Տավուշի մարզի Դեղձավան գյուղի 26-ամյա բնակիչ Ժիրայր Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին Բագրատաշենի մաքսակետում ձերբակալվել է: Նա այժմ գտնվում է Վանաձորի ժամանակավոր մեկուսարանում: Ժիրայրն այդ օրը իր կնոջը տարել էր նրա հայրական տուն՝ Ծալկա, իսկ վերադարձին Բագրատաշենի մաքսակետում անձնագրային ստուգում անցնելու ժամանակ վառվել էր կարմիր լույսը: Ժիրայրը նոյեմբերի 5-ին ձերբակալվել է վրացական իրավապահների պահանջով, ավելի քան մեկ տարի առաջվա գործով: Ժիրայր Հովհաննիսյանը Դեղձավանի գյուղապետ Ռոբերտ Հովհաննիսյանի որդին է:
2008 թվականի հունիսի 28-ին Վրաստանի տարածքում Դեղձավանի բնակիչներ, Դեղձավանի գյուղապետարանի հաշվապահ Յուրա Հովհաննիսյանը (գյուղապետի եղբոր որդին) եւ Դեղձավանի բնակիչ Սահակ Բալյանը ձերբակալվել էին, նրանց մեղադրում էին մաքսանենգ կերպով Հայաստան մեծ քանակի դեղորայք ներկրելու համար: Դեղձավանի գյուղապետի խոսքերով՝ իրականում մաքսանենգություն չի եղել, գործը «սարքովի» է: 2008-ի նոյեմբերի 28-ին վրացական դատարանի դատավճռով Յուրա Հովհաննիսյանը եւ Սահակ Բալյանը դատապարտվել էին 5000-ական լարի (մոտ 3000 դոլար) տուգանքի եւ 5 տարվա ազատազրկման: Դեղորայքը բռնագրավվել էր, Դեղձավանի բնակիչները տուգանքը մուծել էին եւ վեց ամիս վրացական բանտում անցկացնելուց հետո՝ ազատ արձակվել: Յուրա Հովհաննիսյանի վկայությամբ՝ այն ժամանակ վրացի իրավապահները իրենց ծեծել են եւ ստիպել ցուցմունք տալ, որ դեղորայքի մաքսանենգության կազմակերպիչը գյուղապետի որդին է՝ Ժիրայր Հովհաննիսյանը: Զարմանալի է, որ դեպքից միայն մեկ տարի անց՝ 2009 թվականի հունիսի 22-ին է Վրաստանի սահմանապահ ոստիկանության օպերատիվ քննչական բաժնի քննիչի պահանջով Թբիլիսիի դատավոր Խուջաձեն որոշել Ժիրայր Հովհաննիսյանին կալանավորել եւ հուլիսի 15-ին նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ժիրայրի հոր՝ Դեղձավանի գյուղապետ Ռոբերտ Հովհաննիսյանի վկայությամբ, վերջին մեկ տարում իր որդին բազում անգամ հատել է հայ-վրացական սահմանը, անձնագրում Վրաստան մուտքի վիզայի բազում գրանցումների պատճառով 3 անձնագիր է փոխել:
Հայտնի է, որ վրացի սահմանապահները սահմանախախտ բռնելու դեպքում պարգեւատրում են ստանում: Մեր տեղեկություններով, հենց այս պարգեւատրումն է պատճառը, որ վրացիները սահմանախախտի անվան տակ բռնում են հայկական սահմանամերձ գյուղերի բնակիչների: