Երեկ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 27-ին ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմելու առթիվ հարուցվել է քրեական գործ: Դատապարտյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քրեական գործի նախաքննությունն իրականացվում է Հատուկ քննչական ծառայությունում: «Հաշվի առնելով քրեական գործի քննության գաղտնիությունը, որեւէ այլ տվյալ մեր նախաձեռնությամբ չի կարող ներկայացվել հրապարակման», հավելել է մամուլի քարտուղարը: Նշենք, որ ցմահ ազատազրկվածների «սխրանքը» մինչ այդ կրկնել էր ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող, «Թուրք Արշակ» մականունով հայտնի դատապարտյալը, որը մեղադրվել էր քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի դեմ մահափորձ կազմակերպելու գործով: Դատապարտյալները ապացուցեցին, որ ըստ էության խարխուլ են ԱԱԾ եւ «Նուբարաշեն» մեկուսարանների անվտանգության պատերը: Հակառակն ապացուցելու համար կարող են խոսել միայն նրանց «օժանդակողները»: «Առավոտի» տեղեկություններով, հրաժարականի դիմում է ներկայացրել «Նուբարաշենի» պետը՝ Արսեն Աֆրիկյանը, ով ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետի միակ թեկնածուն էր: