Ովքեր հավատ ունեն՝ թող չվախենան օձերից ու կարիճներից
Մայր աթոռի զանգակատան մոտ հավաքված մի խումբ մարդկանց՝ զանգակատան նախշազարդ պատերին սեւեռված ու զարմացած հայացքներն իմ ուշադրությունն էլ գրավեցին: Հայացքս ուղղեցի նրանց մատնանշած կողմը՝ հայտնաբերելու զարմանքի պատճառը: Հպանցիկ հայացքը 10-15 մետր բարձրության վրա հազիվ թե տարբերեր նախշերը, սակայն փոքր-ինչ ուշադրությունը բավական է եւ զանգակատան ստորին հատվածում, սյունագլուխների վրա այցելուները «հայտնաբերում» են վիշապանման օձագլուխներով քանդակներ, որոնց՝ զանգակատան ճակատային մասում միանում են նաեւ գահավիժող աղավնիները:
Վիշապի եւ ընկնող աղավնիների քանդակների մասին հարցս անակնկալի բերեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան աբեղա Նավասարդյանին: Վերջինս չէր էլ նկատել դրանց դարավոր ներկայությունը տաճարի պատերին: Բայց հոգեւորականը արտառոց որեւէ բան չգտավ, որովհետեւ «Վիշապանման օձագուխները մեր եկեղեցու նվիրապետական աստիճաններն են, որոնցով ամբողջանում են նաեւ վարդապետական գավազանները: Դրանք աստվածային իմաստնության խորհուրդ ունեն, որ տրվում են ձեռնադրությամբ՝ որոշակի անհատներին»: Հարցրի, թե ի սկզբանե ինչո՞ւ է օձն ընտրվել որպես եկեղեցու նվիրապետական խորհրդանիշ, երբ այդ սողունի պատճառով մարդը վտարվեց դրախտից ու, բացի այդ՝ Ծննդոց գրքում էլ օձն է մարմնավորում չարին: Հոգեւորականն ասաց, որ Հիսուսն ինքն էր օձին խորագիտության իմաստ տալիս: «Քրիստոսն ասում է՝ աղավնիների նման միամիտ եղեք, օձերի պես խորագետ»,- հղում անելով Աստվածաշնչին, ասաց հոգեւորականը, իր կողմից էլ հորդորելով, որ խորագիտությունը խորամանկության հետ չշփոթենք. «Խորագիտությունը իմաստուն վարվելակերպն է»:
Անդրադառնալով մեկ այլ՝ Սուրբ Հոգու ու նաեւ՝ խաղաղության խորհուրդ ունեցող, սակայն անկման պահին փորագրած աղավնիներին, աբեղան ասաց. «Աղավնիները ոչ թե գահավիժման վիճակում են ներկայացված, այլ հավասարապես ընդելուզված են օձի հետ: Դրանք օձերի հետ միասին սուրբ գրային հիմք ունեն»:
Վարդան աբեղան չկիսեց այն մտահոգությունը, թե՝ տաճարին պատկերված վիշապագլուխները թյուրըմբռնման տեղիք կտան: Նրա համոզմամբ՝ երբ Հիսուսը խորագիտության օրինակ է տալիս, մենք դա վերածում ենք աստվածային իմաստնության: Մեջբերելով Հին կտակարանը, աբեղան ասաց, որ ովքեր հավատ ունեն՝ չեն վախենա անգամ օձերի ու կարիճների վրայով քայլել, որովհետեւ չեն խայթվի: