Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՍԵԼ ԵՎ ԸՆՏՐԵԼ

Դեկտեմբեր 01,2009 00:00

Հատվածներ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ 12-րդ համագումարում ելույթից

\"\"

Ուղիղ երկու տարի առաջ Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարում ելույթ ունենալով ձեր առջեւ՝ ես անդրադարձա լրջագույն մարտահրավերներին ու խնդիրներին, որոնցով լի էր աշխարհն այն ժամանակ, եւ այն քայլերին, որոնք, ըստ իս, պետք է ձեռնարկեր մեր երկիրը՝ դրանց դիմագրավելու եւ Հայաստանը ժամանակակից ժողովրդավարական, մրցունակ երկիր դարձնելու համար: Այդ մարտահրավերներն ու խնդիրները հայտնի են բոլորին, եւ դրանցից շատերը չեն կորցրել իրենց սրությունը նաեւ այսօր: Սակայն անցած երկու տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք նոր խնդիրներ հարուցեցին՝ ի հավելումն արդեն գոյություն ունեցողների:
Անշուշտ, առաջին հերթին նկատի ունեմ աշխարհը համակած խոր ֆինանսատնտեսական ճգնաժամը: Ոչ մի պետություն չկարողացավ խուսափել ճգնաժամի բացասական հետեւանքներից: Մեր երկրում տնտեսական անկման ցուցանիշն անցավ 18 տոկոսի սահմանագիծը, մի բան, որ մեր ծրագրերից որեւէ մեկում չի տեղավորվում: Բայց նույնիսկ այդ իրավիճակում մեզ հաջողվեց զերծ մնալ համարժեք բացասական զարգացումներից՝ սոցիալական ոլորտում: Ճգնաժամի ազդեցությունն իրենց կյանքի վրա մեր քաղաքացիները զգացին շատ ավելի նվազ չափով, քան կարելի էր ենթադրել՝ մակրոտնտեսական ցուցանիշները դիտարկելով: Փառք ու պատիվ մեր բոլոր այն գործարարներին, խոշոր եւ համակարգաստեղծ ընկերություններին, որոնք ճիշտ ընկալեցին մեր հորդորը. համագործակցելով կառավարության հետ՝ երբեմն գործեցին դասական բիզնես նպատակադրումներին հակառակ, եւ համատեղ մենք կարողացանք շրջանցել հնարավոր շատ ավելի անցանկալի զարգացումները: Այսօր մենք մի փուլում ենք, երբ բացասական զարգացման միտումները դանդաղ, բայց հաստատապես շրջվում են: Եվ պետք է կարողանանք ո՛չ միայն արագ հաղթահարել ճգնաժամի հետեւանքները, այլ դրանից պետք է դուրս գանք նոր՝ որակապես այլ տնտեսական իրականությամբ ու կառուցվածքով:
2008 թ. օգոստոսյան իրադարձությունները Հարավային Օսիայում նույնպես էական ազդեցություն թողեցին թե՛ Հայաստանի, թե՛ մեր տարածաշրջանի այլ երկրների վրա: Պատերազմը ցուցադրեց տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ողջ փխրունությունն ու խոցելիությունը, է՛լ ավելի ակնառու դարձրեց գոյություն ունեցող հակամարտությունները կարգավորելու անհրաժեշտությունը:
Մեր ներքին քաղաքական խնդիրներից չեմ կարող եւս մեկ անգամ չանդրադառնալ անցած նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին: Դրանք անընդունելի եւ խիստ վտանգավոր զարգացումներ էին: Ամենասարսափելին, թերեւս, պառակտումն էր ժողովրդի մեջ: Ծանր ժամանակներ էին բոլորիս համար: Այսօր մենք արձանագրում ենք, որ միասին կարողացանք չխորացնել կործանարար բաժանարարը՝ վերջնականապես չանցանք պառակտման գիծը: Կարող ենք գոհ լինել դրանով, սակայն չենք կարող հանգստանալ ու ձեւացնել, թե ամեն ինչ կարգին է: Բնա՛վ: Այն, ինչ դեռեւս սպասում է մեզ, թերեւս առավելագույն ճկունություն, հմտություն, գիտելիք ու կամք է պահանջում, որովհետեւ մեր կարեւորագույն անելիքը հասարակությունը միավորելն է, մեկ բռունցք դարձնելն է, երկխոսելու, լսելու ու հանդուրժելու մշակույթ ձեւավորելն է: Նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունները առավել ցայտուն ցուցադրեցին անկախության տարիներին ձեւավորված պետական, քաղաքական եւ հասարակական ինստիտուտների ոչ լիարժեք կայացվածությունն ու ընդհանուր թուլությունը:
Ընտրական համակարգի, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների, մամուլի, հավաքների ազատության, մյուս ազատությունների ոչ լիարժեք կայացվածությունն է, որ հնարավորություն է տալիս գլուխ բարձրացնել չարությանն ու անհանդուրժողականությանը, հանգեցնում հասարակական-քաղաքական ճգնաժամերի: Եթե ավելի զարգացած լինեին քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ավելի պատասխանատու լինեին քաղաքական ուժերը, ավելի պրոֆեսիոնալ եւ տեխնիկապես հագեցված լիներ իրավապահ համակարգը, հնարավոր կլիներ կանխարգելել տեղի ունեցած իրադարձությունները եւ արժանապատվորեն դուրս գալ սանձազերծված սադրանքների որոգայթից:
Սիրելի՛ կուսակիցներ.
Մեր օրերում իրադարձությունների ընթացքը տեսանելիորեն արագանում է: Մեր տարածաշրջանն ու մեր երկիրը համաշխարհային քաղաքականության հետնաբեմից եկել են առաջ, իսկ մեր պետությունն ու ժողովուրդը հայտնվել են իրադարձությունների կենտրոնում:
Եկել է մարտահրավերների առջեւ արագ կողմնորոշվելու ժամանակը: Ո՞րն է երաշխիքը, որ ամենախելոք, ամենաուժեղ, ամենավստահելի ու ամենամիասնական իշխանությունը սխալներ չի գործի այդ մարտահրավերներին դիմակայելու որոշումներ կայացնելիս: Իսկ սխալվելիս էլ ժամանակին կհասկանա, կընդունի ու կփորձի ուղղել սխալը, որովհետեւ սխալներն անխուսափելի են: Չսխալվելու երաշխիքն ու հոմանիշը դեռ երեկ ոչինչ չանելն էր: Այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն: Եվ այդ սխալին, ցավոք սրտի, շատերը սպասում են շունչները պահած: Ուրեմն մենք պետք է քայլեր անենք՝ սխալվելու վտանգն աչքի առաջ ունենալով: Համոզված եղեք՝ մեր ժողովուրդը կների՛ սխալները, չի՛ ների անգործությունը:
Սխալներից հեռու մնալու դեղատոմս չկա: Բայց կան սխալվելուց խուսափելու հնարավորություններ: Առաջինն, անշուշտ, ճկունությունն է՝ որոշումներ կայացնելիս ու դրանք փոխելիս: Նոր իրավիճակները պահանջում են նոր լուծումներ ու առաջ քաշում դրանց լուծման նոր տրամաբանություն: Երեկվա լուծումների գերին շարժվում է ուղիղ ու կանխատեսելի գծով: Քաղաքական ճկունությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հրաժարվում են միակ խելացին ու միակ ճշմարիտը լինելու հավակնությունից:
Ամենախելոք մարդը օրվա մեջ կարող է մեկ լավ միտք ծնել: Իմաստունը ականջ է դնում հարյուր խելոքի ու սկսում աշխատել հարյուր լավ մտքի հետ: Մենք պետք է կարողանանք լսել միմյանց եւ ուրիշներին: Մյուսները կարող են լինել խելոք, իշխանության ղեկին կանգնածը պիտի նաեւ իմաստուն լինի: Ճկուն լինելու համար: Եթե ընդդիմախոսը միտք է արտահայտում, որը համոզիչ է ու ավելի լավը, քան քո միտքը, ուրեմն պարտավոր ես իրագործել նրա միտքը, ու ոչ թե քոնը՝ ու միայն այն պատճառով, որ քոնն է: Հանրապետականը պետք է շարունակի կատարելագործվել ավելի ճկուն կուսակցություն դառնալու ճանապարհին, կուսակցություն, որը կարողանում է լսել: Լսել ու ընտրել: Իշխանության ղեկի մոտ լինել՝ նշանակում է լուծումներ ընտրել, այլապես լավագույն լուծումները հաճախ կարող են զիջել լավ լուծումներին: Արագ փոփոխվող աշխարհում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար մեր երկիրը առաջին հերթին պետք է ունենա ներքին կայուն քաղաքական համակարգ:
Ի՞նչ է նշանակում կայուն, ո՞րն է քաղաքական կայունության մեր պատկերացումը:
Հաճախ քաղաքական ընդդիմախոսները շահարկում են կայունության փաստարկը: Քաղաքական կայունությունը չի՛ նշանակում ոսկրացած միտք, լճացած գաղափարախոսություն կամ անվիճարկելի հեղինակություն: Քաղաքական կայունության մեր պատկերացումը ենթադրում է մտքի ազատություն: Կայունության գործոնը սահմանափակում է ձեւաչափը, ոչ թե բովանդակությունը, դրդում է ստեղծելու եւ ստեղծագործելու եւ ո՛չ թե լռելու:
Սա հնարավոր է, եթե Հանրապետական կուսակցությունը քաղաքական հարթության մեջ ստանձնի իրական երկխոսության մշակույթի ամրապնդման առաջամարտիկի դերը: Սուր բանավեճը երբեք չպետք է թերագնահատել, սակայն մեր երկրի քաղաքական կայունությունը ապահովելու ենք հենց քաղաքական երկխոսության ուղին ընտրելով: Կարելի է կոշտ լինել մտքերի, բայց ո՛չ դրանք արտահայտողների հանդեպ: Սա՛ պետք է առաջին հերթին կյանքի կոչենք: Հենց մե՛նք եւ հենց ա՛յս սկզբունքը: Երկրում քաղաքական երկխոսության մշակույթն արմատավորելու գործում ամենամեծ պատասխանատվությունն ու հնարավորությունը առաջնորդ կուսակցությանն է: Եկե՛ք պատվով ստանձնենք այն. եկե՛ք արդիական իշխող կուսակցության օրինակելի մոդելի հիմքը դնենք, որ հիմնօրինակ դառնա նաեւ ապագայի համար:
Սիրելի՛ հանրապետականներ.
Նախորդ համագումարին հաջորդած երկու տարիների ընթացքում ՀՀԿ-ն, իր ձեւավորած իշխանության միջոցով, նաեւ ցուցադրել է, որ ի վիճակի է արդյունավետ լուծել մեր երկրի առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրները: Մենք մեր գործողություններով ապացուցել ենք, որ ցանկության եւ վճռականության դեպքում կարելի է առաջ շարժվել ցանկացած հարցում՝ նույնիսկ ամենացավոտ հարցերում: Սա են վկայում Թուրքիայի հետ առանց նախապայմանների բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունը եւ այն զարգացումները, որ հետեւեցին դրան: Այսօր, երբ արդեն ստորագրված են Հայ-թուրքական արձանագրությունները, կարելի է վստահությամբ հայտարարել, որ թեեւ մենք դեռեւս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, եւ արձանագրությունները դեռեւս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը եւ զգալիորեն առաջ անցնել Թուրքիայի հետ հարաբերություններում: Սա անշուշտ կնպաստի թե՛ մեր երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, թե՛ տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Այժմ մենք հասել ենք մեր երկրների խորհրդարաններում արձանագրությունները վավերացնելու փուլին: Դա մի գործընթաց է, որում, ինչպես հայելու մեջ, պետք է արտացոլվի կողմերի լրջությունը, նրանց խոսքի արժանահավատությունը եւ պատասխանատվության զգացումը: Հայաստանն իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները հարգող եւ պատշաճ կատարող երկիր է: Հուսով եմ՝ Թուրքիան էլ է առաջնորդվում այդ սկզբունքով: Միաժամանակ կցանկանայի շեշտել, որ այստեղ գործում է «խելամիտ ժամկետներում» կոչվող սկզբունքը: Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա, ինչպես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր:
Միեւնույն ժամանակ, մեկ անգամ եւս շեշտում եմ, որ Հայաստանը պատրաստ է արդյունավետորեն շարունակել սկսված գործընթացը: Տեղեկացնում եմ, որ ես արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան՝ Հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ուզում եմ շեշտել. Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որեւէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում: Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով՝ հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում եւ ողջ աշխարհում: Ունենալով արդարացի մտահոգություններ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ՝ մենք, այնուամենայնիվ, չպետք է վախենանք այդ պետության հետ հարաբերություններից, չպետք է ընկրկենք դժվարությունների առջեւ, չպետք է հետ կանգնենք համարձակ քայլեր կատարելուց: Հակառակը, մենք պետք է վճռականորեն շարունակենք մեր քաղաքականությունը, հաշվարկված եւ խելամիտ քայլերի միջոցով հասնելով մեր ազգային եւ պետական խնդիրների լուծմանը:
Համաձայն եմ՝ մենք երբեք չենք ունեցել Թուրքիայի հետ որպես հավասարը հավասարի հարաբերվելու քաղաքական մշակույթ եւ դիվանագիտական փորձ: Համաձայն եմ՝ Թուրքիան հզոր երկիր է՝ դիվանագիտական ուրույն ձեռագրով: Այս դիտարկումների հետ ես, անշուշտ, համաձայն եմ: Բայց կտրականապես համաձայն չեմ այն եզրակացության հետ, որ ոմանք կատարում են այս դիտարկումների հիման վրա. այն է՝ պետք է հեռու մնալ Թուրքիայից, որովհետեւ նա կարող է խաբել: Սխալ եզրակացություն է սա: Այո՛, մենք չունենք թուրքերի հետ հարաբերվելու փորձ, բայց չէ՞ որ մի օր պետք է ի վերջո սկսել: Եվ ես հավատացնում եմ ձեզ՝ մենք արագ ենք սովորում… Եվ մենք այսօր ամենեւին էլ նույնը չենք, ինչ մեկ տարի առաջ:
Նույնը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններին: Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որեւէ ոտնձգություն մենք թույլ չենք տա եւ ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հռչակված սկբունքները նույնն են եւ ամրագրված են Հանրապետական կուսակցության ու ՀՀ նախագահի ծրագրերում: Այդ հիմնարար սկզբունքները եղել եւ մնում են մեր ուղենիշը: Այս սկզբունքներով է, որ մենք վարում ենք բանակցությունները: Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար պարզ է, որ հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, եւ դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ: Սակայն հակամարտության կարգավորման այսօրվա հանգրվանը ինձ հույս է ներշնչում, որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել: Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամեն ինչից բարձր դասող եւ վճռական՝ գործը մինչեւ վերջ հասցնելու հարցում: Միանշանակ է, որ հակամարտությունները երկարաժամկետ եւ կայուն լուծում են ստանում միայն այն դեպքերում, երբ հիմնված են արդարության ու խելամիտ փոխզիջումների վրա: Անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները: Մենք ի լուր աշխարհի հաստատապես հայտարարել ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է խարսխվի մարդու եւ Ղարաբաղի ժողովրդի՝ որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տեւական, իրականանալի եւ խաղաղ: Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել