածության արդյունքը՝ թողնում ենք ընթերցողների դատին:
Բայց վերադառնանք բուն բողոքին: Ահա մի ծաղկաքաղ մեզ այցելած ուսանողների դժգոհություններից. «Ապրիլին լրացավ 2 տարին, որ Գ. Բավեյանը ուսխորհրդի նախագահ է, եւ պիտի նոր ընտրություններ կայանային, բայց մինչեւ օրս այդ գործընթացը ձգձգվում է: Ոչ մի կերպ չի ուզում ընտրությունները կազմակերպի եւ արդեն 7 ամիս՝ պաշտոնակատար է: Մեր բուհում ուսանողներն ընդհանրապես տեղյակ չեն, թե ուսխորհուրդներն ինչ գործունեություն են ծավալում եւ ինչ կարող են անել: Կանոնադրություն չունենք, 97 թվականի մի հնացած կանոնադրություն կա, որը հաստատված էլ չի: Չգիտենք, թե քանի՞ անդամ ունի ուսխորհուրդը, քանի որ 3 հատ մատյան կա, ամեն մեկի մեջ՝ տարբեր քանակով մարդկանց անուններ: Մի քանի ակտիվ ուսանողի հեռացրել են ուսխորհրդից, ասում են՝ ակտիվ չեք եղել: Ուսանողական կառույցին մաս են կազմում միայն մի քանի կուրսերի ուսանողներ, մյուսներն արհամարհված են: Ինչ միջոցառում լինում է՝ այդ մի խումբ մարդիկ են, մնացածը չեն մասնակցում: Միջոցառումների ժամանակ միայն դասական երգի երեխեքն են ներգրավված, իսկ փողային, լարային, ժողգործիքներ չկան… Բայց պարզ է, չէ՞, ով այդ միջոցառումներին մասնակցում է, աչքի է ընկնում, նա էլ հետո առաջ է գնում: «Բազեներին» միայն այդ մի քանիսն են անընդհատ մասնակցում, նոր մարդիկ չկան: Բավեյանն անընդհատ ասում է՝ «իմ թիկունքն Աշոտյանն է, ինքը ռեկտորի մոտ ինձ «դաբրո» է տվել, ինձ ՀՀԿ-ի երիտասարդական թեւը, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հովանավորում են»: Հարցնում ենք՝ ինչո՞ւ չեն կայանում ընտրությունները, ասում է՝ ռեկտորատն անժամկետ հետաձգել է: Բայց երբ որ պետք է լինում, ասում է՝ ուսխորհուրդն ինքնակառավարվող մարմին է, ռեկտորատը կապ չունի: Հենց մենք սկսեցինք բողոքել, ձայն բարձրացնել, նոր ինքը սկսեց ինչ-որ միջոցառումներ իրականացնել: Ինքը շուտով ավարտում է, իր ինչի՞ն է պետք այս ուսխորհուրդը՝ չենք հասկանում: Առանց այդ էլ՝ ինքը հրաշալի երաժիշտ է, նրան շատ մեծ բեմեր են սպասում, ժամանակ էլ չունի, որ սենց բաներով զբաղվի… Երբ տղաներն ասում են՝ մենք քեզ չենք ուզում, նոր ընտրություն պետք է լինի, ինքն ասում է՝ հանցագործ դեմքեր են եկել, ուզում են ինձ վնասեն: Բայց ոչ մի հանցագործ դեմքեր էլ չեն՝ նորմալ, երաժիշտ տղաներ են, ընդամենը ասում են՝ չի կարելի այսպես շարունակել: Հանձնաժողով կազմեցինք, որ քննարկումներ անենք, ինքն անընդհատ տապալում էր աշխատանքը, մի օր ընկերուհու հետ պիտի հանդիպեր, մի օր պարապմունք ուներ… Բայց երբ տեսավ, որ մի 200-300 ուսանող ոտքի է կանգնել եւ ուզում է ինչ-որ բան փոխել, զարմացավ ու ստիպված մասնակցեց: Մենք ընդամենն արդարություն ենք ուզում, ուզում ենք ուսանողական կյանք տեսնել, ուզում ենք հետաքրքիր անցնեն մեր տարիները: Մտեք կոնսերվատորիա ու հարցրեք պատահած ուսանողի՝ ի՞նչ է ձեր ուսխորհուրդը անում, կասի՝ ոչ մի բան: Ուսանողը գալիս է կոնսերվատորիա, բուֆետից բացի ուրիշ բան չի տեսնում…»:
Այս ամենի վերաբերյալ լսեցինք նաեւ «ամբաստանյալին»: Ըստ Գուրգեն Բավեյանի, որը ճշտեց, որ ինքը դեռ 2 տարի ունի սովորելու ասպիրանտուրայում եւ առաջիկա ընտրություններին անպայման դնելու է իր թեկնածությունը, բուհի ուսխորհուրդն ունի կանոնադրություն. «Մենք ունենք կանոնադրություն, որը հաստատված է ռեկտորի կողմից՝ 1997 թվականին: Բայց կանոնադրությունը պետք է հաստատված լինի նաեւ Գիտխորհրդի կողմից, իսկ մեր կանոնադրությունը Գիտխորհրդի կողմից հաստատված չէ: Ապրիլի վերջին լրացավ իմ պաշտոնավարման ժամանակը, բայց քանի որ մեր կանոնադրությունը 1997-ից ի վեր որեւէ բարեփոխման չէր ենթարկվել, որոշվեց կազմել հանձնաժողով եւ մշակել նոր, բարեփոխված կանոնադրություն, որից հետո կընտրվեր նոր ուսխորհրդի նախագահ: Բայց քանի որ ուսումնական տարվա վերջն էր՝ հետաձգվեց մինչեւ աշուն: Սեպտեմբերին մի քանի ուսանողներ, որոնք օպոզիցիա են ձեւավորել, ժողով գումարեցին: Ասեմ, որ ես շատ ուրախ եմ, որ այդ ընդդիմությունը կա, քանի որ դա մեզ ստիպում է ավելի ակտիվ, ավելի աշխույժ աշխատել: Այդ ժողովին ներկա էր ռեկտորը, պրոռեկտորը, ուսխորհուրդը, ուսանողական ակտիվ կազմը, եւ ձեւավորվեց հանձնաժողով, մշակվեց կանոնադրություն, որը տվել ենք ռեկտորատի քննարկմանը, որից հետո կհաստատվի գիտխորհրդով: Նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ, կլինեն նաեւ ֆակուլտետային ուսխորհուրդներ, մեզ մոտ դրանք առայժմ չկան, քանի որ փոքր բուհ էր, բայց հիմա տեսնում ենք, որ սերնդափոխության հետ ավելի ակտիվ ուսանողներ են հայտնվում, որոնք ուզում են աշխատել: Ընտրությունները կլինեն գիտխորհրդի նիստից հետո, որը նախատեսված է դեկտեմբերի կեսերին, որի ժամանակ կանոնադրությունը կհաստատվի, կստեղծվեն ֆակուլտետային ուսխորհուրդներ: Ինչ վերաբերում է միջոցառումներին, ասեմ, որ դրանց մասնակցում են ուսանողները, որոնք ցանկություն ունեն եւ ակտիվ են: Երբ ուսանողը գալիս է ուսխորհուրդ որեւէ հարցով՝ բեմ բարձրանալու, կրթական, սոցիալական, ուսխորհուրդը միշտ աջակցում է: Եթե ուսանողն ակտիվ է, ուսխորհուրդը միշտ նկատում է եւ ընդգրկում միջոցառումներին, բայց մենք չենք կարող բոլոր 1500 ուսանողին ընդգրկել: Այս պահի դրությամբ ուսխորհրդում 25 ուսանող կա: Տարբեր մատյաններ չկան, կա մի մատյան եւ եւս մեկը, որտեղ գրված են նրանց անունները, ովքեր անդամ չեն, բայց գրանցվել են, ուզում են ակտիվ լինել: Մենք շատ միջոցառումներ ենք կազմակերպում եւ բուհական, եւ միջբուհական՝ Էրեբունի-Երեւանից սկսած մինչեւ վերջերս Ուսանողության օրվան նվիրված համերգը, որին մասնակցել էին միայն ժողովրդական եւ ջազային-էստրադային բաժնի ուսանողները»: Գ. Բավեյանը չժխտեց, որ ինքը Հանրապետական կուսակցության անդամ է, սակայն կտրականապես հերքեց, որ շահարկում է Արմեն Աշոտյանի եւ ՀՀԿ երիտթեւական վերնախավի անունները. «Այդպիսի բան չկա: Թող կանգնեն նման ուսանողները, եթե այդպիսիք կան եւ իմ երեսին ասեն դա, եթե ես այդպիսի արտահայտություն եմ ինձ թույլ տվել՝ ես գլուխս կկախեմ: Դա սուտ է: Ես կուսակցական եմ, բայց չի գտնվի մի ուսանող, ով կարող է իմ դիմաց կանգնել եւ ասել, որ ես բուհում իրականացրել եմ կուսակցական քարոզչություն, կուսակցական միջոցառումներ, կամ ինչ-որ մեկին ներքաշել եմ կուսակցական աշխատանքների մեջ…»:
Հ. Գ. Ի դեպ, Կոնսերվատորիայում մեր անցկացրած մինի-հարցումը ցույց տվեց, որ ուսանողներն իրոք դժգոհ են ուսխորհրդի աշխատանքներից: