Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՅԼ ԶԼՄ-ՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌ ՉՏՎԵՑԻՆ»

Դեկտեմբեր 01,2009 00:00

\"\"Ասում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը

– Պարոն Պողոսյան, ըստ վիճակագրական տվյալների, այս տարի աճել է կատարողական վարույթների քանակը եւ բռնագանձված գումարների չափը: Ինչո՞վ է պայմանավորված:
– Այս տարվա 10 ամիսների ընթացքում ծառայությունը ստացել է շուրջ 39 հազար կատարողական թերթ՝ մոտ 22 մլրդ դրամի բռնագանձման պահանջով: Եթե դրան գումարենք նաեւ հայցերի ապահովման պահանջները, ապա կստանանք վարույթների աննախադեպ քանակ: Օրինակ, միայն անցած սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի քան 3,5 մլրդ դրամի հայցի ապահովում է կիրառվել: Իմ կարծիքով, այս իրավիճակը կապված է անհատների եւ կազմակերպությունների վճարունակության մակարդակի նվազման հետ: Այսինքն, եթե նախկինում պարտապանները պարտքեր էին կուտակում հիմնականում չարամտորեն, ապա հիմա մեծ մասամբ նրանք պարզապես անվճարունակ են կամ սնանկ:
– Գործերի քանակի ավելացումը արդյո՞ք չի ազդել դրանց վարման որակի վրա:
– Տեղին հարց է: Ոչ, չի ազդել: Ասեմ՝ ինչու: Դեռ 2008թ. մենք նախաձեռնեցինք ծառայության աշխատանքի ավտոմատացում: Նախկինում ունեինք գործերի վարման ուշացման խնդիր, ծավալի պատճառով աշխատակիցների մոտ խառնաշփոթ էր առաջանում, չկար հաշվետվությունների կենսունակ համակարգ: Այդ ամենը արդարացի դժգոհությունների առիթ էր տալիս: Խնդիր դրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ համակարգային լուծումներ գտնել, որպեսզի ավելանա ծառայության աշխատանքի արդյունավետությունը: Ծրագրի շրջանակներում ավտոմատացվեց ներքին փաստաթղթաշրջանառությունը եւ հաշվառումը, ինչը նպաստեց ժամանակի եւ միջոցների խնայմանը: Յուրաքանչյուր ծառայողի տրամադրվեց անհատական համակարգիչ, էապես հզորացվեց ծառայության ցանցային համակարգը: Բացի այդ, ծառայությունում ներդրվեց հարցումների ավտոմատ համակարգ: Դրա միջոցով հարկադիր կատարողները հնարավորություն ստացան արգելանք կիրառելու, բռնագանձում իրականացնելու, արգելանքից ազատելու նպատակով ավտոմատ կերպով հարցում ուղարկելու բոլոր առեւտրային բանկեր, դեպոզիտարիա, կադաստր, ռեգիստր, պետեկամուտների կոմիտե: Նախկինում այդ գործողությունը իրականացնում էր առանձնացված ստորաբաժանումը, եւ նշված մարմիններին հարցումներն ուղարկվում էին առանձին: Համակարգի ներդրման արդյունքում կրճատվեց ինչպես ժամանակի, այնպես էլ նյութական միջոցների ծախսը:
Որպես հետեւանք՝ կրկնապատկվեց կարճված եւ ավարտված վարույթների քանակը: 2009 թ. 1-ին կիսամյակում կատարողական վարույթների շարժը կազմել է շուրջ 43 հազար գործ՝ նախորդ կիսամյակի 31 հազարի փոխարեն: Արդյունքում հասանք նրան, որ նախկինից մնացած գործերի քանակը չի կազմում ընդհանուրի նույնիսկ 10%-ը, այն էլ դրանց հիմնական մասը կասեցված վարույթներն են: Այսինքն, քաղաքացիների մի շարք դժգոհություններ գրեթե վերացան:
– Այնուամենայնիվ, մնացին: Օրինակ, գործերի անհարկի ձգձգումը կամ վերջին դեպքերից մեկը, որը վերաբերում էր Ճանապարհային ոստիկանության օգտին գումարի կրկնակի գանձմանը:
– Միամտություն կլինի, եթե ուշացման դեպքերը բացառեմ: Սակայն դրանք կարող են պայմանավորված լինել կամ օրենսդրական պատճառներով, կամ աշխատակիցների թերացումներով: Առաջին մասով մենք նախապատրաստում ենք օրենսդրական փոփոխությունների փաթեթ, իսկ երկրորդ մասով շարունակում ենք իրականացնել կազմակերպչական եւ վերահսկողական միջոցառումներ՝ ուղղված այդ կարգի խնդիրների վերջնական վերացմանը: Ի վերջո, կարելի է տեսնել կամ չուզել տեսնել դրական տեղաշարժը, սակայն նշածս միտումներն առկա են եւ անշրջելի:
Ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության օգտին գումարի ձեր ակնարկած կրկնակի գանձմանը. եթե վարորդը, մուծելով տուգանքը, չի ներկայացնում մուծման անդորրագիրը ոստիկանություն, ապա վերջինս հնարավորություն չի ունենում մուծման փաստը հաստատել, դիմում է դատարան, ԴԱՀԿ ծառայությունը ստանում է կատարողական թերթ: Եթե ԴԱՀԿ-ում քաղաքացին չի կարողանում ապացուցել մուծման փաստը՝ ներկայացնել անդորրագիրը, բնականաբար ծառայությունը կատարում է դատարանի վճիռը՝ իրականացնում է բռնագանձում: Դրա համար խորհուրդ կտայի մեր քաղաքացիներին մուծման անդորրագրերը ներկայացնել ոստիկանություն:
– Պարոն Պողոսյան, «ՉԻ» թերթի պատմության hետ կապված արդյոք իրավաչա՞փ էր ԴԱՀԿ-ն, երբ արգելում էր ԶԼՄ-ի տպագրությունը եւ տարածումը:
– ԴԱՀԿ ծառայությունը կատարում է իր գործառույթը՝ իրականացնում է դատական որոշումները: Հիմա, թե կողմը ընդդիմադիր կամ իշխանամետ թերթ տպագրող ընկերություն է, թե մեծ գործարան, թե պետական հիմնարկ, թե անհատ քաղաքացի, հավատացեք, էական չէ: Նույն գործողությունները նույն տպարանի հայցերով ծառայությունն իրականացրել է նաեւ ընդդիմադիր թերթեր տպագրող այլ կազմակերպությունների նկատմամբ: Օրինակ՝ «Հայք» կամ «Հրապարակ» թերթերի: Սակայն ոչ ոք չփորձեց քաղաքական աստառ տալ իրենց հետ կատարվածին, այլ դատական փուլի ընթացքում պարտքերը ընդունեց, եւ ամեն ինչ հարթվեց: Հետեւությունները ինքներդ արեք:
– Երբ հարկադիր աճուրդը փոխվեց էլեկտրոնայինի, «Առավոտը» թերահավատություն հայտնեց դրա կենսունակության վերաբերյալ: Այն արդարացրե՞ց իրեն անցած ժամանակահատվածում:
– Ամբողջությամբ: Ստեղծման պահից էլեկտրոնային աճուրդում հայտնվել է մոտ 120 հազար լոտ: Բոլորը իրականացվել են մարդու նվազագույն միջամտությամբ: Այսինքն, տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ կոռուպցիոն ռիսկերն այստեղ բացառված են, իսկ աճուրդի ընթացքը պարզ է եւ թափանցիկ: Շատ կցանկանայի, որ նման համակարգեր հնարավորինս ներդրվեին պետական հիմնարկներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել