Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Հայաստանի մարզերում օրը տարբեր կերպ է նշվելու:
Լոռու մարզի երրորդ քաղաքում՝ Ստեփանավանում կամփոփվեն տարաբնույթ մրցույթների՝ Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների, նկարչության, Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանի 20 դպրոցներում անցկացված «Հավասարություն նշանակում է լիարժեք կյանք» շարադրությունների, «Հաջողության պատմություն» գրական մրցույթների արդյունքները: Հաղթողները խրախուսական նվերներ կստանան: Շնորհալի հաշմանդամները հանդես կգան գեղարվեստական համարներով, կկազմակերպվի Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը նախատեսում է որոշ հաշմանդամների զբաղվածության ապահովման հարցը լուծել եւ առաջարկում է պարզեցնել սակավաշարժ, բայց հաշմանդամ չճանաչված անձանց անհրաժեշտ պարագաներ տրամադրելու կարգը: Հանձնաժողովը առաջարկում է մարզի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին օգնել թեքահարթակներ կառուցելու կամ նորոգելու հարցում: Լոռու մարզային գրադարանում առաջիկայում կյանքի կկոչվի կույրերի համար նախատեսված «Արեւ» ծրագիրը:
Արագածոտնի մարզում, ըստ մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, կա հաշմանդամություն ունեցող 431 երեխա, որից 116-ը ունի կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում: Քիչ չեն նաեւ սրտանոթային, շնչառական, մարսողական համակարգի, տեսողության, լսողության, հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող հիվանդները:
Արդեն լուծվել է երեխաների մի մասի կրթության հարցը. հատուկ պայմանների կարիք ունեցող 67 երեխա վկայագրվել է համապատասխան կրթական հաստատություններ: Լսողության, տեսողության, խոսքի խանգարումներով երեխաները սովորում են Երեւանի համապատասխան հատուկ մասնագիտացված դպրոցներում եւ Աշտարակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների դպրոցում: Այս ուսումնական տարում Աշտարակում բացվել է ներառական դպրոց, որտեղ կսովորի հատուկ պայմանների կարիք ունեցող 14 երեխա: Մարզպետարանում քննարկվում է հատուկ կարիքներով երեխաների կրթությունը տանը կազմակերպելու հարցը:
Թեեւ քաղաքաշինության մասին օրենքն ու ենթաօրենսդրական ակտերը պարտավորեցնում են նախագծողին եւ կառուցողին՝ թեքահարթակներ նախատեսել, սակայն վիճակը դեռ գոհացուցիչ չէ հատկապես մարզերում: Ըստ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի եւ Թալինի քաղաքապետերի, թեքահարթակներ ունեն հիմնականում մեծ առեւտրի կետերը:
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Արմավիրի մարզային հանձնաժողովն էլ հանդիպել է համայնքների հաշմանդամություն ունեցող, սակայն խումբ չստացած, երեխաների ընտանիքների հետ: Հայտնաբերվել է մտավոր խնդիրներով երեխա ունեցող հինգ ընտանիք, երեխաները կարգավիճակ են ստացել, ծնողներն էլ՝ նախնական խորհրդատվություն՝ երեխաների կրթությունը համապատասխան ուսումնական հաստատությունում կազմակերպելու վերաբերյալ:
Ներառական կրթությունը եւ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ երեխաների ինտեգրումը խթանելու նպատակով դպրոցականները եւ հաշմանդամ երեխաները հանգստացել են Ծաղկաձորում: Հաշմանդամները այցելել են նաեւ Ղարաբաղ, եղել տեղի վերականգնողական կենտրոնում: Առաջիկայում Հաշմանդամների միջազգային օրվա առիթով «Միջազգային օգնություն եւ զարգացում» ծրագրի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ նախատեսվում է այց Արեւմտյան Հայաստան՝ մարզի երիտասարդ հաշմանդամների մասնակցությամբ:
Արմավիրում էլ երկու հաշմանդամ է տեղավորվել աշխատանքի: Արմավիր քաղաքի երեխայի զարգացման վերականգնողական կենտրոնում 2009 թվականի ընթացքում վերականգնողական բուժում է ստացել 50 երեխա, 20-ը դուրս է գրվել, 32-ը՝ շարունակում է բուժումը:
Ինչպես ամենուր, Արմավիրում էլ թեքահարթակների քանակը դեռ շատ քիչ է: